Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Հիսուս մեկ այլ առակ էլ ասաց նրանց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին վերցրեց և երեք չափ ալյուրի մեջ դրեց, մինչև որ ամբողջը խմորվեց»։
Ապա Տերը այս պատկերին ավելացրեց թթխմորի նմանության օրինակը՝ ասելով. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին վերցրեց և երեք չափ ալյուրի մեջ դրեց, մինչև որ ամբողջը խմորվեց»։ Ինչպես թթխմորը մեծ քանակությամբ ալյուրի վրա է ազդում, որպեսզի ալյուրը կլանի թթխմորի խմորիչ ուժը, այնպես էլ դուք վերափոխում եք ամբողջ աշխարհը։ Ուշադրություն դարձրու ասվածի իմաստին. Տերն Իր օրինակի համար ընտրում է այն պատկերը, ինչը տեղի է ունենում բնության մեջ՝ ցույց տալու համար, որ Իր խոսքը նույնքան անփոփոխ է, որքան բնության երևույթները, որոնք տեղի են ունենում բնության անխուսափելի օրենքների համաձայն։ Ինձ մի՛ ասա. Մենք ի՞նչ կարող ենք անել՝ ընդամենը տասներկու հոգով մարդկանց այդպիսի բազմության մեջ մտնելով։ Հենց այդտեղ է, որ ձեր զորությունն առավել պարզորոշ կբացահայտվի, քանի որ դուք, խառնված լինելով բազմության հետ, չեք դիմի փախուստի։ Ինչպես թթխմորը խմորում է խմորը միայն ալյուրի հետ շփվելիս, և ոչ միայն դիպչում է դրան, այլև խառնվում է դրա հետ (այդ պատճառով էլ բնագիր տեքստում չի ասում «դրեց», այլ «թաքցրեց»), այնպես էլ դուք, երբ անխզելի կապի և միասնության մեջ մտնեք ձեր թշնամիների հետ, այդ ժամանակ է, որ կհաղթահարեք նրանց։ Եվ ինչպես թթխմորը, երբ խառնվում է ալյուրի հետ, չի կորչում դրա մեջ, այլ շուտով իր հատկություններն է հաղորդում ամբողջ խառնուրդին, այդպես էլ լինելու է քարոզչության պարագայում։ Այսպիսով, մի՛ վախեցեք այն ամենից, ինչը որ ես ասացի բազմաթիվ չարչարանքների մասին. նույնիսկ դրանց միջով անցնելով՝ դուք կփայլեք և կհաղթահարեք բոլորին։ «Երեք չափ» ասելով՝ Տերն իրականում այստեղ նկատի ունի շատ «չափ»-եր, քանի որ այս թիվը սովորաբար օգտագործվում է բազմությունը մատնանշելու համար։
Մի՛ զարմացիր նաև, որ թագավորության մասին խոսելիս Հիսուս հիշատակում է հացահատիկի և թթխմորի օրինակները։ Նա խոսում էր այն մարդկանց հետ, որոնք անփորձ և անուս էին, որոնք կարիք ունեին ստորին թեմաների միջոցով բարձրանալու ավելի բարձր աստիճանի, և որոնք այնքան պարզամիտ էին, որ դեռ շատ բացատրությունների կարիք ունեին։ Այսպիսով, որտե՞ղ են հույների որդիները։ Թող որ նրանք հասկանան Քրիստոսի զորությունը՝ իրենց աչքերի առաջ ունենալով իրադարձությունների ողջ ճշմարտացիությունը։ Թող նրանք երկրպագեն Տիրոջը՝ և՛ որպես այդպիսի գործը (քրիստոնեական քարոզությունը) կանխագուշակողի, և՛ որպես այն կատարողի։ Միայն Քրիստոս Ինքը զորություն հաղորդեց խմորիչին։ Այս պատճառով Նա Իրեն հավատացողներին խառնեց բազմությանը, որպեսզի մենք կարողանանք մեր հասկացողությունը փոխանցել ուրիշներին։ Հետևաբար, թող ոչ ոք չգանգատվի սակավությունից. քարոզչության զորությունը մեծ է։ Երբ այն խմորվում է, այն ինքնին դառնում է խմորիչ մնացածի համար։ Ինչպես կայծը, երբ այն դիպչում է փայտին, բռնկում է այն և դարձնում կրակի նոր աղբյուր, ու այդպիսով տարածվում է ավելի ու ավելի հեռու, այդպես էլ քրիստոնեական քարոզչությունն է։ Սակայն Տերը խոսեց ոչ թե կրակի, այլ խմորիչի օրինակով։ Ինչո՞ւ։ Որովհետև կրակի օրինակում ամեն ինչ կախում ունի ոչ թե կրակից, այլ շատ բան կախված է բռնկվող փայտից. այստեղ, սակայն, թթխմորն է ինքնին ամեն ինչ «արտադրում»։ Եթե տասներկու մարդ խմորեց ամբողջ տիեզերքը, ապա մտածի՛ր, թե որքան աղքատ ենք մենք, երբ, չնայած մեր մեծ թվաքանակին, չենք կարողանում ճիշտ ճանապարհով ուղղորդել նրանց, ովքեր մնում են հավատի մեջ՝ այն դեպքում, որ մենք կոչված ենք հազարավոր մարդկանց խմորիչ դառնալուն։
Բայց, կարող ես ասել, դա անելու համար էին առաքյալները։ Հետո՞ ինչ։ Մի՞թե նրանք նույն հանգամանքներում չէին, ինչ որ դուք։ Մի՞թե նրանք էլ համայնքներում չէին ապրում։ Մի՞թե նրանք նույն ճակատագրին չարժանացան, մի՞թե նրանք էլ տարատեսակ արհեստներով չէին զբաղվում։ Մի՞թե նրանք հրեշտակներ էին։ Մի՞թե նրանք երկնքից իջան։ Բայց, կարող ես ասել, նրանք ունեին հրաշքներ գործելու շնորհը։ Սակայն հրաշքներ գործելու միջոցով չէ, որ նրանք հանրահայտ դարձան։ Եվ դեռ որքա՞ն ժամանակ այս հրաշքները պետք է որպես քող ծառայեն մեր ծուլության համար։ Նայի՛ր սրբերի ամբողջ բազմությանը, որոնք փայլում էին, սակայն ո՛չ հրաշքներով։ Շատերը նույնիսկ հալածում էին դևեր, բայց անգամ այդ դիվահաններից ոմանք անօրինություն գործելու պատճառով ոչ միայն հռչակավոր չդարձան, այլև պատժի ենթարկվեցին։ Ուրեմն այդ ի՞նչն էր, - կարող ես հարցնել դու, - որ առաքյալներին մեծ դարձրեց։ Նրանց անտարբերությունը հարստության նկատմամբ, նրանց արհամարհանքը փառքի հանդեպ, նրանց ձերբազատված լինելն աշխարհիկ հոգսերից։ Եթե առաքյալները չունենային այս հատկանիշները, այլ մնային իրենց կրքերի ստրուկները, նույնիսկ եթե մեռելներին էլ հարություն տային, նրանք ոչ միայն որևէ օգուտ չէին բերի, այլև կհամարվեին հասարակ խաբեբաներ։ Այսպիսով, միայն մարդու ապրած աստվածահաճո կյանքն է փայլատակում ամենուրեք. միայն ա՛յն է հաճելի նաև Հոգու համար, որն իր շնորհի օթևանն է դարձնում այդպիսի մարդուն։
Ի՞նչ հրաշք գործեց Հովհաննեսը, որը կարողացավ շատ քաղաքներ գրավել իր կողմը։ Լսի՛ր ավետարանչին, թե նա ինչ է ասում այն մասին, որ Հովհաննեսը հրաշքներ չի գործել. «Հովհաննեսը որևէ նշան չարեց» (Հովհ․ 10:41): Ինչո՞ւ Եղիան հռչակավոր դարձավ: Մի՞թե դա թագավորի առջև իր ցուցաբերած համարձակության պատճառով չէր: Մի՞թե դա Աստծու հանդեպ իր ջերմեռանդության պատճառով չէր: Մի՞թե դա իր աղքատության, իր հեզության, իր բնակավայրը դարձած քարանձավների և լեռների պատճառով չէր: Նա հրաշքներ գործեց միայն այս բոլոր սխրագործություններն անելուց հետո: Մի՞թե Հոբը որևէ հրաշքով զարմացրեց սատանային: Նա որևէ հրաշք չգործեց, այլ ցույց տվեց իր մաքրամաքուր կյանքն ու համբերությունը, որն ավելի պայծառ է փայլում, քան ադամանդը: Ի՞նչ հրաշք գործեց Դավիթն իր երիտասարդության տարիներին, երբ Աստված նրա մասին ասաց. «Գտա Դավթին՝ Իմ սրտով մի մարդու․․․» (Գործք 13:22): Մի՞թե Աբրահամը, Իսահակը և Հակոբը որևէ մեկին հարություն տվեցին մեռելներից: Մի՞թե նրանք որևէ մեկին մաքրեցին բորոտությունից: Գիտե՞ս որ, հաշվի առնելով մեր անփութությունը, հրաշագործության շնորհը հաճախ կարող է նույնիսկ վնասակար լինել մեզ համար: Այդպես շատ կորնթացիներ ընկան պառակտման մեղքի մեջ, շատ հռոմեացիներ հպարտացան, Սիմոնը վտարվեց, իսկ նա, ով ցանկանում էր հետևել Քրիստոսին, անարժան գտնվեց, երբ լսեց, որ աղվեսները որջեր ունեն, իսկ երկնքի թռչունները՝ բներ (տե՛ս Ղուկ․ 9։58): Նրանք բոլորը, ցանկանալով հրաշքներ գործել, փող կամ փառք ամբարել իրենց համար, հեռացան և կործանվեցին: Բայց ջերմեռանդությամբ լեցուն կյանքը և առաքինության հանդեպ սերը ոչ միայն չեն առաջացնում նմանօրինակ ցանկություններ, այլև, եթե նույնիսկ այդպիսիք գոյություն էլ ունենային, կործանում են դրանք:
Եվ ի՞նչ ասաց Քրիստոս, երբ պատվիրաններ էր տալիս Իր աշակերտներին: Արդյո՞ք Նա ասաց. «Հրաշքնե՛ր գործեք, որպեսզի մարդիկ տեսնեն»: Ամենևին էլ ոչ: Ուրեմն ի՞նչ ասաց Նա․ «Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ․ 5։16): Դարձյալ, Հիսուս Պետրոսին չասաց. «Եթե սիրում ես Ինձ, հրաշքնե՛ր գործիր», այլ՝ «արածեցրո՛ւ Իմ ոչխարներին» (Հովհ․ 21։17): Եվ եթե Տերը մշտապես Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին էր նախընտրում մյուս առաքյալներից, ապա, ասա՛ ինձ, ի՞նչն էր դրա պատճառը: Արդյո՞ք նրանց գործած հրաշքների համար: Բայց նրանք տասներկուսն էլ, բոլորը հավասարապես, բժշկում էին բորոտներին և հարություն էին տալիս մեռելներին․ Տերը նրանց բոլորին հավասար իշխանություն էր տալիս: Ո՞րն էր, ուրեմն, այդ երեքի գերազանցությունը․ նրանց հոգևոր առաքինությո՛ւնն էր իրենց առավելությունը մյուսների նկատմամբ։ Այսպիսով, ինչպես տեսնում ես, կյանքն ու գործերն անհրաժեշտություն են ամենուրեք։ «Իրենց պտուղներով, - ասում է Տերը, - դուք կճանաչեք նրանց (հմմտ․ Մատթ․ 7։16):
«Հիսուս մեկ այլ առակ էլ ասաց նրանց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին վերցրեց և երեք չափ ալյուրի մեջ դրեց, մինչև որ ամբողջը խմորվեց» - Ահա թե ինչու է Հիսուս ձեզ «թթխմոր» անվանում. թթխմորն ինքն իրեն չի խմորում, այլ ուրիշ՝ մեծ ու անչափելի խառնուրդների, թեև ինքը՝ թթխմորը, շատ փոքր ու աննշան է։ Այդպես էլ պատահելու է ձեզ. չնայած դուք թվաքանակով փոքր եք, սակայն մեծ ու զորավոր եղեք ձեր հավատքով և Աստծու հանդեպ ջերմեռանդությամբ։ Ինչպես որ թթխմորը, չնայած իր փոքրությանը, անզոր չէ, այլ գործում է անհրաժեշտն իրեն բնորոշ ջերմության և ուժի շնորհիվ, այդպես էլ դուք կարող եք շատ ավելի մեծ բազմությունների նույնանման (ինչպիսին որ դուք ունեք) ջերմեռանդություն ներշնչել, եթե կամենաք։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Նա մէկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»:
Եվս մի առակ պատմեց նրանց: Ասաց. «Երկնքի արքայությունը նման է խմորի, որը մի կին առավ ու դրեց երեք չափ ալյուրի մեջ, և ամբողջը խմորվեց»:
Այս առակը նույնպես ունի կրկնակի իմաստ: Նախ՝ [Տերն] Իր մարմինն է «խմոր» անվանում, որը կնոջ միջոցով ծնելով՝ խառնեց Ադամի տան զանգվածին՝ հոգուն, մարմնին ու մտքին, և ամբողջն անմահացավ հարության հույսով, քանի որ Նա եղավ «ննջեցյալների առաջին պտուղը» (Ա Կոր. 15։20), կամ էլ Եկեղեցին Հոր, Որդու և Սուրբ Հոգու հանդեպ հավատով մկրտվեց Նրա անունով: Եվ կամ՝ «կին» է կոչում մարդու հոգին, որովհետև թեպետ ներգործելու [կարողության] պատճառով նրա բնությունն արական է, բայց Աստծուց բարու սերմերն ընդունելով՝ կարող է նաև երեք չափը՝ հոգու երեք մասերը՝ բանականությունը, ցասումն ու ցանկությունը, նաև [երկրային] ժամանակի երեք մասերը՝ անցյալը, ներկան ու ապառնին, [խմորել]: Ով հոգու երեք մասերում, ժամանակների երեք հատվածներում ու տարիքներում, հավատով, երկյուղով ու սիրով ընդունում է Տիրոջ Մարմինը Հաղորդության միջոցով՝ ըստ այսմ. «Ծոցումս թաքցրի Քո խոսքերը, որպեսզի չմեղանչեմ Քո հանդեպ» (հմմտ. Սաղմ. 118։11), այդպիսին ամբողջովին աստվածակերպվում ու լուսավորվում է՝ դառնալով Նրա մարմինն ու ոսկորը (Եփես. 5։30):
Երկրորդ՝ [Տերը] «խմոր» է կոչում Իր ուսմունքը՝ ձգողական հատկության պատճառով: Ինչպես որ խմորն է իր տեսակին փոխում մեծաքանակ ալյուրը (որը «երեք»-ով է խորհրդանշվում), այդպես էլ, [ասում է Տերը], դուք եք բոլոր երկրամասերը՝ Ասիան, Աֆրիկան ու Եվրոպան, փոխում խմորի հատկության օրինակով, քանի որ ինչպես որ դա է հնարավոր, այդպես էլ՝ սա: Բայց դա [հնարավոր է լինում], երբ խմորը խառնվում է: Այդպես էլ դուք ա՛յն ժամանակ կհաղթեք ձեր դեմ պատերազմողներին, երբ մտնե՛ք նրանց մեջ: Եվ այդպես էլ եղավ, որովհետև մեկի՝ մյուսից խմորման միջոցով շատերին իրենց ուսմունքին փոխեցին [խմորի] նույն հատկությամբ: [Տերը] սակավն աճեցրեց-շատացրեց, որովհետև ինչպես կրակն է շատ անտառներ բորբոքում-այրում, այդպես էլ [առաքյալները], խմորվելով Տիրոջից, շատ երկրներ խմորեցին՝ համոթ մեզ, որ այժմ այսքան վարդա պետներ մնացած [երկրները] չենք կարողանում դարձի բերել: Եվ դու բնավ մի՛ զարմացիր, որ [Տերը] երկնքի արքայությունը մանանեխի և խմորի հետ է համեմատում. որովհետև անխելքների ու տգետների հետ էր խոսում, ովքեր այնքան անգետ էին, որ բացատրության կարիք ունեին, իսկ դրանով ավելի էին քաջալերվում:
Սակայն այստեղ տարակուսանք է առաջացնում այն, թե ինչու է [Սուրբ] Գրքին հատուկ միևնույն առարկան որպես օրինակ գործածել թե՛ լավ, թե՛ վատ բաների համար: Օրինակ՝ «Ահա՛ Մարդ, և նրա անունն է Ծագում» (Զաք. 6։12), «Ինձնից երկյուղածների համար արդարության Արեգա կը կծագեցնեմ» (հմմտ. Մաղ. 4։2), «Բարձունքներից մեզ Արեգակը երևաց» (հմմտ. Ղուկ. 1։78) 1, իսկ հակառակ [իմաստով]՝ «Արեգակը ցերեկը թող չմեղանչի քո հանդեպ» (Սաղմ. 120։6), «Ծագեց արևը խորշակով հանդերձ» (Հակ. 1։11): Կամ՝ «Կխավարեն այն գիշերվա աստղերը» (Հոբ 3։9), բայց՝ «Ես եմ առավոտյան աստղը» (հմմտ. Հայտ. 22։16):
Նաև՝ «Առյուծի պես աներկյուղաբար ելար բազմեցիր» (հմմտ. Ծննդ. 49։9), [Եզեկիելի] տեսիլքում Աստծո կառքին լծված կենդանիներից մեկի դեմքն առյուծի էր (Եզեկ․ 1։10), իսկ հակառակ [իմաստով]՝ «Ձեր ոսոխ սատանան առյուծի պես գոչում է» (Ա Պետ. 5։8), «առյուծի պես դարանակալում իր որջում» (հմմտ. Սաղմ. 9։30):
Ուրիշ [օրինակ]. «Նրա որովայնից գետեր կբխեն» (Հովհ. 7։38), «Տիրոջ տնից աղբյուր կելնի» (Հովել 3։19), «Գետերի հոսանքներն ուրախացնում են Աստծո քաղաքը» (Սաղմ. 45։5), իսկ [բացասական իմաստով]՝ «Թող չընկղմեն ինձ ջրերի շրջապտույտները» (Սաղմ. 68։16), «Գետերի շրջապտույտները պաշարեցին ինձ» (հմմտ. Սաղմ. 87։18), «Ազատի՛ր ինձ առատ ջրերից» (Սաղմ. 145։7):
Եվս մեկը. «Որքա՜ն քաղցր են իմ քիմքում Քո խոսքերը, ինչպես մեղր՝ [իմ] բերանում» (Սաղմ. 118։103), «Կերա հացս իմ մեղրով» (Երգ 5։1), իսկ [բացասական իմաստով]՝ «Մեղր է կաթում պոռնիկ կնոջ շուրթերից» (Առակ. 5։3), «Քաղցր խոսքերով խաբում են ան մեղների սիրտը» (հմմտ. Հռոմ. 16։18):
Եվս մեկը. «Տերը մեզ համար եղջյուր բարձրացրեց Դավթի վրա» (հմմտ. Սաղմ. 131։17), «Բարձր կլինի արդարի եղջյուրը» (Սաղմ. 74։11), իսկ [բացասական իմաստով]՝ «Մեղավորների եղջյուրները կփշրես» (Սաղմ. 74։11), «Մի՛ բարձրացրեք ձեր եղջյուրները բարձունքներում» (Սաղմ. 74։5):
Եվս մեկը. «Սիոնի հիմքում ընտիր վեմ եմ դնում» (հմմտ. Ես. 28։16), իսկ [բացասական իմաստով]՝ «Քար գայթակղության և քար գլորման» (Հռոմ. 9։33): Կան և այլ այսպիսի շատ ու անթիվ [օրինակներ]:
Նույնն այստեղ է. «Երկնքի արքայությունը նման է խմորի», բայց՝ «Զգո՛ւյշ եղեք սադուկեցիների խմորից» (Մատթ. 16։6), և՝ «Ոչ թե հին խմորով ու չարության խմորով, այլ ստուգության ու ճշմարտության անխմոր [հացով]» (Ա Կոր. 5։8):
Այսպիսով՝ սրանց վերաբերյալ տարակույսներ են [ծնվում]: [Այս խնդրի] ճշմարիտ լուծումը հայտնի է ճշմարտախոհներին, բայց որքան մեր նվաստ դատողությանն է հասու, այն հասկանում ենք երկու կերպ: Նախ՝ ամեն արարածական էություն ունի երկդիմի զորություն՝ լավ և վատ: Հետևաբար, ըստ լավ կողմի [այն] լավ բաների համար են օրինակ բերում և ըստ վատի՝ վատ բաների: Շատից մեկը հիշատակենք: Ահա օձն իր թույնով դաժան է և մահաբեր, բայց հենց նրանից են հակաթույն պատրաստող բժիշկները հանում այն, ինչով նրա թույնը վերացնում են: Այդպես էլ արևը, որ լույսի պայծառությամբ պատվական է և ուրախություն պատճառող, տապով կիզիչ ու ցամաքեցուցիչ է: Այսպես էլ՝ ամեն ինչ: Երկրորդ՝ Աստված բնությամբ է բարի, քանի որ անեղ է, իսկ մարդիկ՝ ստացմամբ, քանի որ եղական 2են: Որովհետև ինչպես որ առաջին ստեղծագործության ժամանակ [մարդն] անէությունից լինելության եկավ փոփոխմամբ, այդպես էլ միշտ փոփոխվում է և բարուց դեպի չարը միտում, ուստի [Սուրբ] Գիրքը «Բարու և չարի գիտության ծառ» կոչեց [մարդու համար դրախտի կենտրոնում Աստծո տնկած ծառերից մեկը] (Ծննդ. 2։8): Ուրեմն՝ քանի որ [մարդն] իբրև արարածների գլուխ ստեղծվեց, իբրև աշխարհի գլուխ կարգվեց և ունայնացավ, նրա հետ նաև արարածները հնազանդվեցին [ընդունայնությանը]՝ ըստ առաքյալի. «Արարածներն ընդունայնությանը հնազանդվեցին ո՛չ իրենց կամքով, այլ նրա պատճառով, ով հնազանդեցրեց հույսով» (Հռոմ. 8։20): Ուստի ինչպես որ մարդն է երբեմն դեպի չարը դիմում, երբեմն՝ դեպի բարին՝ նշված պատճառով, այդպես էլ [մյուս] էակներն են երբեմն չար կողմով հիշվում, երբեմն՝ բարի՝ փոփոխական լինելով, ինչպես և մարդը, մինչև որ կյանքի ընթացքում դարձյալ կատարյալ բարուն հասնեն, ինչպես ասում է Պողոսը. «Եվ արարածներն իրենք էլ են հեծում ու երկնում մինչև այժմ, որպեսզի ազատվեն ապականության ծառայությունից դեպի Աստծո Որդու փառքի ազատությունը» (հմմտ. Հռոմ. 8։21-22), Դավիթն էլ [ասում է]. «Կտեսնեմ երկինքը՝ Քո մատների գործը, լուսինն ու աստղերը» (Սաղմ. 8։4)՝ նորոգմամբ հաստատված և չփոփոխվող այնպես, ինչպես այժմ:
Բայց եթե մեկն ասի, թե [մարդը կատարյալ] բարուն հասնելուց հետո [կարող է] դարձյալ չարի մեջ թավալվել, կասենք՝ ո՛չ, որովհետև կամ, չարի դաժանության փորձն առած լինելով, չի տենչա այն, այլ բարու մեջ կհավերժանա՝ թե ինքը՝ աշխարհի գլուխը, թե նրա հետ՝ ամբողջ աշխարհը, կամ էլ անթերի բարու մեջ կատարյալ կդառնա այնպես, որ չի կարողանա չարին վերադառնալ, ինչպես որ այժմ [չար] հրեշտակներն են չարիքների մեջ անշարժ՝ ջրից գոյացած բյուրեղ քարի պես: Եվ սրանով նկատի չունեմ անձնիշխան կամքի վերացումը, այլ բարու ընդունումը մտքի լրմամբ: Ահա սա է պատճառը, որ Գրքին հատուկ է միևնույն նյութի էությունն օրինակ բերել թե՛ բարու, թե՛ չարի համար:
--------------------------------
2 Անեղ- չստեղծված, անստեղծ: Եղական- ստեղծված, արարված: Այս նա-խադասությունը չի նշանակում, թե մարդիկ բնությամբ բարի չեն ստեղծվել, այլ թե մարդկային բնությունն իր բարությունն Աստծուց է ստացել, այդ պատճառով և այն ստացական է, մինչդեռ Աստված անստեղծ լինելու պատճառով և այն ստացական է, մինչդեռ Աստված անստեղծ լինելու պատճառով ոչ մեկից այն չի ստացել, այլ այն Նրա անքակտելի և անփոփոխ մասն է։
Ստեփանոս Սյունեցի (†735)
Նա մէկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»:
«Այլ առակ խոսեց նրանց հետ. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին առնելով, դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։
«Թթխմորը» Քրիստոսի վարդապետությունն է, «կինը»՝ մարդու հոգին: «Երեք չափ ալյուրը» հոգու երեք մասերն են՝ բանական, սրտմտական և ցանկական, և կամ ժամանակի երեք մասերը՝ անցյալը, ներկան և ապագան: Ով այս երեք ժամանակներում իր մեջ կպահեն Քրիստոսի վարդապետությունը, այնպիսին իրեն ամբողջովին կլուսավորի:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Նա մէկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:31
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: