Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:49

Հովհաննես Ծործորեցի

49-50. Եւ իր ձեռքը երկարելով դէպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը եւ իմ եղբայրները. որովհետեւ, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր»:

 

    Եվ ձեռքը պարզելով դեպի Իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ Իմ մայրն ու Իմ եղբայրները: Որովհետև ով կատարում է երկնքում գտնվող Իմ Հոր կամքը, նա՛ է Իմ եղբայրը, քույրն ու մայրը»:

    Նախ աշակերտներին է Իր սիրով հաստատում՝ ձեռքի պարզմամբ ցույց տալով նրանց հանդեպ ավելի մեծ գութ, քան Իր ծնողի: Երկրորդ՝ սրանով ևս կամենում է [մարդկանց] աշակերտ դարձնել, քանի որ նույնիսկ Նրա եղբայրները [դեռ] չէին հավատացել Նրան: Երրորդ՝ առաքինությունը բնությունից նախամեծար է համարում, որպեսզի ուրիշ ոչ ոք, ազգական կապին ապավինելով, չծուլանա. որովհետև եթե դա Իր մորն էլ օգտակար չէ, ի՞նչ ասել ուրիշների մասին: Այլ միայն մե՛կ ազնվականություն կա. երբ մեկը կատարում է Աստծո կամքը, որը նրա՝ [մարդու] փրկությունն է, ինչպես որ արդար Նոյի ու Հոբի ազգաբանությունը ներկայացվեց ոչ թե պապերով, այլ առաքինություններով: Չորրորդ՝ եղբայրներին, ինչպես նաև ուրիշներին խրատում է այն մասին, որ Ինքը ոչ միայն նրանց մարմնավոր եղբայրն է, այլև Տերը և երկնավոր Հոր Որդին: Հետևաբար, այդ սաստն օգտակար եղավ Նրա մորը, եղբայրներին և շատերին: Եվ հինգերորդ՝ խրախուսում է ամենքին նրանով, որ ովքեր կատարում են Աստծո կամքը, ինչպես Նա, որ ասում էր. «Ես Իմ Հոր կամքն եմ կատարում» (հմմտ. Հովհ. 4։34), [Նրա] մոր ու եղբայրների փառքին կբարձրանան:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ իր ձեռքը երկարելով դէպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը եւ իմ եղբայրները.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:46