Ծննդոց գրքի մեկնություն 12:7

Ա. Լոպուխին

Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»: Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար:(Սինոդական թարգ․) [7]

   

   Եվ Տերը երևաց Աբրամին… Սա ջրհեղեղից հետո աստվածհայտնության մասին աստվածաշնչյան առաջին տեղեկությունն է: Չնայած որ Աստծո էությունն աներևույթ ու անհասանելի է, այնուամենայնիվ Սուրբ Գրքից մեզ հայտնի է տեսանելի կերպարների մի ամբողջ շարք, որոնց միջոցով Աստված հաճել է Իրեն բացահայտել մարդկանց (Ծննդ.,18:2, 17, 33. 21:17-18, 22:11-18, 31:11-13, 32:24-30 և այլն): Եվ հավանաբար նույնպիսի աստվածհայտնություն է եղել նաև այդ երևումը:

   «Ընդհանուր առմամբ հին ու նոր կտակարաններում աստվածհայտնությունը, այն էլ հատկապես մարդկային կերպարանքով,- ասում է սուրբ Ֆիլարետը,- Աստծո Որդու մարդեղության նախանշանն է»:

   Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց ... Տիրոջ համար… Նա պատրաստեց զոհասեղան կամ խորան, անշուշտ, որպեսզի իրեն և իր սերունդներին տրված խոստման համար Տիրոջը գոհունակության զոհ մատուցի, նաև աստվածհայտնության սրբազան վայրը մի տեսանելի և պատշաճ  նշանով հավերժացնի:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Տէրը երեւաց Աբրամին եւ ասաց նրան. «Քո յետնորդներին եմ տալու այս երկիրը» : Աբրամն իրեն երեւացած Տիրոջ համար զոհասեղան շինեց այդտեղ:
(Արարատ թարգ․) Եվ Տերը երևաց Աբրամին ու ասաց. «Քո սերնդին պիտի տամ այս երկիրը»: Եվ նա այդտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար, որ երևաց իրեն:
(Գրաբար) Եւ երևեցաւ Տէր Աբրամու, և ասէ ցնա. Զաւակի՛ քում տաց զերկիրս զայս։ Եւ շինեաց անդ Աբրամ սեղան Տեառն որ երևեցաւ նմա