Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:16

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Ահա Ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Արդ խորագե՛տ (իմաստուն) եղեք, ինչպես օձերը, և միամիտ (պարզ), ինչպես աղավնիները»։
   
    Այնուհետև, որպեսզի Իր ունկնդիրները հասկանան, որ [այժմ] կա մարտնչելու նոր օրենք և պայքարի անսովոր մի եղանակ, Հիսուս, առաքյալներին [գրեթե] մերկ վիճակում առաքելության ուղարկելով, նրանց թույլատրելով միայն վերարկու ունենալ, լինել ոտաբոբիկ, առանց գավազանի, առանց գոտու և առանց պարկի, ու հրամայելով սնունդ ստանալ նրանցից, ովքեր ընդունում են իրենց, այդքանով էլ չի ավարտում Իր խոսքը, այլ, ցույց տալով Իր անասելի զորությունը, ասում է. «Այսպե՛ս պետք է գնաք [քարոզելու]. գառան հեզությո՛ւն ցուցաբերեք, չնայած որ ձեզ վիճակված է գնալ գայլերի մոտ, և ոչ միայն գայլերի մոտ, այլև գայլերի մեջ»:

    … Տեսնո՞ւմ ես զորությունը: Տեսնո՞ւմ ես իշխանությունը: Տեսնո՞ւմ ես անհաղթելի ուժը: Հիսուսի խոսքերն այս իմաստն ունեն. «Մի՛ խռովվեք այն պատճառով, - կարծես ասում է Նա, - որ Ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ, և հրամայում եմ, որ դուք լինեք աղավնիների նման: Ես կարող էի այլ կերպ վարվել. Ես կարող էի թույլ չտալ, որ դուք որևէ չարիք կրեք և կարող էի ձեզ չմատնել որպես ոչխարներ՝ գայլերի ձեռքը. Ես կարող էի ձեզ առյուծներից էլ ավելի սարսափելի դարձնել: Բայց ավելի լավ է, որ այսպես լինի. սա ձեզ առավել մեծ փառք է բերում և հայտնում է Իմ զորությունը»:

    Քրիստոս այսպես խոսեց նաև Պողոսի հետ. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում» (Բ Կորնթ. 12:9): Այսպիսին է Իմ կամքը ձեր առնչությամբ: Եվ այսպես, երբ Տերն ասում էր. «Ահա Ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ», Իր այդ խոսքով նրանց հասկացնում էր. «Մի՛ ընկճվեք, Ես գիտեմ, Ինձ լիովին հայտնի է, որ դուք, հատկապես այսպես վարվելով, որևէ մեկից չեք հաղթվի»: Ավելին, որպեսզի առաքյալներն իրենք էլ ինչ-որ չափով նպաստեին, որպեսզի ամեն ինչ չթվար միայն շնորհի գործ, և որպեսզի նրանք չմտածեին, թե պսակներ են ստանում առանց որևէ արժանիքի, ուստի Հիսուս ասում է. «Խորագե՛տ (իմաստուն) եղեք, ինչպես օձերը, և միամիտ (պարզ), ինչպես աղավնիները»:

    Բայց ոմանք կհարցնեն, թե արդյո՞ք մեր իմաստությունը կարող է որևէ կերպ օգնել մեզ նման վտանգների մեջ: Եվ հնարավո՞ր է որևէ իմաստություն ունենալ, երբ մեզ վրա այդպիսի ալիքներ են բարձրանում: Որքան էլ խելացի լինի ոչխարը, բայց ի՞նչ կարող է նա անել գայլերի մեջ, ընդ որում՝ այդքան շատ գայլերի մեջ: Որքան էլ անբիծ լինի աղավնին, բայց նա ի՞նչ կարող է անել այդքան շատ բազեների հարձակման ժամանակ: Խոսելու ունակություն չունեցող արարածների համար սա ոչ մի օգուտ չունի, մինչդեռ ձեզ համար այն մեծագույն օգուտ է բերում: Բայց եկեք տեսնենք, թե ինչպիսի իմաստություն է պահանջվում այստեղ․ օձի՛ իմաստություն: Ինչպես օձն ինքն իրեն բնավ չի խնայում և, երբ նրա մարմինը կտոր-կտոր են անում, նա մեծ ուժերով չի պաշտպանվում, այլ ձգտում է միայն անվնաս պահել գլուխը, այնպես էլ դու, - ասում է Քրիստոս, - ամեն ինչ տուր՝ և՛ ունեցվածք, և՛ մարմին, և՛ նույնիսկ հոգի՝ բացի հավատից:

    Հավատը գլուխը և արմատն է. եթե դու պահպանես այն, ապա, եթե անգամ ամեն բան կորցնես էլ, կրկին ամեն ինչ կստանաս ավելի մեծ փառքով: Ահա թե ինչու Տերն Իր աշակերտներին հրամայում է լինել ոչ միայն պարզ և անբիծ ու ոչ միայն իմաստուն, այլև միավորում է այս երկու հատկանիշները, որպեսզի երկուսի համագումարից կազմվի առաքինությունը։ Քրիստոս պահանջում էր օձի իմաստություն՝ ամենավտանգավոր հարվածներից խուսափելու համար, և աղավնու անբծություն՝ վրեժխնդրությունից և հաշվեհարդար պահանջելուց խուսափելու համար, քանի որ իմաստությունն առանց անբծության ոչ մի օգուտ չունի:

    Ի՞նչը կարող է ավելի խիստ լինել այս պատվիրաններից: Միայն չարչարանքներ կրելը բավարար չէ. «Ոչ և ոչ, - ասում է Հիսուս, - «Ես ձեզ թույլ չեմ տալիս նույնիսկ բարկանա՛լ նշյալ պայմաններում (հենց սա է նշանակում լինել աղավնի)»:

     «Ահա Ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Արդ խորագե՛տ (իմաստուն) եղեք, ինչպես օձերը, և միամիտ (պարզ), ինչպես աղավնիները» - Իրոք որ, երբ հոգին լավ վիճակում է, ապա մնացած ամեն ինչ ինքնըստինքյան հաջողվում է։ Իսկ երբ հոգին լավ վիճակում չէ, ապա որևէ այլ բարօրություն մեզ ոչ մի օգուտ չի բերում: Ուստի մենք պետք է և՛ գործենք, և՛ խոսենք այնպես, որ հոգին փրկության արժանանա: Դա է մատնանշում նաև Քրիստոս, երբ ասում է. «խորագե՛տ (իմաստուն) եղեք, ինչպես օձերը»: Ինչպես որ օձը մարտի է դուրս բերում իր ամբողջ մարմինը, որպեսզի միայն գլուխը փրկի, այնպես էլ դու պետք է մի կողմ թողնես ամեն ինչ՝ հոգու փրկության համար: Ո՛չ աղքատությունը, ո՛չ հիվանդությունը, ո՛չ էլ բոլոր աղետներից ամենագլխավորը՝ մահը, չեն կարող վնասել այդ պատուհասներին ենթարկվածներին, երբ հոգին փրկված է։ Նույնպես նաև հենց բուն կյանքից էլ ոչ մի բարիք չես ստանա, երբ հոգին ապականված ու կորսված է:

    «Ահա Ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Արդ խորագե՛տ (իմաստուն) եղեք, ինչպես օձերը, և միամիտ (պարզ), ինչպես աղավնիները» - Նրանք (Քրիստոսի առաքյալներն ու աշակերտները) շրջեցին ամբողջ տիեզերքով մեկ՝ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ: Ո՞վ տեսավ, ո՞վ լսեց նման բան: Տերն ասում է. «Ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ»: Ո՞ր հովիվն է Իր ուղարկում ոչխարներին «գայլերի մեջ»: Ընդհակառակը, երբ հովիվը տեսնում է գայլին, իր շուրջն է հավաքում ոչխարներին: Քրիստոս, սակայն, դրա հակառակն արեց. Իր ոչխարներին ուղարկեց գայլերի մոտ, և ոչխարները չբռնվեցին վայրի գազանների կողմից, այլ գայլերն իրե՛նք դարձան հեզ՝ ինչպես ոչխարներ: Եվ որպեսզի առաքյալները չասեին. «Մենք ոչխարներ ենք, իսկ Դու մեզ ուղարկում ես գայլերին կեր դառնալու և վայրի գազաններին սնունդ լինելու համար», Հիսուս Իր մեկ խոսքով ի չիք դարձրեց նրանց այդօրինակ մտածումը: Քրիստոս չասաց միայն՝ «գնացե՛ք», որովհետև Իր աշակերտներին առաքելության ուղարկելով՝ Նա որպես շարժիչ ուժ չէր դիտարկում նրանց սեփական զորությունը։ Ահա թե ինչու Հիսուս ասաց. «Ահա Ես ձեզ ուղարկում եմ»: Թեև դուք տկար եք, սակայն զորավոր է ձեզ Ուղարկողը: Իսկ Ո՞վ է այդ Ուղարկողը․ «Ե՛ս եմ, - ասում է Քրիստոս, - Նա՛, Ով հաստատեց երկինքը, գցեց երկրի հիմքերը, գոյացրեց ծովը, Ես Ի՛նքս, որ խաչափայտին գամեցի ձեր դեմ ուղղված հանցավորագիրը, չեղարկեցի հին օրենքը և ձեզ վերադարձրի ձեր հին (նախկին) հայրենիքը...Նա՛, Ով պարտության է մատնում հզորին և զորացնում է տկարին: Ի՞նչն է ավելի հզոր, քան ծովը: Եվ, այնուամենայնիվ, մանր ավազը զսպում է ծովի ահռելի զորությունը: «Ահա Ես ձեզ ուղարկում եմ ինչպես ոչխարներ՝ գայլերի մեջ․․․»:
   
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ: Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման:
   
    Ահա Ես ուղարկում եմ ձեզ որպես ոչխարներ գայլերի մեջ:
Երբ կարևոր բաների մեջ նրանց վստահ դարձրեց, օժտեց հրաշքներ գործելու կարողությամբ և ասես ադամանդյա դարձրեց նրանց, այժմ էլ նրանց ներկայացնում է [սպասվելիք] չարչարանքներն ու պատերազմները և ցույց տալիս, որ կռվի եղանակը նոր է, որովհետև մերկ ու առանց շատ զենքերի՝ գիշատիչ գայլեր էին վանելու: Եվ ոչ միայն վանելու եք ու նրանցից անվնաս մնալու, [ասում է], այլև նրանց էլ եք զգաստացնելու, որը մեծ զարմանք ու անպատմելի մխիթարություն է, քանի որ բազմաթիվ գայլերի մեջ տասներկու մարդ էր շրջելու և նրանց հարուցած վտանգներից չէր վախենալու: Սրանով [Տերը] երեք բան է հայտնում: Նախ՝ Իր զորությունն է ցույց տալիս, թե՝ «Սակավաթիվ ոչխարներիդ կարո՛ղ եմ պահպանել այդքան գայլերի մեջ», ուստիև ասում է. «Ե՛ս եմ ուղարկում»: Երկրորդ՝ դժվարությունները նախապես ներկայացնելով՝ զգուշացնում է, որպեսզի չկարծեն, թե կյանքը հաճելի [ընթացք] է, իսկ հետո դժվարությունների հանդիպելով՝ տրտմեն: Երրորդ՝ աշակերտներին հեզություն է սովորեցնում, որպեսզի երբ գայլերը, ասում է, զինվեն, զորք չկազմեք ու հեծյալներ չհավաքեք, այլ գառների նման՝ միայն զգոնությամբ հաղթեք, այսինքն՝ մեռնեք և չարչարողներին [այդպես] գերազանցեք:

    Այսուհետև օձի պես խորագետ և աղավնու պես միամի՛տ եղեք:

    Քարոզության ուղարկելով՝ [Տերն] այսպիսի հրաման է տալիս, որպեսզի «ոչխար» կոչվելու պատճառով անմտությամբ չշրջեն, այլ մեծ իմաստությամբ ճարտար լինեն՝ համոզելու լսողներին: Նաև որպեսզի հուսահատվելով չասեն, թե որ այդքան ալիքներ են մեր շուրջ ծփալու, ինչպե՞ս կկարողանանք զգաստ լինել կամ այդքան չարչարանքներին դիմադրել, քանի որ խորագիտությունն ի՞նչ կարող է անել բազմաթիվ գայլերի մեջ, կամ աղավնու բարձրաթռչությունը՝ այդքան արագաշարժ բազեների մեջ, ասում է՝ կենդանիները ոչինչ [չեն կարող անել], բայց դուք, եթե կամենաք, կարո՛ղ եք և շատ բաներ կանեք: Որովհետև ձեզ օձ կամ աղավնի չեմ դարձնում, այլ իբրև՛ օձ ու աղավնի, որպեսզի թողնելով օձի նենգությունը՝ նրա իմաստությունը վերցնեք և մերժելով աղավնու անմտությունը՝ պարզամտությունն ընդունեք, որոնց զուգակցումից գոյանում է մի գեղեցիկ առաքինություն, որով շատերին կարող եք հաղթել:

    Նաև [սովորեցնում է] խոհեմությամբ ու հնարամտությամբ ուսուցանել լսողներին, որովհետև ինչպես որ [հնում] օձն ընտրեց դյուրահավատ անձի և գեղեցիկ ու կակուղ խոսքերով հեռացրեց Եվային Աստծուց ու մեղքի մեջ գցեց, այդպես էլ դուք դատաստանի խոսքն ըստ անձի, ժամանակի ու տեղի կազմեք և մարդկանց վերստին Աստծո մոտ բերեք: Եվ իբրև միամիտ աղավնի՝ մի՛ հոգնեք մերժողների վնասներից և բարի գործերից խույս մի՛ տվեք, այլ միամտությամբ սպասավորե՛ք և խանգարողների չարությունը ոչի՛նչ համարեք՝ նրանցից վրեժ չառնելով կամ նրանց հանդեպ ոխ չպահելով: Ինչպես առաքյալն է խրատում. «Բարիք գործելուց մի՛ ձանձրացեք» (Բ Թես. 3:13), և թե՝ «Բարությա՛մբ հաղթիր չարին» (Հռոմ. 12:21):

    Այլև՝ օձին հատուկ է իր ամբողջ մարմինը կտոր-կտոր անել, բայց գլուխը զգուշությամբ պահպանել. այդպես էլ դուք ձեր ինչքը, ունեցվածքը, նույնիսկ մարմինը կորստյան մատնեք, բայց գլուխը, որն Իմ հանդեպ հավատն է՝ ամեն բարի գործի արմատը, առո՛ղջ պահեք՝ աղավնու պես միամիտ լինելով Իմ հանդեպ: Նաև ինչպես որ օձն է հին կաշին փոխելով նորանում, այդպես էլ դուք մարդկանց սովորեցրեք Ադամի հին մեղքերից մերկանալ, Տիրոջ տարեկանի ընդունմամբ  1, Ավազանով մկրտությամբ ու շնորհի նորոգությամբ պայծառանալ, ինչը Հոգին, աղավնու նմանությամբ, իր հովանու տակ է պահում: Նաև խորագետ եղեք օձաբարո օտարների և պարզամիտ՝ անմեղ ու միամիտ աղավնիների հանդեպ, ինչպես վարվում էր Պողոս առաքյալը. «Խորագետ էի և խելքով [գրավեցի ձեզ]» (Բ Կոր. 12:16), և՝ «Իբրև ի Քրիստոս մանուկների՝ կաթ տվեցի ձեզ» (Ա Կոր. 3:2):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ: Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:5