Ծննդոց գրքի մեկնություն 12:1

Սրբ. Եփրեմ Ասորի

Աստուած ասաց Աբրամին. «Հեռացի՛ր քո երկրից, քո ցեղից ու քո հօր տնից եւ գնա՛ այն երկիրը, որ ցոյց կտամ քեզ: 
   

   Տերն ասաց Աբրահամին. «Հեռացիր քո երկրից, քո ցեղից և քո հոր տնից... (12:4) Եւ Աբրամը գնաց, ինչպես ասել էր նրան Տեր Աստված, իր հետ վերցնելով նաև Ղովտին», քանզի հավատաց նրա պատգամին: Եւ զոհասեղան կառուցեց Քանանի երկրում, որպեսզի սրբության երկրպագությունը սովորեցնի տեղաբնակներին իրենց երկրում, քանզի Աստված խոստացավ տալ այդ երկիրն իր ժառանգներին: (12:8) «Եւ այնտեղ, - ասում է, - կանչեց Տեր Աստծո անունը»:

   Եւ մեծ սով եղավ այդ երկրում և Աբրահամն իր կնոջ՝ Սարայի հետ, գնաց եգիպտացիների երկիրը: Նա նրան ասաց, որ ասի, թե նա իր քույրն է և նա ասաց այնպես, ինչպես պատվիրվեց իրեն: Իսկ ինչո՞ւ փարավոնը հարվածների ենթարկվեց նրան կին առնելու պատճառով, քանի որ չգիտեր, թե նա Աբրահամի կինն է: Որովհետև փարավոնի մոլեգին բարկության պատճառով Աբրահամը ստիպված եղավ ստել նրան: Աստված ցանկացավ փորձության ենթարկել նաև Սարային, ինչպես փորձեց Աբրամին զրկանքների միջոցով, երբ նա զրկվեց այն ջրհորներից, որ փորել էր ավետյաց երկրում ու չտրտնջաց, թեպետ և նեղվել էր: Սարային նույնպես թույլ տրվեց փորձության ենթարկվել կանացի գործերում, ինչպես Աբրահամին՝ տղամարդկանց գործերում: Փորձության ենթարկվեց նա ու չտրտնջաց Աստծո առջև, որ նման փարձության ենթարկեց իրեն, այնժամ նրան հարվածեց ստույգ հարվածներով, որովհետև իր ցանկության ետևից գնաց չարախոսությամբ, քանզի նրա նեղությունները նշան էին այն բանի, թե ինչի միջով են անցնելու իր զավակները. Եգիպտոսի վրա եկած հարվածները եղան Սարայի փրկության պատճառ և նշան այն հարվածների ու փրկության, որ լինելու էին Մովսեսի ձեռքով:

   Արդ, Սարան թշնամացավ Եգիպտոսի հանդեպ՝ դրանով իր որդիներին ուսուցանելով այդ խորհուրդը, և այնտեղից բազում ունեցվածքով ելնելը նույնպես իր որդիների փրկության խորհուրդն ուներ, որ ճաշակեցին հայրերը, ինչն արժանի էր երկուստեք փորձության: Թշնամանքի հետևանքով եղած անարգանքի վարձը փարավոնը հատուցել տվեց նրանց մոր միջոցով և նմանապես իրենց անարգվելու վարձքը վաստակեց նրանց սերունդը՝ նմանվելով իրենց (Աբրահամին և Սարային): Նրանց մոր համար բաղձալի չեղան ո՛չ փարավոնի անկողինը և ո՛չ էլ եգիպտացիների հաճույքները, այդպես վարվեցին նաև նրա որդիները՝ նմանվելով իրեն: Դարձյալ ասում են, թե Սարան եկեղեցու խորհուրդն ունի, քանզի պղծվեց ամեն կերպ և հետո նորից իր ճշմարիտ ամուսնու մոտ վերադարձավ: Բայց բոլոր ազգերի ժողովուրդներին նա [Իսրայելը] իր մոտ հավաքեց և իր առաջին պոռնկությանը դարձավ: Մեկն ապահարզանի թուղթ առավ և գնաց, մյուսը նույնպես գրեց խորտակված տախտակների վրա՝ նրա նմանությամբ և սա էլ իր սրտի ձեռքերի վրա գրեց:

   Արդ, թշնամացավ Սարան, որպեսզի Աբրահամն առաքինանա այն բանի համար, որ Սարան չպղծվեց և չտրտնջաց, մինչդեռ այլ կանայք, որ պղծվում են իրենց հոժար կամքով, տրտնջում են: Աբրահամն առավ տարավ Սարայի որդուն և Սարան ուրախ եղավ, իսկ անմիտ կանայք ճչում են, երբ Աստված տանում է նրանց որդիներին: Սարան իր գաղթական ամուսնուն չփոխանակեց թագավորի հետ, բայց նրանք Քրիստոսին փոխանակում են մի հիմարի հետ: Իսկ նրանք, ովքեր պարսավում են երկուսին էլ, Սարայից պիտի դատապարտվեն, որ բոլորին հաղթեց: Բայց նորից ենթադրում են, թե Սարան կարծում էր, որ Աբրահամն է ամուլ և ոչ թե ինքը, այդ պատճառով էլ թույլ տվեց, որ փարավոնն առնի իրեն, քանզի հավանում էր իրեն:
   

Ա. Լոպուխին

1-2. Աստված ասաց Աբրամին. «Ելի՛ր դու քո երկրից, քո ազգականներից ու քո հոր տնից և գնա՛ այն երկիրը, որ ցույց կտամ քեզ: [1] Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես: (Սինոդական թարգ․)

   
   Այս գլխով սկսվում է աստվածընտիր հրեա ժողովրդի առանձնահատուկ պատմությունը, որը բացվում է հրեաների նախահոր՝ Աբրամի բավական մանրամասն կենսագրությամբ: Նրա մասին սուրբգրային ամբողջ պատումը բաժանվում է չորս մասի կամ փուլի, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնանում է Աբրամին տրված կարևոր աստվածհայտնություններից մեկի վրա և որոնց մասին պատմվում է Ծննդոց գրքի 12, 15, 17 և 22 -րդ  գլուխներում:

   Աստված ասաց Աբրամին… Այստեղ մեկնիչներն ուշադրություն են դարձնում Աստծո անվան վրա, որին բնորոշելու համար օգտագործված է ոչ թե Էլոհիմ, ինչպես մինչ այդ հանդիպած դեպքերի մեծամասնության պարագայում, այլ՝ Յահվե բառը: Այս տարբերության մեջ նրանք տեսնում են Ծննդոցի հեղինակի իմաստուն մտադրությունը Աստծուն որպես մարդկության նախախնամող և փրկիչ ներկայացնելու համար: Այն հարցին, թե ե՞րբ Աստված Աբրամին ասաց այդ խոսքերը, մեկնիչների մեծամասնությունը, Ստեփաննոս Նախասարկավագին (Գործք առաքելոց, 7:2-5) հետևելով, պատասխանում է, որ դա տեղի է ունեցել Թարայի կենդանության օրոք՝ քաղդեացիների Ուր քաղաքում, ինչը հաստատվում է նաև խոսքի հետագա շարադրանքով, որտեղ հատուկ նշում կա հայրենի հողի մասին, որը քաղդեացիների երկիրն էր և ոչ թե Խառանը:

   Ելի՛ր դու քո երկրից, քո ազգականներից ու քո հոր տնից և գնա՛ այն երկիրը, որ ցույց կտամ քեզ… Պողոս առաքյալն ասում է, որ այդ ժամանակ Աբրամին դեռևս հայտնված չէր իր համար նախասահմանված երկրի անվանումը (Եբր. 11:8), բայց, այդուհանդերձ, նա, ականջ դնելով աստվածային կոչմանը, բնավ չի վարանում թողնել այն ամենն, ինչ թանկ էր իր համար (հայրենիք, հարազատներ և հայրական տուն), և առանց տրտնջալու փոխում է այդ ամենն անհայտ ապագայի և իրեն սպասող քոչվորի անհանգիստ կյանքի հետ: «Նայի՛ր, - ասում է Սբ. Հովհան Ոսկեբերանն այս մասին, - ինչպես է արդարն ի սկզբանե ընտելանում գերադասել աներևույթը տեսանելիից և ապագան՝ այն ամենից, ինչն արդեն գտնվում էր իր ձեռքերում… Մտածի՛ր, սիրելիս, ինչպիսի վեհ, ամեն տեսակի կրքերից և սովորություններից ազատ հոգի էր անհրաժեշտ այդ հրամանն ի կատար ածելու համար»: Անցյալի հետ ամեն տեսակ կապերի խզման այդ պահանջն աստվածային հոգածություն և նախախնամություն էր, պահպանելու համար Աբրամի սերունդն ու տունը, ամենուրեք հեղեղված անօրինություններով հրապուրվելուց, ինչից չէր խուսափել անգամ Աբրամի հոր՝ Թարայի տունը (Հս. 24:2-3): Որպես պարգև նման հնազանդության և հավատքի՝ Տերն Աբրամին հանդիսավոր կերպով օրհնում է, որով հռչակում է չորս տեսակի խոստում.

1. մեծաթիվ սերունդների խոստում,

2. ժամանակավոր և հավիտենական բարիքների շնորհում,

3. փառքը որպես ընծա և անմահությունը սերունդների հարատևությամբ,

4. նրա անձը ուրիշների համար օրհնության աղբյուրի վերածվելը:

   Աստվածային այս բոլոր խոստումներն իրապես արդարացան Աբրամի սերունդների հետագա ճակատագրում՝ ինչպես մարմնական իմաստով, ի դեմս հրեաների, այնպես էլ առավել ևս հոգևոր իմաստով, ի դեմս քրիստոնյաների (Հռոմ. 4:11-17, Գաղ. 3:7-9):

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Աստուած ասաց Աբրամին. «Հեռացի՛ր քո երկրից, քո ցեղից ու քո հօր տնից եւ գնա՛ այն երկիրը, որ ցոյց կը տամ քեզ:
(Արարատ թարգ․) Եվ Տերն Ասաց Աբրամին. «Դո՛ւրս արի քո երկրից, հեռացի՛ր քո ազգականներից և քո հոր տանից ու գնա՛ դեպի այն երկիրը, որ քեզ ցույց կտամ:
(Գրաբար) Եւ ասէ Աստուած ցԱբրամ. Ե՛լ դու յերկրէ քումմէ և յազգէ քումմէ և ի տանէ հօր քոյ, յերկի՛ր զոր ցուցից քեզ։