Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:34

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

34-36. «Այս ամենը Հիսուս ժողովրդին առակներով ասաց, և նրանց հետ առանց առակի չէր խոսում»։ «Որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասված խոսքը, որն ասում էր. «Առակներով կբացեմ Իմ բերանը, կբացահայտեմ աշխարհի սկզբից ի վեր ծածկված բաները»» (Սաղմ. 78.2)։ «Այդ ժամանակ Հիսուս, թողնելով ժողովրդին, տուն եկավ։ Եվ, Նրան մոտենալով, Նրա աշակերտներն ասացին. «Մեկնի՛ր մեզ արտի որոմների առակը»»։
   
    Մարկոս ​​ավետարանիչն ասում է, որ Քրիստոս նրանց քարոզեց Բարի լուրը (Աստծու խոսքը) առակներով, որպեսզի նրանք ունակ լինեին հասկանալու (տե՛ս Մարկ․ 4։33): Մինչդեռ Մատթեոս ավետարանիչը, ցույց տալու համար, որ առակներով քարոզելը նոր երևույթ չէ, մեջբերում է այն մարգարեին, որը կանխատեսել էր ուսուցման այս մեթոդի մասին։ Եվ, միևնույն ժամանակ, որպեսզի մեզ բացահայտի Քրիստոսի՝ առակներով խոսելու մտադրությունը, այն է՝ Իր ունկնդիրներին անտեղյակության մեջ չթողնելու, այլ նրանց մեջ հարցադրումներ առաջացնելու Փրկչի միտումը, Մատթեոսն ավելացնում է. «․․․և նրանց հետ առանց առակի չէր խոսում»: Չնայած Քրիստոս շատ բաների մասին խոսեց առանց առակների, այս դեպքում Նա առանց առակի ոչինչ չասաց: Եվ, այդուամենայնիվ, ոչ ոք Հիսուսին հարցեր չտվեց այդ առակների մասին, չնայած որ հնում մարգարեներին, ինչպիսիք էին Եզեկիելը և շատ ուրիշներ, հրեաները հաճախ հարցախեղդ էին անում: Այժմ, սակայն, Փրկչին ոչ ոք որևէ մի հարց չտվեց, թեև այն, ինչ Հիսուս ասաց, առավել քան բավարար էր Իր ունկնդիրներին մտահոգելու և նրանց մեջ հարցեր տալու ցանկությունն արթնացնելու համար:

    Նույնիսկ առակների միջոցով արտահայտված ամենամեծ պատժի սպառնալիքը ոչ մի տպավորություն չթողեց ունկնդիրների վրա: Ահա թե ինչու Տերը թողեց նրանց և հեռացավ: «Այդ ժամանակ, - ասում է ավետարանիչը, - Հիսուս, թողնելով ժողովրդին, տուն եկավ» (36-րդ համար): Եվ դպիրներից (օրենսգետներից) ոչ ոք չհետևեց Նրան։ Այստեղից մենք կարող ենք եզրակացնել, որ այս օրենսգետները Քրիստոսին հետևում էին միայն Նրան Իր խոսքերում «որսալու» մտադրությամբ։ Բայց քանի որ այդ մարդիկ չէին հասկանում ասվածը, Տերը լքեց նրանց։ Եվ Հիսուսի աշակերտնե՛րը մոտեցան Նրան՝ հարցնելով որոմների առակի մասին (տե՛ս 36- րդ համարը)։ Մինչ այդ առաքյալները, չնայած ուզում էին իմանալ առակներով խոսելու Փրկչի նպատակի մասին, սակայն վախենում էին հարցնել։ Իսկ այսժամ որտեղի՞ց ծնվեց նրանց այդ համարձակությունը։ Նրանք լսեցին Հիսուսի այս խոսքերը. «Ձե՛զ է տրված իմանալ Երկնքի արքայության խորհուրդները» (Մատթ․ 13։11), և համարձակություն ձեռք բերեցին։ Ահա թե ինչու նրանք առանձնաբար են հարցեր տալիս՝ ոչ թե ժողովրդի նկատմամբ տածած նախանձի պատճառով, այլ պահպանելու համար Տիրոջ օրենքը, համաձայն որի՝. «․․․նրանց տրված չէ»։ Իսկ ինչո՞ւ է, որ աշակերտները, մի կողմ թողնելով թթխմորի և մանանեխի հատիկի մասին առակները, հարցնում են հատկապես որոմների՛ առակի իմաստը։ Նրանք զանց առան հիշյալ երկու առակները, քանի որ դրանք համեմատաբար ավելի հասկանալի էին իրենց։ Առաքյալները կամենում են լսել մասնավորապես այս առակի բացատրությունը, քանի որ այն սերտորեն կապված էր նախորդի հետ՝ ակնարկելով նախորդից ավելի մեծասքանչ իրողության մասին (Քրիստոս նույն առակը երկու անգամ չէր պատմի)։ Նրանք արդեն իսկ ականատես էին, որ վերջին առակը մեծ սպառնալիք էր բովանդակում։ Հետևաբար, Տերը ոչ միայն չի հանդիմանում նրանց, այլև հավելում է նախկինում ասվածին։ Եվ ինչպես ես բազմիցս նշել եմ, առակները չպետք է բառացիորեն հասկանալ, հակառակ դեպքում կարելի է բազմաթիվ անհամապատասխանությունների հանդիպել։ Տերն այժմ մեզ նույն է ուսուցանում՝ հրաժարվելով առակի տառացի բացատրությունից։ Նա չի ասում, թե ովքեր են տիրոջ մոտ եկած ծառաները։ Սակայն, թույլ տալով ենթադրել, որ նրանք (տիրոջ մոտ եկած հիշյալ ծառաները) ներկայացվում են միայն առակի պատկերավոր հետևողականությունն ու ամբողջականությունն ապահովելու համար, Քրիստոս բաց է թողնում առակի այդ հատվածը և բացատրում է միայն ա՛յն, ինչն ամենաանհրաժեշտն ու էականն է՝ այն գլխավոր իմաստը, որի համար իսկ պատմվել է առակը, այսինքն՝ ցույց տալու համար, որ Նա Ինքն է ողջ աշխարհի Դատավորն ու Տերն է։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այս բոլորը Յիսուս առակներով պատմեց բազմութեանը եւ առանց առակի ոչինչ չէր ասում նրանց,
   
    Այս ամենի մասին Հիսուսն առակներով խոսեց ժողովրդի հետ և առանց առակի ոչինչ չէր խոսում նրանց հետ:
Մարկոսն ասում է՝ այն պատճառով էր առակներով խոսում, որպեսզի կարողանային լսել (Մարկ. 4։33), և եթե ոչ խոսքի իմաստները, գոնե պատմությունների շարադրանքն իմանային: Իսկ ասելը թե՝ «առանց առակի ոչինչ չէր խոսում», [չի նշանակում] միշտ, այլ միայն այդ ժամանակ: [Առակով էր խոսում], ոչ թե որ չհասկանային, այլ որ նրանց դրդեր հարցեր տալու: Բայց նրանք բնավ չսթափվեցին, թեպետ առակներով ահավոր տանջանքներ սպառնաց նրանց:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այս բոլորը Յիսուս առակներով պատմեց բազմութեանը եւ առանց առակի ոչինչ չէր ասում նրանց,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:31