Ա. Լոպուխին
15-18. Քանանը ծնունդ տվեց Սիդոնին՝ իր անդրանիկ որդուն, նաև Քետացիներին,[15]Հեբուսացիներին, Ամորհացիներին, Գերգեսացիներին, Խևացիներին, Արվակացիներին, Ամինացիներին, Արադիոնացիներին, Սեմարիտացիներին և Ամաթացիներին: Դրանից հետո սփռվեցին Քանանացիների ցեղերը: (Սինոդական թարգ․)
Այս չորս համարներում թվարկված են քանանացիների գլխավոր ցեղերը, որ բնակվում էին Սիրիայում և Պաղեստինում, նախքան վերջինիս նվաճումը Հեսու Նավեի կողմից: Այստեղ իբրև Քանանի առաջնեկի` ոչ այնքան ծագումով, որքան նշանակությամբ, նշված են Սիդոնի բնակիչները, ծովային այն հարուստ քաղաքի, որ Տյուրոսի հետ միասին Փյունիկիայի երբեմնի մայրաքաղաքն էր (Գ Թագ. 5:6, Ա Մնաց. 22:4, Ես. 23:2, 4, 12, Եզ. 27:8):
Քետ... նահապետն է եղել քետացիների (Ծննդ. 23:3, 5), սիրիական այն հզոր ազգության, որը մինչևիսկ Եգիպտոսի վաղեմի սարսափն է եղել, և որն իրենից հետո բարձր մշակույթի և հարուստ գրականության հետքեր է թողել` առ այսօր գիտնականների կողմից գրեթե չվերծանված (Քետական գրեր):
Հեբուսացիներ…ապրում էին Երուսաղեմի լեռներում մինչև Դավթի օրերը և Դավիթը հպատակեցրեց սրանց (Նավ. 15:8, Դատ. 19:10, 2 Թագ. 5:6 -7, Ա Մնաց. 11:4-5):
Ամորհացիներ... քանանացիների ուժեղագույն ցեղերից մեկն էր, որ երկու հզոր թագավորություն ուներ` Եսեբոնը և Բասանը` Հորդանանից դեպի արևելք (Թվոց, 21:26):
Գերգեսացիներ… հայտնի են միայն իրենց անվանումով` որպես հրեաների դեմ պատերազմողներ, Հորդանանի արևմտյան կողմում (Նավե, 24:11):
Խևացիներ ...կամ, ըստ սուրբ Ֆիլարետի, խիվացիներ, հիշատակվում են դեռ Նավեի 24:11, 9:1, 7-ում, Դատավորաց 3:3-ում, զբաղեցնում էին Լիբանանի լեռնաստորոտները:
Արվակացիներին (Արկեցիներ կամ արքեր)... հավանական է որ Արք քաղաքի բնակիչներն են, որ գտնվելիս է եղել այժմյան Թել Արքի մոտ գտնվող այժմյան ավերակների տեղանքում, հենց Լիբանանի լեռնաստորոտում:
(Ամինացիներին) Սենեցիներ կամ սեներ ... նախորդին հարևան մի ժողովուրդ որ բնակվում էր համանուն ամրոցի մոտակայքում:
Արադիոնացիներին (Արվադացիներ) ...Ապրում էին Արվադում կամ Ռուադում (Հովսեփ Փլաբիուս), այն է` մեր ժամանակի Բարեյնի կղզիներում, ինչպես Լանորմանն է կարծում. հետագայում նրանք կազմում են Փյունիկիայի բնակչության կորիզը և սրանց փոխանցում ծովագնացության և առևտրի հանդեպ ունեցած իրենց կիրքը:
Սեմարիտացիների, Ամաթացիներ ...Շատ քիչ հայտնի երկու ազգատոհմեր և ենթադրում են, որ առաջիններն իրենց անունն են տվել Սեմրիին` հյուսիսային Փյունիկիայի այդ քաղաքին, որի փլատակները ցայսօր հայտնի են Սումրա անվանումով: Ճիշտ այս ձևով էլ Ամաթացիներ անվանումը ամենայն հավանականությամբ փոխանցվել է Համանի Ռաբա քաղաքին, որ փռված է Օրոնտի ավազանում, Դամասկոսի մոտակայքում: Հույների մեջ այն անվանվում էր Եպիփանիա, նոր ժամանակներում հայտնի էՀամա հնագույն անվանումով:
Դրանից հետո սփռվեցին Քանանացիների ցեղերը… փոխներթափանցման, միաձուլման, նվաճումների, միմյանց հաջորդող վերաբնակությունների հետևանքով նրանք բազմիցս փոխել են իրենց աշխարահագրական դիրքն ու սահմանները, ինչի պատճառով ոչ միայն ծայրահեղ դժվար, այլև այս դեպքում անհնար է սպառիչ ձևով որոշել սրանց բնակության վայրը:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Քանանը ծնունդ տուեց Սիդոնին՝ իր անդրանիկ որդուն, քետացիներին,
(Արարատ թարգ․) Եվ Քանանը ծնեց իր անդրանիկ որդուն՝ Սիդոնին, նաև` Քետին,
(Գրաբար) Եւ Քանան ծնաւ զՍիդոն զանդրանիկ իւր, և զՔետացին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: