Աբրահամը կանչվում է
1. Եվ Տերն Ասաց Աբրամին. «Դո՛ւրս արի քո երկրից, հեռացի՛ր քո ազգականներից և քո հոր տանից ու գնա՛ դեպի այն երկիրը, որ քեզ ցույց կտամ:
2․ Ես քեզ մեծ ազգ կդարձնեմ ու քեզ պիտի օրհնեմ, պիտի բարձրացնեմ քո անունը, և դու օրհնյալ կլինես:
3․ Եվ կօրհնեմ քեզ օրհնողներին ու կանիծեմ քեզ անիծողներին: Եվ երկրի բոլոր ազգերը քեզնով կօրհնվեն»:
4․ Եվ Աբրամը գնաց, ինչպես որ նրան ասել էր Տերը: Ղովտն էլ գնաց նրա հետ: Եվ Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր, երբ դուրս եկավ Խառանից:
Աբրահամը գնում է Քանան և ապա Եգիպտոս
5․ Եվ Աբրամը վերցրեց իր կին Սարային, իր եղբորորդի Ղովտին, Խառանում իրենց ձեռք բերած ողջ ունեցվածքն ու մարդկանց և դուրս եկան՝ Քանանի երկիրը գնալու համար: Եվ եկան Քանանի երկիրը:
6․ Եվ Աբրամն անցավ այդ երկրով և հասավ մինչև Սյուքեմ կոչված վայրը, մինչև Մորեի կաղնին: Եվ այդ ժամանակ այդ երկրում քանանացիներ էին ապրում:
7․ Եվ Տերը երևաց Աբրամին ու ասաց. «Քո սերնդին պիտի տամ այս երկիրը»: Եվ նա այդտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար, որ երևաց իրեն:
8․ Եվ այդտեղից գնաց դեպի Բեթելի դիմացի լեռը և խփեց իր վրանը, որտեղ Բեթելը ծովի կողմում էր, իսկ Գային՝ արևելյան կողմում: Այդտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց և Տիրոջ անունը կանչեց:
9․ Եվ Աբրամը շարժվում էր դեպի հարավ:
10․ Այդ երկրում սով եղավ, և Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ պանդխտությամբ բնակվելու, որովհետև սովը սաստկացել էր այդ երկրում
11․ Եվ երբ նա մոտենում էր Եգիպտոսին, իր կնոջը՝ Սարային, ասաց. «Ահա գիտեմ, որ դու գեղեցիկ տեսքով կին ես:
12.Եվ երբ եգիպտացիները քեզ տեսնեն, անպատճառ կասեն՝ սա նրա կինն է, և ինձ կսպանեն, իսկ քեզ ողջ կթողնեն:
13․ Ասա՛ նրանց, թե դու իմ քույրն ես, որպեսզի քո շնորհիվ ինձ համար լավ լինի, և ես ողջ մնամ»:
14․ Եվ երբ Աբրամը Եգիպտոս մտավ, եգիպտացիները տեսան, որ այդ կինը շատ գեղեցիկ է:
15․ Նրան տեսան նաև փարավոնի իշխանները և գովեցին նրան փարավոնի առջև: Եվ կնոջը տարան փարավոնի մոտ:
16․ Եվ նրա շնորհիվ փարավոնն Աբրամին բարիք արեց, և նա ոչխարներ, արջառներ, էգ էշեր և ուղտեր ունեցավ:
17․ Եվ Տերն Աբրամի կնոջ՝ Սարայի պատճառով մեծ հարվածներով պատուհասեց փարավոնին ու նրա ընտանիքին:
18․ Եվ փարավոնը կանչեց Աբրամին ու ասաց. «Այս ի՞նչ արեցիր: Ինչո՞ւ չասացիր, որ նա քո կինն է:
19․ Ինչո՞ւ ասացիր, թե նա իմ քույրն է: Ես նրան ինձ համար կին պիտի առնեի, բայց հիմա ահա քո կինը, վերցրո՛ւ և գնա՛»:
20․ Եվ փարավոնը պատվիրեց իր մարդկանց, որ ճանապարհեն նրան ու նրա կնոջը իրենց ողջ ունեցվածքով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: