Ծննդոց գրքի մեկնություն 12:8

Ա. Լոպուխին

8-9. Այդտեղից նա գնաց Բեթելի արևելյան կողմում գտնվող լեռը. այնտեղ Բեթելում խփեց իր վրանը՝ ծովի կողմից Բեթելի և արևելքից` Անգեի միջև: Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը: [8] Այնուհետև Աբրամը գնաց ու բնակվեց անապատում: (Սինոդական թարգ․)
   

   Այս երկու համարներում նշմարվում են Պաղեստինում Աբրամի դեգերումների ընդհանուր երթուղին ու նրա հիմնական կանգառները: Կարևոր ու խոշոր այդ կանգառներից մեկն էր այն տեղանքը, որ հետագայում կոչվեց Բեթել (Ծննդ. 28:19): Սա գտնվում էր Սիկիմից 5 մղոն դեպի հարավ և Երուսաղեմից երեք ժամվա հեռավորության վրա, հիասքանչ արոտավայրերով մի հովտում: Այստեղից ոչ հեռու գտնվում էր «Գային» (Նեեմ. 11:13), որի ավերակները՝ Բեթելից 5 մղոն դեպի արևելք, առ այսօր հայտնի են «Մեդինետ Գայի» անունով: (Աբրամի երթուղու վերջին բնակավայրը, ըստ եբրայական տեքստի, Պաղեստինի հարավային շրջանն էր և այն կոչվում էր «Նագև» (Ծննդ.13:3, 20:1, 24:62), որն էլ մատնանշում է տվյալ տարածքի անապատային կամ տափաստանային բնույթը և պայմանավորել է հայերեն թարգմանության տարբերակը՝ Աբրամը գնաց ու բնակվեց անապատում,- ծանոթագրությունը թարգմանչի կողմից):

   Եվ պատրաստեց զոհասեղան և կանչեց Տիրոջ անունը… Բնակության այս նոր վայրում Աբրամն ամենից առաջ շտապում էր իր երախտագիտության զգացումն արտահայտել Աստծուն, իսկ հեթանոս քանանցիների առջև ճշմարիտ Աստծո անվան համաժողովրդական և հանդիսավոր խոստովանությունը  վկայում էր նրանց արդար հավատի մասին (Ծննդ. 4:25):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Այդտեղից նա գնաց Բեթէլի արեւելեան կողմում գտնուող լեռը: Այնտեղ՝ Բեթէլում, խփեց իր վրանը, ծովի դիմաց, իսկ արեւելքում Անգէն էր: Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Աստծու անունը:
(Արարատ թարգ․) Եվ այդտեղից գնաց դեպի Բեթելի դիմացի լեռը և խփեց իր վրանը, որտեղ Բեթելը ծովի կողմում էր, իսկ Գային՝ արևելյան կողմում: Այդտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց և Տիրոջ անունը կանչեց:
(Գրաբար) Եւ մեկնեցա՛ւ անտի ի լեառն ընդ արևելս ի Բեթէլ. և եհար անդ զխորան իւր ի Բեթէլ, յանդիման ծովուն՝ և Անգէի ընդ արևելս։ Եւ շինեաց անդ սեղան Տեառն, և կոչեաց յանուն Տեառն։