Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ Հիսուս իսկույն Իր աշակերտներին ստիպեց, որ նավ նստեն ու Իրենից առաջ լճի մյուս կողմն անցնեն, մինչև Ինքն այդ ժողովրդին արձակի»։
Եթե Հիսուսի ներկայությամբ մարդիկ կարող էին մտածել, որ տեղի ունեցածը պարզապես երևակայական երազ է և ոչ թե իրականություն, ապա Նրա բացակայության դեպքում նրանք այլևս չէին կարող այդպես խորհել։ Ահա թե ինչու, երբ Քրիստոս Իր աշակերտներին թույլ տվեց մանրակրկիտ ուսումնասիրել տեղի ունեցածը, այնուհետ Նա աշակերտներին հրահանգեց իրենց հետ վերցնել տեղի ունեցած հրաշքների հուշերն ու ապացույցները և հեռանալ Իրենից։ Այլ դեպքերում նույնպես, որևէ մեծագործություն կատարելուց հետո, Քրիստոս ժողովրդին և Իր աշակերտներին հեռացնում էր Իրենից՝ այդպիսով մեզ սովորեցնելով երբեք մարդկային փառք չփնտրել կամ ամբոխներ չգրավել դեպի մեզ։ Իսկ ահա «ստիպել» բառով ավետարանիչն արտահայտում է աշակերտների դժկամությունը՝ Հիսուսից բաժանվելու պատճառով։ Քրիստոս նրանց հեռացրեց ամբոխին արձակելու պատրվակով, բայց իրականում՝ լեռը բարձրանալու մտադրությամբ։ Նա սա կրկին արեց մեզ ուսուցանելու համար, որպեսզի մենք միշտ չձգտենք լինել մարդկանց հետ, և ոչ էլ, միաժամանակ, մշտապես խուսափենք նրանցից, այլ փոխարենը օգտվենք երկուսից էլ ու ընդմիջաբար լինենք թե՛ միայնության և թե՛ հասարակության մեջ՝ անհրաժեշտությունից ելնելով։ Եկեք մենք նույնպես սովորենք լինել Հիսուսի հետ, բայց դա չանենք զգայական պարգևների արժանանալու համար, որպեսզի նախատինքների չարժանանանք, ինչպես նախատվեցին հրեաները։ Այդ մասին Հիսուս ասում է. «Դուք Ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից և կշտացաք» (Հովհ․ 6։26): Ահա թե ինչու Փրկիչը հաճախ չի կատարում նմանօրինակ հրաշքներ, այլ միայն երկու անգամ՝ մարդկանց սովորեցնելու համար որովայնին չծառայել, այլ անընդհատ կառչել հոգևոր օրհնություններից:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ նա իսկոյն իր աշակերտներին ստիպեց նաւակ մտնել եւ առաջանալ դէպի միւս կողմը, մինչեւ որ ինքը ժողովրդի բազմութիւնն արձակի:
Եվ իսկույն ստիպեց աշակերտներին մտնել նավ և [Իրենից] առաջ մյուս կողմն անցնել, մինչև Ինքը ժողովրդին ճանապարհ դներ:
Երբ մեծ գործեր էր կատարում, Իրեն մեկուսացնում էր ժողովրդից ու աշակերտներից, որպեսզի մեզ սովորեցներ մեզ համար փառք չփնտրել շատերից և դրա հետևից չընթանալ:
Իսկ որ ասում է՝ «ստիպեց աշակերտներին», ցույց է տալիս աշակերտների հնազանդությունը, որից մենք էլ սովորենք պատկառել Քրիստոսից, ինչպես Տիրոջ աշակերտները. ո՛չ միայն նյութական պարգևների համար,- որպեսզի հրեաների պես չնախատվենք թե՝ «Ինձ փնտրում եք, ոչ թե որ հրաշքներ տեսաք, այլ որ այն հացից կերաք ու հագեցաք» (Հովհ. 6։26),- այլև հոգևոր:
«Եվ մյուս կողմն անցնել, մինչև Ինքը ժողովրդին ճանապարհ դներ», որովհետև ժողովուրդը չէր կամենում Նրանից բաժանվել. ուստի ժողովրդի պատրվակով [աշակերտներին] ավելի շուտ ուղարկեց, որպեսզի նրանք գնային:
 Երբ ժողովրդին ճանապարհ դրեց, ելավ լեռը՝ առանձին աղոթելու:
Սրանով ևս խրատում է մեզ ոչ ժողովրդի հետ միշտ խառնվել, ոչ էլ բազմությունից շարունակ փախչել, այլ երկուսը պատշաճ ժամանակի կիրառել, ինչն օգտակար է թե սեփական անձին, թե շատերին:
Բայց հարկ է քննել, թե ինչու է լեռ բարձրանում: Որպեսզի մեզ սովորեցնի, որ անապատն ու միայնությունը լավ են, երբ կամենում ենք աղոթք մատուցել: Ուստի անապատ էր գնում ու ամբողջ գիշեր աղոթքով անցկացնում, որպեսզի այդ ժամանակի և տեղի շնորհիվ անխռով միտք ձեռք բերենք, այս կյանքի հանգանմանքների ալեկոծություններից մեր հոգին ազատենք և մտքով ելնենք երկինք, որն [այստեղ] «լեռեով է խորհրդանշվում:
Հարկ է գիտենալ և այն, որ ովքեր Քրիստոսին երկուսի են բաժանում, որոնք նեստորականներն ու սրանց համախոհներն են, ասում են, թե արարված բնությունն 1 էր աղոթում: Բայց եթե այդպես է, ապա [Քրիստոսը] երկու որդի և երկու անձ է, իսկ Ընդհանրական Եկեղեցին նզովում է [այսպես դավանողներին]: Այլ Խոսքը մարմնացավ և [մարդկության հետ] անշփոթաբար միավորվեց մարմնի մեջ, որը նույն պատիվն ու կանխագիտության զորությունն ընդունեց Խոսքից՝ աստվածային անձնավորության հետ հաղորդության պատճառով: Նրանն են թե՛ բարձրագույն, թե՛ նվաստագույն [գործերը], և Նրան Թովմասը «Տեր և Աստված» կոչեց (Հովհ. 20։28): Որովհետև [Քրիստոսն] աստվածային [գործերը]՝ մարդկաբար և մարդկայիններն աստվածաբար էր կատարում, որոնցից մեկն էլ աղոթելն է: Եվ Նրանն էր նաև մարմինը անճառ միավորության և անշփոթ խառնման 2 պատճառով:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
22-23. Եւ նա իսկոյն իր աշակերտներին ստիպեց նաւակ մտնել եւ առաջանալ դէպի միւս կողմը, մինչեւ որ ինքը ժողովրդի բազմութիւնն արձակի: Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար: Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ:
Բոլորովին նոր ու անակնկալ մի եռանդ առաջացավ հանկարծ Բեթսայիդայի անապատում հավաքված բազմության մեջ: Հիսուսի բժշկություններն արդեն հռչակված էին, վարդապետություններն ապշեցրել էին ժողովրդին, Նոր Ուխտի և Ավետարանի սկզբնավորությունը խորը տպավորություններ էր գործել: Հիսուսի անձը խորհրդավոր կերպարանք էր ստացել, մարգարե, մեծ մարգարե, խոստացյալ մարգարեն, ակնկալված Մեսիան էր կարծվում շատերի կողմից, թեպետև ոչ առանց վարանման: Եթե երբեմն ողջունում էին նրան՝ որպես Դավթի որդի, ապա Իր խոնարհ կերպարանքը և տկար երևածը շփոթեցնում էր մտքերը: Եթե ըստ հոգու մեծ լինելն էր վկայվում, ապա ըստ աշխարհի մեծ չէր երևում և բորբոքված եռանդները հանկարծ մարում էին, պատրաստ սրտերը ետ էին քաշվում և Հիսուս Նազովրեցուն որպես Մՙեսիա ընդունելու մտադրությունները կասեցնում էին:
Հացերի հրաշքը դեպքերի ընթացքը հիմնովին փոխեց: Ուրեմն Հիսուս կույր և կաղ, խուլ ու համր բժշկող և դևեր հալածելու իշխանություն ունեցող չէր միայն: Նա իր հետևորդներին նույնիսկ ոչնչով կերակրելու կարողություն ունեցող մեկն էր, որ ամեն արտաքին վտանգների ու փորձանքների դարմանն էլ կարող էր գտնել: Ուրեմն արժեր Նրան վստահել ու Նրան հետևել՝ խոստացյալ Մեսիան նրանից ավելի, Նրանից զորավոր, Նրանից կարող մեկը պիտի չլիներ: Ժողովուրդն իր համոզմունքը կազմեց, իր որոշումը տվեց և Բեթսայիդայի անապատում հրաշքով կերակրված հինգ հազարը, ամենը միաձայն ու միաբերան սկսեցին աղաղակել ու գոռալ և իրենց գոռում-գոչյունով թնդացնել լեռներն ու հովիտները. «Սա է ճշմարիտ Մարգարէն, որ գալոց է յաշխարհ», սա է մեսիան, սա է Փրկիչը, սա պիտի լինի մեր գլուխը: Հրեաներն ամբողջովին արտաքին՝ երկրային ու աշխարհային մի գաղափար էին կազմել Մեսիայի մասին և նույն գաղափարով այժմ ողջունում էին Հիսուսին: Եվ իրենց համար մի աշխարհային Մեսիա լինել կարծելով, իրենք ևս նույն հոգով ու նույն կերպով նրա հպատակության ու նրա ժառանգության տակ մտած էին հայտարարում իրենք իրենց:
Ծանր էր պարագան, անակնկալ մեսիական եռանդին ուժ տալը վտանգավոր էր, թո՛ղ թե այդ բանը բոլորովին հեռու և օտար էր Հիսուսի հոգուց ու գործից, հիմնովին հակառակ էր Ավետարանի սկզբունքներին, ոչ մի կերպով հնարավոր չէր այն համաձայնեցնել Հիսուսի վարդապետության և Նրա փրկագործ գործունեության հետ: Հիսուս այդ անակնկալ եռանդը մարելու ուրիշ եղանակ չգտավ, բացի խուսափելով ժողովրդին հուսախաբ թողնելուց և բնավ քաջալերություն չտալ նրանց անիմաստ բորբոքմանն ու մշակել նրանց բուռն երևակայությունը:
Կերակուրը վերջացել էր և մայրամուտի մոտ առաքյալներին հրամայեց, որ իսկույն Հուլյան-Բեթսայիդա նոր քաղաքի անմարդաբնակ լեռները քաշվեն, ուղիղ իջնեն հին Բեթսայիդայի նավահանգիստը և իրենց նավով, որով եկել էին, նորից ետ դառնան ու Կափառնայում գնան ու այնտեղ սպասեն Իրեն: Ինքն էլ ժողովրդին ցրելուց հետո, կհասնի նրանց: Առաքյալներին սկզբից ուղարկած լինելը իբրև փաստ օգտագործելով՝ սկսեց համոզել ժողովրդին, թե այնտեղ իրենց անելիք չկա, թե պետք է, որ Ինքը Կափառնայում վերադառնա՝ իր գործունեությունն այնտեղ շարունակելու համար: Ուրեմն պետք է, որ հավաքվածներն այնտեղ չմնան, այլ դառնան իրենց բնակավայրերը: Հիսուսի համոզիչ խոսքերը հանդարտեցրին անիմաստ բորբոքումը: Անշուշտ Հիսուս շատ ավելի հորդորներ խոսեց, որոնք Ավետարանները չեն հիշում, և մենք մեզնից ավելացնել չենք հանդգնում:
Հիսուսի հորդորներն իրենց արդյունքն ունեցան: Գիշերն էլ վրա հասավ: Ժողովուրդը հանդարտվեց և սկսեց կամաց-կամաց ցրվել: Մեծագույն մասը բռնեց ծովեզերքի ճանապարհը՝ Բեթսայիդայի նավահանգիստն իջնելու, մի մասն էլ իրենց մոտակա գյուղերն ու քաղաքները գնալու համար: Վերստին խոր լռությունն սկսեց տիրել Հուլյան-Բեթսայիդա քաղաքից այն կողմ գտնվող անմարդաբնակ լեռներում ու հովիտներում, որ մի պահ ահագին բազմության և ահավոր դղրդյունի թատերաբեմ էր դարձել:
Հիսուսն էլ, բոլորովին միայնակ մնացած, նույն անապատի բարձրագույն գագաթներից մեկի վրա առանձնացավ և սկսեց իր գիշերային աղոթքն անել: Առաքյալները Բեթսայիդայից մեկնելով՝ ծովի վրա էին գտնվում: Ժողովուրդը բռնել էր անապատից դեպի ծովեզերք տանող ճանապարհը, իսկ Հիսուս հսկում էր լեռան վրա: Այս էր նշանավոր օրվա վերջում վրա հասնող գիշերվա վիճակը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: