Ծննդոց գրքի մեկնություն 12:13

Ա. Լոպուխին

Ասա, թե դու իմ քույրն ես, որպեսզի քո շնորհիվ ինձ լավ լինի, և քո շնորհիվ ես ողջ մնամ»: (Սինոդական թարգ․) [13]
   

   Ասա, թե դու իմ քույրն ես… Աբրամի այս խոսքերը ամբողջովին սուտ չեն, քանի որ նախ՝ Արևելքում «քույր» բառը չի ունեցել այն նեղ իմաստը, ինչն ունի այսօր, այլ նշանակել է առհասարակ մերձավոր հարազատություն, որը ներառել է նաև բոլոր զարմուհիներին (Ծննդ. 13:8. Մատթ. 13:55-56), երկրորդ՝ այն պատճառով, որ Սարան իրականում Աբրամին քույր էր գալիս՝ խորթ քույր կամ զարմուհի (Ծննդ. 20:12):

   Որպեսզի քո շնորհիվ ինձ  լավ լինի, և քո շնորհիվ  ես ողջ մնամ… «Սա բավական բարդ հատված է. Աստվածաշնչի այն մասերից մեկն է, որ ապացուցում է Սուրբ Գրքի արտասովոր ճշմարտացիությունը՝ անթաքույց ներկայացնելով վեհագույն, սրբազնագույն այրերի թուլությունները, երբեմն էլ՝ նույնիսկ հանցանքները: Հին Կտակարանում այդ այրերն են Աբրամը, Հակոբը, Դավիթը, Սողոմոնը և այլք» (Գ.Կ. Վլաստով): Որքան էլ փորձենք արդարացնել Աբրամի այս արարքը, միևնույն է, դրա մեջ չենք կարող անտեսել փոքրոգության և խորամանկության ինչ-ինչ տարրեր: Նրա համար որպես միակ արդարացում կարող են ծառայել այն դարաշրջանի բիրտ բարքերը, որոնք թույլ էին տալիս ամուսնական կապերին նայելու չափազանց լայն ու հանդուրժող հայացքով, ինչպես նաև՝ Աբրամի անելանելի դրությունը, որ ստիպեց նրան ընտրել չարյաց փոքրագույնը, որպեսզի խույս տա վատթարագույնից՝ իր իսկ ոչնչացումից և Սարայի ստրկացումից: Ի դեպ, սուրբ Հովհան Ոսկեբերանը ամուսինների այս հոժարակամ փոխհամաձայնությունը և հանուն ընդհանուր բարօրության իրենց շահերի երկուստեք զոհաբերումը (մեկը՝ ամուսնու իրավունքները, մյուսը՝ հավատարիմ կնոջ արժանապատվությունը) համարում է նրանց ամուսնական սիրո պսակը, որ արժանի է ընդօրինակման:

--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) կ՚ասես, թէ՝ նրա քոյրն եմ, որպէսզի քո շնորհիւ ես չտուժեմ եւ քո շնորհիւ կենդանի մնամ»:
(Արարատ թարգ․) Ասա՛ նրանց, թե դու իմ քույրն ես, որպեսզի քո շնորհիվ ինձ համար լավ լինի, և ես ողջ մնամ»:
(Գրաբար) Ասասցես եթէ քո՛յր նորա եմ. զի բարի՛ լիցի ինձ վասն քո, և կեցցէ՛ անձն իմ յաղագս քո։