Հովհաննես Ծործորեցի
Նա մէկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»:
Եվս մի առակ պատմեց նրանց: Ասաց. «Երկնքի արքայությունը նման է խմորի, որը մի կին առավ ու դրեց երեք չափ ալյուրի մեջ, և ամբողջը խմորվեց»:
Այս առակը նույնպես ունի կրկնակի իմաստ: Նախ՝ [Տերն] Իր մարմինն է «խմոր» անվանում, որը կնոջ միջոցով ծնելով՝ խառնեց Ադամի տան զանգվածին՝ հոգուն, մարմնին ու մտքին, և ամբողջն անմահացավ հարության հույսով, քանի որ Նա եղավ «ննջեցյալների առաջին պտուղը» (Ա Կոր. ԺԵ 20), կամ էլ Եկեղեցին Հոր, Որդու և Սուրբ Հոգու հանդեպ հավատով մկրտվեց Նրա անունով: Եվ կամ՝ «կին» է կոչում մարդու հոգին, որովհետև թեպետ ներգործելու [կարողության] պատճառով նրա բնությունն արական է, բայց Աստծուց բարու սերմերն ընդունելով՝ կարող է նաև երեք չափը՝ հոգու երեք մասերը՝ բանականությունը, ցասումն ու ցանկությունը, նաև [երկրային] ժամանակի երեք մասերը՝ անցյալը, ներկան ու ապառնին, [խմորել]: Ով հոգու երեք մասերում, ժամանակների երեք հատվածներում ու տարիքներում, հավատով, երկյուղով ու սիրով ընդունում է Տիրոջ Մարմինը Հաղորդության միջոցով՝ ըստ այսմ. «Ծոցումս թաքցրի Քո խոսքերը, որպեսզի չմեղանչեմ Քո հանդեպ» (հմմտ. Սաղմ. 118։11), այդպիսին ամբողջովին աստվածակերպվում ու լուսավորվում է՝ դառնալով Նրա մարմինն ու ոսկորը 748:
Երկրորդ՝ [Տերը] «խմոր» է կոչում Իր ուսմունքը՝ ձգողական հատկության պատճառով: Ինչպես որ խմորն է իր տեսակին փոխում մեծաքանակ ալյուրը (որը «երեք»-ով է խորհրդանշվում), այդպես էլ, [ասում է Տերը], դուք եք բոլոր երկրամասերը՝ Ասիան, Աֆրիկան ու Եվրոպան, փոխում խմորի հատկության օրինակով, քանի որ ինչպես որ դա է հնարավոր, այդպես էլ՝ սա: Բայց դա [հնարավոր է լինում], երբ խմորը խառնվում է: Այդպես էլ դուք ա՛յն ժամանակ կհաղթեք ձեր դեմ պատերազմողներին, երբ մտնե՛ք նրանց մեջ: Եվ այդպես էլ եղավ, որովհետև մեկի՝ մյուսից խմորման միջոցով շատերին իրենց ուսմունքին փոխեցին [խմորի] նույն հատկությամբ: [Տերը] սակավն աճեցրեց-շատացրեց, որովհետև ինչպես կրակն է շատ անտառներ բորբոքում-այրում, այդպես էլ [առաքյալները], խմորվելով Տիրոջից, շատ երկրներ խմորեցին՝ համոթ մեզ, որ այժմ այսքան վարդա պետներ մնացած [երկրները] չենք կարողանում դարձի բերել: Եվ դու բնավ մի՛ զարմացիր, որ [Տերը] երկնքի արքայությունը մանանեխի և խմորի հետ է համեմատում. որովհետև անխելքների ու տգետների հետ էր խոսում, ովքեր այնքան անգետ էին, որ բացատրության կարիք ունեին, իսկ դրանով ավելի էին քաջալերվում:
Սակայն այստեղ տարակուսանք է առաջացնում այն, թե ինչու է [Սուրբ] Գրքին հատուկ միևնույն առարկան որպես օրինակ գործածել թե՛ լավ, թե՛ վատ բաների համար: Օրինակ՝ «Ահա՛ Մարդ, և նրա անունն է Ծագում» (Զաք. 6։12), «Ինձնից երկյուղածների համար արդարության Արեգա կը կծագեցնեմ» (հմմտ. Մաղ. 4։2), «Բարձունքներից մեզ Արեգակը երևաց» (հմմտ. Ղուկ. 1։78) 349, իսկ հակառակ [իմաստով]՝ «Արեգակը ցերեկը թող չմեղանչի քո հանդեպ» (Սաղմ. 120։6), «Ծագեց արևը խորշակով հանդերձ» (Հակ. 1։11): Կամ՝ «Կխավարեն այն գիշերվա աստղերը» (Հոբ 3։9), բայց՝ «Ես եմ առավոտյան աստղը» (հմմտ. Հայտ. 22։16):
Նաև՝ «Առյուծի պես աներկյուղաբար ելար բազմեցիր» (հմմտ. Ծննդ. 49։9), [Եզեկիելի] տեսիլքում Աստծո կառքին լծված կենդանիներից մեկի դեմքն առյուծի էր 750, իսկ հակառակ [իմաստով]՝ «Ձեր ոսոխ սատանան առյուծի պես գոչում է» (Ա Պետ. 5։8), «առյուծի պես դարանակալում իր որջում» (հմմտ. Սաղմ. 9։30):
Ուրիշ [օրինակ]. «Նրա որովայնից գետեր կբխեն» (Հովհ. Է 38), «Տիրոջ տնից աղբյուր կելնի» (Հովել 3։19), «Գետերի հոսանքներն ուրախացնում են Աստծո քաղաքը» (Սաղմ. 45։5), իսկ [բացասական իմաստով]՝ «Թող չընկղմեն ինձ ջրերի շրջապտույտները» (Սաղմ. 68։16), «Գետերի շրջապտույտները պաշարեցին ինձ» (հմմտ. Սաղմ. 87։18), «Ազատի՛ր ինձ առատ ջրերից» (Սաղմ. 145։7):
Եվս մեկը. «Որքա՜ն քաղցր են իմ քիմքում Քո խոսքերը, ինչպես մեղր՝ [իմ] բերանում» (Սաղմ. ՃԺԸ 103), «Կերա հացս իմ մեղրով» (Երգ 5։1), իսկ [բացասական իմաստով]՝ «Մեղր է կաթում պոռնիկ կնոջ շուրթերից» (Առակ. 5։3), «Քաղցր խոսքերով խաբում են ան մեղների սիրտը» (հմմտ. Հռոմ. 16։18):
Եվս մեկը. «Տերը մեզ համար եղջյուր բարձրացրեց Դավթի վրա» (հմմտ. Սաղմ. 131։17), «Բարձր կլինի արդարի եղջյուրը» (Սաղմ. 74։11), իսկ [բացասական իմաստով]՝ «Մեղավորների եղջյուրները կփշրես» (Սաղմ. 74։11), «Մի՛ բարձրացրեք ձեր եղջյուրները բարձունքներում» (Սաղմ. 74։5):
Եվս մեկը. «Սիոնի հիմքում ընտիր վեմ եմ դնում» (հմմտ. Ես. 28։16), իսկ [բացասական իմաստով]՝ «Քար գայթակղության և քար գլորման» (Հռոմ. Թ 33): Կան և այլ այսպիսի շատ ու անթիվ [օրինակներ]:
Նույնն այստեղ է. «Երկնքի արքայությունը նման է խմորի», բայց՝ «Զգո՛ւյշ եղեք սադուկեցիների խմորից» (Մատթ. 16։6), և՝ «Ոչ թե հին խմորով ու չարության խմորով, այլ ստուգության ու ճշմարտության անխմոր [հացով]» (Ա Կոր. 5։8):
Այսպիսով՝ սրանց վերաբերյալ տարակույսներ են [ծնվում]: [Այս խնդրի] ճշմարիտ լուծումը հայտնի է ճշմարտախոհներին, բայց որքան մեր նվաստ դատողությանն է հասու, այն հասկանում ենք երկու կերպ: Նախ՝ ամեն արարածական էություն ունի երկդիմի զորություն՝ լավ և վատ: Հետևաբար, ըստ լավ կողմի [այն] լավ բաների համար են օրինակ բերում և ըստ վատի՝ վատ բաների: Շատից մեկը հիշատակենք: Ահա օձն իր թույնով դաժան է և մահաբեր, բայց հենց նրանից են հակաթույն պատրաստող բժիշկները հանում այն, ինչով նրա թույնը վերացնում են: Այդպես էլ արևը, որ լույսի պայծառությամբ պատվական է և ուրախություն պատճառող, տապով կիզիչ ու ցամաքեցուցիչ է: Այսպես էլ՝ ամեն ինչ: Երկրորդ՝ Աստված բնությամբ է բարի, քանի որ անեղ է, իսկ մարդիկ՝ ստացմամբ, քանի որ եղական 751 են: Որովհետև ինչպես որ առաջին ստեղծագործության ժամանակ [մարդն] անէությունից լինելության եկավ փոփոխմամբ, այդպես էլ միշտ փոփոխվում է և բարուց դեպի չարը միտում, ուստի [Սուրբ] Գիրքը «Բարու և չարի գիտության ծառ» կոչեց [մարդու համար դրախտի կենտրոնում Աստծո տնկած ծառերից մեկը] 752: Ուրեմն՝ քանի որ [մարդն] իբրև արարածների գլուխ ստեղծվեց, իբրև աշխարհի գլուխ կարգվեց և ունայնացավ, նրա հետ նաև արարածները հնազանդվեցին [ընդունայնությանը]՝ ըստ առաքյալի. «Արարածներն ընդունայնությանը հնազանդվեցին ո՛չ իրենց կամքով, այլ նրա պատճառով, ով հնազանդեցրեց հույսով» (Հռոմ. 8։20): Ուստի ինչպես որ մարդն է երբեմն դեպի չարը դիմում, երբեմն՝ դեպի բարին՝ նշված պատճառով, այդպես էլ [մյուս] էակներն են երբեմն չար կողմով հիշվում, երբեմն՝ բարի՝ փոփոխական լինելով, ինչպես և մարդը, մինչև որ կյանքի ընթացքում դարձյալ կատարյալ բարուն հասնեն, ինչպես ասում է Պողոսը. «Եվ արարածներն իրենք էլ են հեծում ու երկնում մինչև այժմ, որպեսզի ազատվեն ապականության ծառայությունից դեպի Աստծո Որդու փառքի ազատությունը» (հմմտ. Հռոմ. 8։21-22), Դավիթն էլ [ասում է]. «Կտեսնեմ երկինքը՝ Քո մատների գործը, լուսինն ու աստղերը» (Սաղմ. 8։4)՝ նորոգմամբ հաստատված և չփոփոխվող այնպես, ինչպես այժմ:
Բայց եթե մեկն ասի, թե [մարդը կատարյալ] բարուն հասնելուց հետո [կարող է] դարձյալ չարի մեջ թավալվել, կասենք՝ ո՛չ, որովհետև կամ, չարի դաժանության փորձն առած լինելով, չի տենչա այն, այլ բարու մեջ կհավերժանա՝ թե ինքը՝ աշխարհի գլուխը, թե նրա հետ՝ ամբողջ աշխարհը, կամ էլ անթերի բարու մեջ կատարյալ կդառնա այնպես, որ չի կարողանա չարին վերադառնալ, ինչպես որ այժմ [չար] հրեշտակներն են չարիքների մեջ անշարժ՝ ջրից գոյացած բյուրեղ քարի պես: Եվ սրանով նկատի չունեմ անձնիշխան կամքի վերացումը, այլ բարու ընդունումը մտքի լրմամբ: Ահա սա է պատճառը, որ Գրքին հատուկ է միևնույն նյութի էությունն օրինակ բերել թե՛ բարու, թե՛ չարի համար:
Ստեփանոս Սյունեցի
Նա մէկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»:
«Այլ առակ խոսեց նրանց հետ. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին առնելով, դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։
«Թթխմորը» Քրիստոսի վարդապետությունն է, «կինը»՝ մարդու հոգին: «Երեք չափ ալյուրը» հոգու երեք մասերն են՝ բանական, սրտմտական և ցանկական, և կամ ժամանակի երեք մասերը՝ անցյալը, ներկան և ապագան: Ով այս երեք ժամանակներում իր մեջ կպահեն Քրիստոսի վարդապետությունը, այնպիսին իրեն ամբողջովին կլուսավորի:
Մաղաքիա արք. Օրմանյան
Նա մէկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:31

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: