Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 11:26

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Այո՛, Հա՛յր, որովհետև այդպես հաճելի եղավ Քեզ»։
   

    Այնուհետև Քրիստոս Իր այս խոսքերով ցույց է տալիս և՛ Իր սկզբնական կամքը, և՛ Հոր կամքը։ Իր կամքը՝ երբ շնորհակալ է լինում և ուրախանում կատարվածի համար, Հոր կամքը՝ երբ ցույց է տալիս, որ Հայրը դա արել է ոչ թե ընդառաջելով Իր աղաչանքին, այլ որովհետև Ինքն Իրենով այդպես է կամեցել։ «Որովհետև այդպես հաճելի եղավ Քեզ» (Մատթ. 11:26), այսինքն՝ դա էր Քեզ համար ընդունելի։

    Իսկ ինչո՞ւ թաքցրեց նրանցից։ Լսի՛ր, թե այդ մասին ինչ է ասում Պողոսը. «Իրենց արդարությունը հաստատել ուզելով՝ Աստծու արդարությանը չհնազանդվեցին» (Հռոմ. 10:3

    Ուրեմն մտածի՛ր, թե ինչպիսի՜ն պետք է լինեին աշակերտները՝ լսելով սա՝ այն դեպքում, երբ նրանք իմացան այն, ինչ իմաստունները չգիտեին, և դա իմացան Աստծու բացահայտմամբ՝ դեռևս մանուկ լինելով։

    Ղուկասը պատմում է, որ Հիսուս ուրախացավ և ասաց այդ խոսքերը հենց այն ժամանակ, երբ յոթանասուն աշակերտները եկան և պատմում էին, որ դևերը հնազանդվում են իրենց (տե՛ս Ղուկ. 10:17-21)։ Այդ իսկ էր Փրկչի աշակերտներին դարձնում ոչ միայն ավելի եռանդուն, այլև ավելի խոնարհ։ Քանի որ նրանք հեշտությամբ կարող էին ամբարտավանության մեջ ընկնել՝ դևեր հանելու պատճառով, ուստի Հիսուս հենց այդ կետում էլ նրանց խոնարհեցնում է՝ ցույց տալով, որ դևերի նկատմամբ իրենց հաղթանակները ոչ թե իրենց ջանքի արդյունքն էին, այլ Աստծու կողմից իրենց բացահայտված զորության շնորհը։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ:
   
    Այո՛, Հայր, որովհետև այսպե՛ս հաճելի եղավ Քեզ:

    Սա ասես թախանձանքով է ասում, թե՝ հենց սա՛ է Քո կամքը, որ իմաստուններից ծածկեցիր և անմեղներին հայտնեցիր, որպեսզի մարդիկ պարծենան ոչ թե իրենց իմաստությամբ, այլ Քո՝ Հորդ զորությամբ: Նաև՝ ինչ որ Դու կամեցար, Ես այն գործով կատարեցի, ինչով առավել է քարոզվում [Մեր] միությունը, ճշմարիտ Միածին Որդու ճշմարի՛տ Հայր:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:25