Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
23-28. «Սակայն Հիսուս նույնիսկ մի բառ նրան չպատասխանեց։ Եվ Նրա աշակերտները մոտեցան և խնդրում էին նրան. «Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից»»։ «Հիսուս պատասխանեց ու ասաց. «Ես ուղարկվել եմ միայն Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»»։ «Իսկ կինը եկել և Նրան երկրպագում էր՝ ասելով. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»»։ «Նա պատասխանեց ու ասաց. «Լավ չէ երեխաների հացն առնել ու շների առաջ նետել»»։ «Իսկ նա ասաց. «Այո՛, Տե՛ր, սակայն շներն էլ իրենց տերերի սեղանից թափված փշրանքներով են կերակրվում»»։ «Այդ ժամանակ Հիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը. թող քեզ քո ուզածի պես լինի»։ Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց»։
«Սակայն Հիսուս նույնիսկ մի բառ նրան չպատասխանեց» (Մատթ. 15։23) - Ի՞նչ է նշանակում Հիսուսի այս նոր և անսովոր վարքը։ Նա հրեաներին և երախտամոռներին է ներառում Իր Արքայության մեջ, հայհոյողներին է կանչում, Իրեն փորձողներին չի լքում, իսկ նրան, ով անձամբ գալիս է Իր մոտ ու խնդրում և աղաչում է Իրենից, նրա՛ն՝ քանանացի այդ կնոջը, որը չգիտեր ո՛չ օրենքը, ո՛չ մարգարեներին, սակայն, այդուհանդերձ, բարեպաշտության սքանչելի օրինակ է ցույց տալիս, այդպիսի մեկին (քանանացի այդ կնոջը) Հիսուս նույնիսկ պատասխանի չի արժանացնում։ Ո՞վ չէր գայթակղվի Հիսուսի այս արարքի պատճառով՝ տեսնելով Փրկչի կողմից դրսևորվող այնպիսի մի վարմունք, որն այդքան անհամապատասխան էր Նրա մասին տարածված համբավին։ Ամենուր մարդիկ ունկնդիր էին լինում, որ Քրիստոս շրջում էր գյուղերում՝ հիվանդներին բժշկելու համար. բայց, ահավասիկ, Նա մերժում է նույնիսկ նրա՛ն, ով ինքը եկել էր Փրկչի մոտ։ Ո՞վ չէր մեղմի այդպիսի տառապանքը և ականջալուր չէր լինի այդպիսի խոնարհությանը, որով քանանացի կինն աղաչում էր իր դաժանորեն տառապող դստեր համար։ Այս կինն իրեն բարերարության արժանի չէր համարում, և եկել էր ո՛չ թե պահանջելու պատշաճը (այն, ինչ ինքը վաստակել էր), այլ խնդրում էր ողորմություն ցույց տալ և միայն հայտնում էր իր դժբախտության մասին։ Այդ ամենով հանդերձ, սակայն, կինը որևէ պատասխանի չի արժանանում։
Գուցե լսողներից շատերը, սա լսելով, գայթակղվեցին, բայց քանանուհի այդ կինը չգայթակղվեց։ Եվ ի՞նչ եմ ասում՝ «լսողներից շատերը»։ Կարծում եմ, որ նույնիսկ աշակերտներն իրենք էլ հուզվեցին կնոջ դժբախտությունից, շփոթվեցին և տխրեցին։ Սակայն շփոթվելով հանդերձ՝ չհամարձակվեցին Քրիստոսին ասել՝ «ողորմությո՛ւն ցույց տուր նրան»։ Այլ, «Նրա աշակերտները մոտեցան և խնդրում էին նրան. «Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից»»։ Այսպես էլ մենք, երբ ուզում ենք մեկ ուրիշին մի ինչ-որ բան համոզել, հաճախ անմիջականորեն չենք ասում այն, ինչ իսկապես ուզում ենք։ Քրիստոս պատասխանում է. «Ես ուղարկվել եմ միայն Իսրայելի տան կորած ոչխարների մոտ» (Մատթ. 15։24)։
Իսկ ի՞նչ արեց կինը։ Արդյոք լռե՞ց նա՝ լսելով այս պատասխանը։ Հեռացա՞վ։ Կորցրե՞ց իր քաջությունը։ Ո՛չ։ Նա էլ ավելի սաստկացրեց իր աղաչանքները։ Մինչդեռ մենք այդպես չենք վարվում։ Եթե չենք ստանում մեր խնդրածը, իսկույն դադարում ենք խնդրելուց, մինչդեռ պետք էր էլ ավելի ջանասիրությամբ խնդրել։ Ո՞վ չէր շփոթվի Փրկչի խոսքերից։ Միայն Քրիստոսի լռությունն ինքնին բավական էր քանանացուն հուսահատության մեջ գցելու համար։ Առավել ևս՝ կնոջը հուսահատության կարող էր մատնել Քրիստոսի պատասխա՛նը։ Տեսնելով իր նման շփոթված իր բարեխոսներին և լսելով, որ իր խնդրանքը չի կարող կատարվել, կինը կարող էր ամբողջովին կորցնել իր հույսը։ Եվ, այդուհանդերձ, կինը չհուսալքվեց, այլ, տեսնելով իր համար միջնորդողների անկարողությունը, զինվեց խրախուսելի համարձակությամբ։
Նախկինում նա չէր համարձակվում նույնիսկ Տիրոջ երեսին երևալ, ինչպես ասվում է Ավետարանում. «․․․աղաղակում է մեր հետևից»։ Իսկ այժմ, եթե անհուսության մատնվեր, պետք էր ամբողջովին հեռանալ Հիսուսից, նա էլ ավելի է մոտենում և երկրպագում է Նրան՝ ասելով. «Տե՛ր, օգնի՛ր ինձ» (Մատթ. 15։25)։
Ո՛վ կին։ Մի՞թե դու ավելի շատ համարձակություն ունես, ավելի շատ քաջություն, քան առաքյալները։ Ո՛չ, — ասում է նա, — ես ո՛չ համարձակություն ունեմ, ո՛չ քաջություն։ Ընդհակառակը, ամաչում եմ, բայց իմ աղաչանքը համարձակորեն են մատուցում։ Գուցե Նա գնահատի իմ համարձակությունը»։ Բայց ի՞նչ է, մի՞թե չլսեցիր, որ Հիսուս ասաց՝ «Ես ուղարկվել եմ միայն Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ Լսեցի, — ասում է կինը, — բայց Նա Տերն է․․․»։ Հենց այդ պատճառով էլ կինը չասաց՝ «խնդրիր և աղաչիր», այլ՝ «օգնի՛ր ինձ»։
Ի՞նչ արեց Քրիստոս։ Նա դրանով էլ չբավարարվեց, այլ դեռ էլ ավելի խորացրեց կնոջ շփոթությունը՝ ասելով. «Լավ չէ երեխաների հացն առնել ու շների առաջ նետել» (Մատթ. 15։26)։ Կնոջն ի վերջո պատասխանի արժանացնելով՝ Տերն Իր խոսքերով իրականում էլ ավելի խոցեց նրան, քան թե դա արել էր Իր լռությամբ։ Նա որպես Իր խոսքի մեղմացում այլևս հղում չի անում մեկ ուրիշին և չի ասում՝ «Ես ուղարկվել եմ», այլ որքան կինը սաստկացնում է իր խնդրանքը, այնքան էլ Հիսուս ավելի վճռականորեն է մերժում նրան։ Քրիստոս հրեաներին այլևս «ոչխարներ» չի անվանում, այլ՝ «որդիներ», իսկ այդ քանանացի կնոջը՝ «շուն»։
Իսկ ի՞նչ է անում կինը։ Նա հենց Հիսուսի խոսքերում է գտնում իր պաշտպանությունը։ Եթե ես շուն եմ, - կարծես ասում է նա, - ուրեմն օտար չեմ։ Արդարացի ասաց Քրիստոս. «Դատաստանի համար եկա այս աշխարհը» (Հովհ. 9։39)։ Կինն իմաստություն է դրսևորում, ցույց է տալիս մեծ համբերություն և հավատք՝ չնայած իր նվաստացմանը։ Իսկ ահա հրեաները, բժշկություններ և պատիվներ ստանալով, հակառակաբար են հատուցում։
«Ես գիտեմ, — ասում է այս քանանացին, — որ որդիներին անհրաժեշտ է սնունդ տալ, բայց ինձ էլ այն ամբողջովին արգելված չէ, չնայած որ շան նման եմ։ Եթե ինձ համար ընդհանրապես անհնար լիներ սննդից օգտվելը, ապա անհնար կլիներ նաև փշրանքներից սնվելը։ Եթե ես կարող եմ թեկուզ չնչին մասնակցություն ունենալ այդ «հացկերույթին», ապա ինձ համար այն ամբողջովին արգելված չէ, չնայած որ ես շան նման եմ։ Կամ, ավելի ճիշտ, որովհետև ես նմանվում եմ շներին, հենց այդ պատճառով էլ մասնակցություն եմ ունենում այդ հացին»։ Քրիստոս գիտեր, որ նա սա է ասելու։ Հենց այդ պատճառով էլ դանդաղեցնում էր օգնություն ցույց տալու գործընթացը, հենց այդ պատճառով էլ սկզբում հրաժարվում էր նրան շնորհելու իր խնդրածը, որպեսզի այդպիսով ցույց տար այդ կնոջ իմաստությունը։
Եթե Քրիստոս ընդհանրապես չուզենար օգնություն ցույց տալ նրան, ապա չէր օգնի նաև այդ ամենից հետո, և չէր շարունակի նորից լռեցնել նրան։ Բայց ինչպես Տերը վարվեց հարյուրապետի հետ՝ ասելով. «Ես կգամ և կբժշկեմ նրան» (Մատթ. 8։7), որպեսզի մենք իմանանք այդ մարդու բարեպաշտության մասին և նրանից լսենք այս խոսքերը. «Ես արժանի չեմ, որ Դու իմ հարկի տակ մտնես» (Մատթ. 8։8), ինչպես վարվեց արյունահոսող կնոջ հետ՝ ասելով. «Զգացի, որ Ինձնից զորություն դուրս եկավ» (Ղուկ. 8։46), որպեսզի այդպիսով հայտնի դարձնի այդ կնոջ հավատքը, ինչպես վարվեց սամարացի կնոջ հետ, որպեսզի ցույց տա, որ նա Իրենից չհեռացավ նույնիսկ մեղադրանքի արժանանալուց հետո, — Հիսուս այդպես էլ վարվում է նաև այժմ՝ քանանացի կնոջ պարագայում։ Նա չուզեց թաքցնել այս կնոջ այդքան մեծ առաքինությունը, և այն խոսքերը, որոնք ասում էր նրան, ասում էր ոչ թե քանանացուն նախատելու համար, այլ որպեսզի նրան կանչեր Իր մոտ և բացահայտեր թաքնված գանձը։
Բայց դու, հավատքի հետ մեկտեղ, ճանաչի՛ր նաև նրա խոնարհությունը։ Տերը հրեաներին անվանեց «որդիներ», իսկ քանանուհին չբավարարվեց դրանով, այլ նրանց «տերեր» անվանեց։ Նա այդքա՜ն հեռու էր ուրիշների փառքին նախանձելուց։ «Եվ շներն էլ, — ասում է նա, — կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով» (Մատթ. 15։27)։ Տեսնո՞ւմ ես կնոջ խելամտությունը։ Նա չհակառակվեց, չնախանձեց ուրիշների գովեստներին և չվիրավորվեց սեփական անձի դեմ հասցեագրված վիրավորանքից։ Հոգու ինչպիսի՜ ամրություն։ Քրիստոս ասում է՝ «լավ չէ», նա պատասխանում է՝ «այո՛, Տե՛ր»։ Նա հրեաներին «որդիներ» է անվանում, իսկ նա՝ «տերեր»։ Հիսուս իրեն «շուն» է անվանում, և նա ինքն իրեն է վերագրում շանը հատուկ գործողությունը։ Տեսնո՞ւմ ես նրա խոնարհությունը։ Այժմ նայի՛ր հրեաների հպարտությանը։ «Մենք Աբրահամի սերունդ ենք, — ասում են նրանք, — և երբեք ոչ մեկին ստրուկ չենք եղել․․․մենք Աստծուց ենք ծնվել․․․ (տե՛ս Հովհ. 8։33 հմմտ․ 8։41)։ Մինչդեռ այս կինն այդպես չի վարվում։ Նա իրեն «շուն» է անվանում, իսկ նրանց (հրեաներին)՝ «տերեր», և հենց դրա՛ շնորհիվ նա դարձավ որդի։
Եվ ի՞նչ արեց Քրիստոս։ «Ո՛վ կին, — բացականչում է Նա, — մեծ է քո հավատը» (Մատթ. 15։28)։ Հենց այս պատճառով էլ Նա մինչև այժմ դանդաղեցնում էր օգնություն ցույց տալու գործընթացը, որպեսզի ասեր այս խոսքերը և այդպիսով պսակադրեր քանանուհի այս կնոջը։ «Թող քեզ լինի՝ ինչպէս որ կամենում ես», այսինքն՝ քո հավատքը կարող է սրանից էլ ավելին գործել, բայց «թող քեզ լինի ըստ քո ցանկության»։ Այս բացականչությունը նման է «թող հաստատվի երկինքը․ և եղավ այդպես» հրամանին։ «Եվ նրա դուստրը նույն ժամին բժշկվեց»։ Տեսնո՞ւմ ես, թե նա որքան նպաստեց իր դստեր բժշկությանը։ Հենց այդ պատճառով էլ Քրիստոս չասաց՝ «թող քո դուստրը բժշկվի», այլ՝ «մեծ է քո հավատը, թող քեզ լինի՝ ինչպէս որ կամենում ես», որպեսզի դու իմանաս, որ քանանացի կնոջ ասածները ոչ թե դատարկ կամ շողոքորթ խոսքեր էին, այլ մեծ հավատքի զորությունն էին արտահայտում։ Վերջինիս լավագույն ապացույցը և վկայությունը դարձավ հենց այն իրողությունը, որ նրա դուստրն անմիջապես բժշկվեց։
Նկատի՛ առ, որ այս կինը կատարեց այն, ինչն անելիս պարտվեցին և չկարողացան կատարել առաքյալները։ Ահա այսպիսի՛ն է անդադար աղոթքի զորությունը։ Աստված ուզում է, որ մենք մեր կարիքների ժամանակ ինքներս ավելի շատ խնդրենք Նրան, քան թե՝ ուրիշները միջնորդեն մեզ համար։ Թեև առաքյալներն ավելի շատ համարձակություն ունեին, բայց կինը մեծ համբերություն ցուցաբերեց։ Կնոջ խնդրանքը կատարելով՝ Քրիստոս աշակերտների աչքերի առջև արդարացրեց բարիք պարգևելու գործում Իր հապաղումը և ցույց տվեց, որ արդարացիորեն չէր ընդառաջել նրանց (Իր իսկ աշակերտների) խնդրանքին։
«Բայց Նա նրան պատասխան չտվեց» - Տարօրինակ արարք։ Այդ կինը խնդրում է, աղաչում է, սգում է իր դժբախտությունը, սաստկացնում է իր ողբը, հայտնում է իր տառապանքը, բայց Մարդասերը չի պատասխանում, Խոսքը լռում է, Աղբյուրը չի բացվում, Բժիշկը չի տալիս դարմանը։ Սա ի՞նչ անսովոր երևույթ է, ի՞նչ տարօրինակ արարք։ Ուրիշների մոտ Դու Ինքդ ես գնում, իսկ այս մեկին, ով անձամբ է եկել քեզ մոտ, հեռացնո՞ւմ ես Քեզնից։ Սակայն նայի՛ր Բժշկի իմաստությանը. «Բայց Նա նրան պատասխան չտվեց»։ Ինչո՞ւ․ որովհետև ուշադրություն էր դարձնում ո՛չ թե խոսքերին, այլ գիտեր թաքնված մտածումները։ «Բայց Նա նրան պատասխան չտվեց»։ Ի՞նչ արեցին աշակերտները։ Քանի որ կինը պատասխան չէր ստանում, նրա՛նք մոտեցան Փրկչին և ասացին. «Արձակի՛ր նրան, որովհետև մեր հետևից աղաղակում է»:
«Բայց չէ՞ որ դու լսում ես արտաքին ձայնը, իսկ Ես՝ ներքինը. մեծ է նրա շուրթերի աղաղակը, բայց ավելի մեծ է հոգո՛ւ աղերսը»։ «Արձակի՛ր նրան, որովհետև մեր հետևից աղաղակում է»։ Ավետարանիչներից մյուսն էլ ասում է՝ «մեր առջև» (Մարկ. 7։25)։ Խոսքերը հակադիր են, բայց ոչ սուտ, որովհետև նա անում էր թե՛ մեկը, և թե՛ մյուսը։ Սկզբում քանանացին աղաղակում էր նրանց հետևից, իսկ երբ Հիսուս չպատասխանեց նրան, նա մոտեցավ առջևից՝ ինչպես շունը, որ լիզում է իր տիրոջ ոտքերը։ «Արձակի՛ր նրան. նա իրարանցում է ստեղծել, ամբոխ է կուտակել»։ Աշակերտներն ուշադրություն էին դարձնում մարդկային տխրությանը, իսկ Տերը՝ մարդասիրությանը և կնոջ փրկությանը։
Նա, ով գիտի գաղտնի մտածումները, լուռ է մնում և չի արձագանքում, չի հաճում խոսել նրա հետ և չի կարեկցում կնոջ թուլությունը՝ տեսնելով, թե ինչպես է նա գալիս Իր մոտ այդպիսի աղաղակով։ Հիսուս դանդաղում է՝ ցանկանալով բոլորին բացահայտել կնոջ հոգում թաքնված գանձը։ Քրիստոս տեսավ այդ ծածուկ գանձը և չէր ուզում, որ այն մեզ համար անհայտ մնար։ Ահա թե ինչու Փրկիչը հապաղում է և չի բարեհաճում պատասխանել քանանուհուն, որպեսզի այդ կնոջ մեծ համառությունը դաս դառնա հաջորդ բոլոր սերունդների համար։ Եվ տե՛ս, թե որքա՜ն անմեկնելի է Աստծու բարեգթությունը։ «Բայց նա,- ասում է Սուրբ Գիրքը,- նրան պատասխան չտվեց»։ Եվ աշակերտները, կարծելով, թե իրենք ավելի կարեկից և ավելի սիրող են, քան Քրիստոս Ինքը, չեն համարձակվում ուղղակիորեն ասել՝ «կատարի՛ր նրա խնդրանքը, ողորմի՛ր նրան, կարեկցի՛ր նրան»։ Իսկ ի՞նչ են ասում նրանք։ «Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից», կարծես ասելով՝ «ազատի՛ր մեզ այս անհարմարությունից, ազատի՛ր մեզ նրա աղաղակներից»։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Բայց նա նրան պատասխան չտուեց, եւ նրա աշակերտները մօտենալով՝ աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետեւ մեր յետեւից աղաղակում է»:
Բայց Նա պատասխան չտվեց նրան:
Ո՞ւմ [սիրտը] չէին շարժի կնոջ վիշտն ու պաղատանքը, որ ցավերի մատնված միամորիկ դստեր համար աղաղակում էր և իրեն անարժան համարելով՝ միայն պաղատում էր ողորմություն գտնել, սակայն անգամ պատասխանի չարժանացավ: Իսկ Տերը ձգձգում էր, որպեսզի նրա փափագը մեծացներ և հեթանոսների փրկությունն արդարությամբ պատրաստեր, որովհետև ում հաճախ էր շնորհում, արհամարհում էին, իսկ ում մերժում էր, ջերմագին խնդրում էին: Որ սա այսպես է, հաջորդ [խոսքն] է ցույց տալիս, ուր անգամ աշակերտները [կնոջ համար] աղաչանքով մոտեցան [Հիսուսին]:
Նրա աշակերտները մոտեցան ու խնդրեցին Նրան՝ ասելով. «Ուղարկի՛ր նրան, աղաղակում է մեր հետևից»:
Լսողներից շատերն էին թերևս գայթակղվում, սակայն ո՛չ կինը: Եվ ի՞նչ ասեմ լսողների մասին, եթե աշակերտներն էլ այդպիսի բան մտքով անցկացրին: Սակայն թեպետ խռովվեցին, չհամարձակվեցին ցույց տալ, այլ միայն խնդրելով ասացին՝ ուղարկի՛ր, այսինքն՝ կատարի՛ր նրա խնդրանքը, որովհետև ոչ թե ուրիշի, այլ մեր հետևից է թախանձելով աղաղակում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: