Ծննդոց գրքի մեկնություն 15:13

Սրբ. Եփրեմ Ասորի

Տէրն ասաց Աբրամին. «Լա՛ւ իմացիր, որ քո յետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում: Նրանց պիտի ստրկացնեն, պիտի չարչարեն, պիտի տանջեն չորս հարիւր տարի,

   

   Եւ որպեսզի ցույց տա նրան, թե հետագայում որտեղ են բնակվելու նրա զավակներն, ասաց. «Լավ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում»: Ոչ թե այս երկրում, այլ՝ օտար, ոչ թե բռնությամբ կամ գերությամբ կամ արհավիրքներից պատժվելու պատճառով, այլ նժդեհությամբ, այսինքն՝ պանդխտությամբ, ինչո՞ւ, որովհետև ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին չեն հասել, հակառակ դեպքում այդ նույն օրը կլիներ: Ինչո՞ւ տրտմեց, երբ ասաց, թե արդարև հնազանդվելու են քո զավակները, հարկ է հնազանդվել, ոչ թե ես եմ այդպես ուզում, քանզի ես կարող եմ արգելել եգիպտացիներին, որպեսզի չնեղացնեն նրանց, բայց նրանք չեն ցանկանա ելնել այնտեղից, եթե իրենց չնեղեն: Իսկ եթե եգիպտացիներին ես չնեղեի և քո որդիները նրանց հնազանդվեին ու դուրս գային, դու էլ չէիր տրտմի նրանց հնազանդության համար, որ լինելու է: Եւ այն ազգին, որ նրանց չարչարելու է, ես եմ դատելու և քո որդիները դուրս են գալու մեծ ունեցվածքով, որպեսզի իրենց աչքին մեծարվի իրենց այդտեղից հանող փրկիչը և ողորմություն գտնեն: Եւ այս ամենը նրան նախապես ասաց, որպեսզի երբ նրանք հնազանդվեն, նրանց միտքը չտկարանա և չկարծեն, թե մի այլ զորություն հնազանդեցրեց իրենց: Սրանք ոչ թե պատուհաս պատիժներ էին, այլ գալիք ժամանակների հայտնությունն էր և ծածուկ բաների գուշակումն էր՝ Աբրահամի լուսավոր իմաստությամբ: Թող հայտնի լինի քեզ, թե նա այդ ժամանակ պատարագ մատուցեց ոչ թե մեղքերի համար, այլ՝ հայտնության:

   Արդ, Աբրահամը ոչ թե բաժանելով բաժանվեց, որպեսզի այս պատճառով նրա զավակն ընդուներ պատուհասի պատիժները: Որովհետև այն ժամանակ նա հավատաց և դա նրան արդարություն համարվեց, իսկ եթե երկմտեր, ինքն իսկ կընդուներ պատիժների պատուհասը, այլ ոչ թե Հակոբի, Հովսեփի և Մովսեսի վրա կգային այդ պատիժների պատուհասները: Քանզի Հովսեփի եղբայրները նրան Եգիպտոս մահվան վաճառեցին. նա ոչ Հակոբի կողմից այնտեղ ուղարկվեց և ոչ էլ Աբրահամի երկմտության պատճառով, այլ Հովսեփի հանդեպ ունեցած Հակոբի սերը նրան այնտեղ իջեցրեց: Ինչպես, օրինակ, աչք չփակեց Մովսեսի հանցանքի վրա, որ լեռան վրա պատահեց, այլ կշտամբելով հանդիմանեց նրան՝ փոխանակ ասելու, թե քանի որ դուք ինձ չփառաբանեցիք, չեք մտնի ավետյաց երկիրը: Նմանօրինակ կերպով նա չանտեսեց Դավթի գործած մեղքը, այլ խայտառակեց նրան իր հանցանքի համար և ընդունեց նրա ապաշխարությունը, Եզեկիային նույնպես նշան ցույց տվեց, քանզի չհավատաց նա, արևի ստվերով նշան տվեց նրան, որպեսզի տեսնի և իմաստնանա: Նաև Զաքարիան, երբ երկմտեց հրեշտակի խոսքերից, հենց նույն ժամին իմաստնության նշան տվեց նրան, որպեսզի դրանից ուսանի նրա խոսքերի ճշմարտացիությունը: Քանզի երբ արդարը թերահավատում էր կամ երկմտում, հենց նույն ժամին նրան հանդիմանության նշան էր ցույց տալիս: Նույնպես նաև Աբրահամը, եթե նա երկմտեր Զաքարիայի կամ Եզեկիայի պես, նույն ժամին կպատժվեր: Բայց քանի որ հավատաց «դա նրան արդարություն համարվեց», և կմեղադրվեր, եթե երկմտեր.

   Այնուհետև ասում է նրան. «Քո հետնորդները պանդուխտ և նժդեհ են լինելու օտար երկրում», որով վանեց նրա երկմտությունը: Եւ չգիտեր, թե ինչ պատճառով է իր զավակի վրա այս խրատը գալու: Քանզի, եթե այս վայրի համար նրան ասվեց, թե ժառանգելու ես դու այս երկիրը և նա ասաց, թե ինչի՞ց իմանամ, ապա պետք չէր մտածել, թե Աբրահամը երկմտեց: Քանզի դրանից առաջ ասել էր նրան, թե քո զավակներին եմ տալու այս երկիրը: Եւ այնտեղ Տեր Աստծո համար զոհասեղան կառուցեց, որ երևաց իրեն: Եւ նորից ասաց. «Կանգնածդ տեղից քո աչքերով նայիր դեպի հյուսիս ու հարավ, դեպի արևելք ու ծով: Որովհետև ինչքան աչքդ կտրում է, այդ ողջ երկիրը հավիտյան քեզ եմ տալու և քո սերունդներին: Եւ նորից ասաց նրան. «Արի, շրջի՛ր այդ երկիրն իր երկարությամբ ու լայնությամբ, որովհետև այն քեզ եմ տալու»: Եւ եթե երեք անգամ ասվեց դա նրան ու նա չերկմտեց, ապա այս դեպքում նույնպես չէր երկմտի: Եւ եթե այդ օրվա մասին գրված է, թե Աստված նրա հետ ուխտ հաստատեց, թե այդ այդպես է, ապա հավատալով հավատաց նա և չերկմտեց: Եւ նրանք հնազանդվեցին, որպեսզի չմնան Եգիպտացիների երկրում և խափանվեր ավետիսը, և եգիպտացիներն էլ խրատվեին այն բանի պատճառով, որ մեծ-մեծ խոսեցին նրանց վրա, ըստ այնմ, թե. «Ես մի փոքր բարկացա, քանզի նրանք չարին աջակից եղան»:

   Արդ, այս խոսքերից չորս հարյուր երեսուն տարի հետո, թեպետ երկու հարյուր քսանհինգ տարի բնակվեցին այնտեղ, սակայն այդ բոլոր տարիների ընթացքում չէ որ նեղության մեջ եղան: Քանզի երբ Հովսեփը եկավ, նրանք այնտեղ պատվով բնակվեցին, ապա նրանց սկսեց նեղություն տալ այն թագավորը, ով չէր ճանաչում Հովսեփին: Իսկ այն տարում, երբ ծնվեց Մովսեսը, նրանց նեղություններն ու չարչարանքները հաճախակի դարձան, որովհետև ահա Ահարոնը երեք տարով մեծ էր Մովսեսից և նրա մայրը չէր մտահոգվում, թե ինչպես թաքցնի ու ծածկի Ահարոնին, ինչպես Մովսեսին արեց: Եւ ութսուներորդ տարում Մովսեսի միջոցով եղավ նրանց փրկությունը: Արդ, եթե երկու հարյուր քսանհինգ տարի նրանք բնակվեցին այնտեղ, բայց հալածվեցին միայն ութսուն տարի, ապա ո՞ւր մնաց այն, որ ասաց, թե չորս հարյուր տարի հնազանդ կլինեն օտար երկրում: Արդ, տե՛ս, որ այս չորս հարյուր տարվա վրա ավելացնում ենք ևս երեսուն տարի, քանզի այս տարիների հաշվարկը ոչ թե իրենց զավակներից, այլ իրենցից էին սկսելու. Արդ. Տասնհինգ տարիներն Աբրահամինն էին, վաթսունը՝ Իսահակինը, հարյուր երեսունը՝ Հակոբինը, երբ նրանք օտար էին համարվում այդ երկրում, թեպետ իրենց ժառանգության երկրում էին բնակվում: Բայց չորս դար է համարվում այն օրից, երբ նրանք մտան եգիպտացիների երկիրը: Քաղեբն ու Հեսուն չորրորդն են, բայց այն երեխաները, որ ելան Եգիպտոսից, հինգերրորդ [սերունդն] են: Եգիպտացիների երկրից ելած մանուկները, որոնք տասնինը տարեկան էին, մտան ավետյաց երկիր: Եւ ասելով. «որովհետև ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին չեն հասել», սրանով հայտնում էր, թե նրանք ամենևին չէին մտածում իրենց մեղքերը կրճատելու մասին, այլ մեղք մեղքի վրա էին ավելացնում: Քանզի ահա հինգ դար համբերող գտնվեց նրանց հանդեպ, ինչպես որ դրանից հինգ դար առաջ էլ մեղավոր էին: Բայց դարձյալ սա Աստծո համբերության մասին է խոսում, երբ ասում է. «Որովհետև ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին չեն հասել», սակայն նրա նույն համբերության մասին է հայտնում, ասելով, թե որտեղից է սկիզբ առնում ժամանակը, ինչպես, օրինակ, հայտնում է, թե որտեղից է վերցնում դատավճռի լրումը:

   Աբրահամը ելավ որպես արևելքի աստղ և համեմատվեցին նրա զավակները երկնքի աստղերի հետ: Եւ Իսահակը, որ պատարագվեց որպես մի գառ, նրա պատարագների պատարագն էր: Հակոբը, որ ստեց իր հորը այծի մորթիով, նրան էլ ստեցին իր որդիները ուլի մորթիով: Մովսեսին, որ մանուկ ժամանակ ցանկացան ջրի մեջ խեղդել, նրան խեղդել ցանկացողները ջրի մեջ խեղդվեցին:
   

Ա. Լոպուխին

Եվ Տէրն ասաց Աբրամին. «Լա՛վ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ են լինելու մի երկրում, որ իրենցը չէ։ Նրանց կստրկացնեն, կչարչարեն չորս հարիւր տարի... (Սինոդական թարգ․) [13]

   

   Աստծո այս պատասխանը վերաբերում է Աբրամի սերունդի ճակատագրին, որից ի հայտ է գալիս այն նոր ապացույցը, թե Աբրամի վերոնշյալ հարցն առնչվում էր միևնույն իրողությանը (8-րդ համար): Կարծես, ընդառաջ գնալով Աբրամին անհանգստացնող մտածումներին՝ նրա սերունդին սպասվող փոփոխական ճակատագրի վերաբերյալ, Տերը հայտնում է Աբրամին, որ նրա հետնորդները նախքան խոստման իրականցումը, պետք է վերապրեն մի ամբողջ փորձությունների և աղետների շարան. առաջին՝ նրանց սպասվում է տևական և անհանգիստ թափառաշրջում Քանանի երկրով մեկ: Երկրորդ՝ երկարատև և ծանր ստրկություն՝ նկատի է առնվում գերությունը Եգիպտոսում: Հրեական պատմության այս առաջին փուլի՝ թափառումների, աղետների և ստրկության ընդհանուր տևողություն ժամանակահատվածը, Աստված սահմանում է չորս հարյուր տարի: Ճիշտ ասած, այս ամբողջ ժամանակաշրջանի ավելի ստույգ թիվը, որի սկիզբը համարվում է Աբրամի քաղդեական Ուր քաղաքից դուրս գալը, իսկ վերջը՝ հրեաների Եգիպտոսից ելքը, մատնանշվում է չորս հարյուր երեսուն տարում (Ուրից դուրս գալու քսանհինգերորդ տարում ծնվեց Իսահակը: Վաթսուներորդ տարում Իսահակն ունեցավ Հակոբին: Հարյուր երեսուներորդ տարում Հակոբը վերաբնակվեց Եգիպտոսում և դրանից հետո երկու հարյուր տասնհինգ տարի է անցնում մինչ հրեաների ելքը. Ելք 12:40; Գղ. 3:17): Բայց երեսուն տարի, ակնհայտորեն, այստեղ մի կողմ են նետել հանուն կլոր թվի, ինչպես որ դա կիրարկվում է Աստվածաշնչի այլ տեղերում ևս, հատկապես հարյուրամյակներ հաշվելիս, որոնք կոչվում են նաև սերունդներ (16-րդ համար):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Աբրամին. «Լա՛ւ իմացիր, որ քո յետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում: Նրանց պիտի ստրկացնեն, պիտի չարչարեն, պիտի տանջեն չորս հարիւր տարի,
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Աբրամին. «Ստույգ իմացի՛ր, որ քո սերունդը մի երկրում, որն իրենը չէ, պանդուխտ պիտի լինի և ծառայություն պիտի անի, և նրանց չորս հարյուր տարի պիտի չարչարեն:
(Գրաբար) Եւ ասացա՛ւ առ Աբրամ. Գիտելո՛վ գիտասջի՛ր. զի պանդո՛ւխտ եղիցի զաւակ քո յերկիր որ ո՛չ իւր իցէ. և ծառայեցուսցեն զնոսա և չարչարեսցեն, և տառապեցուսցեն զնոսա ամս չորեքհարիւր։