Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:42

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Որովհետև նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնում»։
   
    «Եվ ով այս փոքրիկներից որևէ մեկին որպես Իմ աշակերտի թեկուզ մեկ բաժակ սառը ջուր տա խմելու, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի»։

    Իսկ եթե միայն մեկ բաժակ սառը ջուր տաս, ինչը ոչ մի ծախս չի պահանջում, ապա նույնիսկ դրա համար էլ քեզ պարգև է սահմանված. ձեզ համար, որ ընդունում եք՝ Ես ամեն ինչ կանեմ։
Տեսնո՞ւմ ես, թե համոզման ինչպիսի եղանակներ կիրառեց Քրիստոս և ինչպես Իր աշակերտների առաջ բացեց ամբողջ աշխարհով մեկ մարդկանց տներ մտնելու դուռը։ Իր ամբողջ քարոզությամբ Հիսուս ցույց տվեց, որ մարդիկ նրանց (Իր աշակերտների) պարտապաններն են։ Նախևառաջ՝ ասաց. «Մշակն արժանի է իրեն տրվելիք կերակուրին» (Մատթ. 10:10), երկրորդ՝ նրանց քարոզելու ուղարկեց առանց որևէ բանի, երրորդ՝ նրանց թշնամության և պատերազմների մատնեց հանու Իրեն ընդունողների, չորրորդ՝ նրանց զորություն տվեց հրաշքներ գործելու, հինգերորդ՝ շնորհեց ուժ՝ իրենց ընդունողների տների վրա Իր խոսքի զորությամբ պարգևելու խաղաղություն՝ աղբյուրը բոլոր բարիքների, վեցերորդ՝ նրանց չընդունողներին սպառնաց սոդոմյան պատժից էլ առավել դաժան պատժով, յոթերորդ՝ ցույց տվեց, որ իրենց ընդունողներն իրականում Իրեն և Հորն են ընդունում, ութերորդ՝ իրենց ընդունելու համար խոստացավ մարգարեի և արդարի պարգևը, իններորդ՝ նույնիսկ մեկ բաժակ սառը ջրի համար մեծագույն պարգև սահմանեց։
    Այդ պատճառներից յուրաքանչյուրն առանձնաբար ինքնին բավական էր մարդկանց համոզելու համար։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կը տայ խմելու իբրեւ աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
   
    Եվ ով այս փոքրիկներից մեկին մի բաժակ սառը ջուր խմեցնի միայն հանուն աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի:
    Տես, որ այս ամենը աշակերտներին ընդունողների համար է անում, որովհետև ոչ միայն մեծամեծ բաների մասին է խոսում, այլև հույժ փոքրերի, քանի որ ի՞նչն է ավելի փոքր, քան բաժակով ջուրը, որ ծախս չի պահանջում: Բայց նույնիսկ դրա դիմաց վարձ կստանա, միայն թե անի [Աստծո] փառքի և հանուն Տիրոջ աշակերտի, [այսինքն՝ որ նա, ում համար դա անում է], քրիստոնյա է և Տիրոջ ծառա: Սա թեպետ մարդկանց աչքին փոքր է երևում, սակայն [այն կատարողը] փոխարենը բազմապատիկը կստանա՝ հարուստի ծարավից  (Ղուկ. 16։19-24) զերծ կմնա և կլցվի Հոգու շնորհներով:

    Իսկ այլաբանորեն՝ երբ մեկը տեսնում է ծարավ հոգիներ՝ կարոտ առաքինության ու ճշմարիտ գիտության, և ըստ ընդունողների տարողության չափի խմեցնում է վարդապետության խոսքով, մեծամեծ վարձ կստանա: Այն, որի մասին ասաց Երեմիան. «Եթե պատվականը զատես անարգից, Իմ բերանը կկոչվես» (Երեմ. 15։19): Որովհետև «սառը ջուր»-ը ճշմարիտ ուսմունքն է խորհրդանշում: Եվ մեկ բաժակ է ասվում և ոչ թե երկու կամ երեք, որովհետև թեպետ քարոզության եղանակները տարբեր են, սակայն միևնույն Հոգու շնորհից են բխում՝ ըստ առաքյալի  (Ա Կոր. 12։4):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կը տայ խմելու իբրեւ աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17