Հովհաննես Ծործորեցի
19-20. քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ: Այս բոլորն են, որ պղծում են մարդուն. իսկ անլուայ ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»:
Որովհետև սրտից են դուրս գալիս չար խորհուրդները՝ սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյանքներ: Այս ամենն է, որ պղծում է մարդուն:
Այս բոլորը խոտելի և մերժելի էր Օրենքով: Դրանք իբրև գործերի կատարման` հոգին մարմնի հետ պղծող արմատ և աղբյուր ունեն սիրտը, որը հոգու իմացությունն ու մտավոր տեսությունն է, և դրանցով է [մարդը] հոժարությամբ ու ցանկությամբ ձգտում նշված [չար գործերին] և խոտորվելով Օրենքի խրատատվությունից՝ պղծվում՝ այստեղ օրինազանցությամբ հեռանալով Եկեղեցուց և այնտեղ՝ ինչպես մերժելի և անմաքուր կենդանիները՝ Արքայությունից: Այդ պատճառով էլ [Տերն ասես] զարմանքով նշում է, որ այդ ամենը բանական մարդուն պիղծ գազանների նման է դարձնում՝ ատելի ու զզվելի՝ Աստծո, մարդկանց և սուրբ հրեշտակների համար: Բայց [մեղքերի] սեռերը նշելով՝ դրանցով նաև տեսակներն է հուշում, ուստիև հոգնակիով է ասում՝ սպանություններ և այլն, որովհետև «սպանություններ» է կոչում նախանձելը, քինախնդիր լինելը, նենգելը: Այսպես իմացիր և մյուսները:
Իսկ անլվա ձեռքով ուտելը չի պղծում մարդուն:
Քանի որ դեռ չէին հանդուրժում լսել իրենց ցանկությունների և գործերի մասին, [Տերը], որպեսզի չվնասվեին, հանդարտեցնում է խոսքը՝ ասելով, որ անլվա ձեռքով ուտելը չի պղծում մարդուն: Սրանից մենք էլ պիտի խրատվենք՝ փախչելու նրանից, ինչը պղծում է, որովհետև եկեղեցում այսպիսի հրեական սովորություն ենք տեսնում, որ սուրբ Խորանին մոտենալու համար հոգում են մաքուր հագուստի և ձեռքերն ու բերանը լվանալու մասին, իսկ հոգին ասված պղծություններից մաքրելու և Աստծուն ներկայացնելու մասին չեն մտահոգվում: Սա ասելով՝ չեմ արգելում ձեռքերն ու բերանը լվանալ, բայց ոչ միայն ջրով լվացվենք, այլև առաքինությամբ: Որովհետև բերանի աղտ են չարախոսությունը, հայհոյանքը, բամբասանքը, տրտունջը, սուտը, երդմնազանցությունը, զրպարտությունը, գարշախոսությունը, խեղկատակությունը և այլն, և «մահն ու կյանքը լեզվի ձեռքին են» (Առակ. 18։21), ինչպես նաև արդարանալն ու դատապարտվելը: Իսկ ձեռքերի [աղտ] են գողությունը, զրկողությունը, հափշտակությունը, անգործությունը, արյունահեղությունը, հարվածներն ու այլ սույնպիսի բաներ: Աղաչում եմ՝ լվացվե՛նք այսպիսի աղտերից, որպեսզի չպղծվենք:
Մաղաքիա արք. Օրմանյան
քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:10
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: