Հովհաննես Ծործորեցի
որովհետեւ՝ քո խօսքերով պիտի արդարանաս եւ քո խօսքերով պիտի դատապարտուես»:
Որովհետև քո խոսքերից ես արդարանալու և քո խոսքերից՝ դատապարտվելու:
Աստիճանաբար սովորեցնում է Այն Ատյանի իրավունքի մասին: Թեկուզ քո մասին բազմաթիվ սուտ վկաներ սուտ վկայություն տան, ասում է, քեզ ոչ մի վնաս չեն հասցնի, այլ այն վճիռը, որ ինքդ ես սահմանում [քո խոսքերով], դա է, որ Դատավորն իրագործելու է՝ ըստ այսմ. «Դատում եմ, ինչպես որ լսում եմ» (Հովհ. 5։30), և թե՝ «Քո բերանո՛վ կդատեմ քեզ» (Ղուկ. 19։22), Դավիթն էլ թե՝ «Այսուհետև իրենց բերանով կհաճոյանան» (Սաղմ. 48։14): Ուստի պիտի վախենան ոչ թե նրանք, ում մասին չարախոսում են, այլ չարախոսները, որովհետև հարկադրված են լինելու պատասխան տալ ոչ թե նրանք, ովքեր չար բաները լսեցին, այլ ովքեր դրանք խոսեցին:
Այլև՝ արդարացնող խոսքը հավատքի՛ խոսքն է՝ ըստ մարգարեի. «Մի խոսք հակիրճ ու համառոտ 669 պիտի դարձնի Տերը» (Ես. 10։23): Այլուր էլ [ասվում է]. «Խոսքը մոտ է քո բերանին» (հմմտ. Բ Օր. 30։14)՝ «սրտով հավատալու և բերանով խոստովանելու փրկության համար, որով ենք արդարանում» (հմմտ. Հռոմ. 10։10), ինչպես ավազակը, մաքսավորն ու գաղատացիները 670: Իսկ այդ նույնով՝ խոսքով դատապարտվելու [մասին ասվում է], որ «Աստծո բարկությունն է մնում նրա վրա» (Հովհ. 3։36), ով չհավատաց Որդուն, ինչպես հրեաները, հերձվածողները և այն մեծամիտ փարիսեցին 671՝ ըստ այսմ. «Կյանքն ու մահը լեզվի ձեռքին են» (Առակ. 18։21):
Նաև՝ անասունները չեն արդարանալու փառքով կամ դատապարտվելու տանջանքների, այլ մարդիկս ենք, որ, խոսելու կարողություն ունենալու պատճառով, անձնիշխան կամքով գործելով բարին՝ արդարանալու ենք և նույն կերպ սպասավորելով չարին՝ դատապարտվելու ենք այն Ատյանում: Եվ արդարացի է սա. որովհետև իշխանի մեղքը ժողովրդի [մեղքի] պես էր չափվում, ինչը երևում է [մատուցվող] զոհերից 672. այդպես նաև խոսքն է իշխան:
Մաղաքիա արք. Օրմանյան
որովհետեւ՝ քո խօսքերով պիտի արդարանաս եւ քո խօսքերով պիտի դատապարտուես»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: