Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 15:29

Հովհաննես Ծործորեցի

Եւ Յիսուս մեկնելով այդտեղից՝ եկաւ Գալիլիայի ծովեզերքը եւ, լեռը բարձրանալով, նստեց այնտեղ:
   

   Հիսուսն այդտեղից հեռացավ, եկավ Գալիլեայի ծովեզրը, լեռ բարձրացավ ու նստեց այնտեղ:

   Միշտ չէ, որ հեթանոսներով էր շրջապատում Իրեն, որպեսզի պատրվակ չստեղծեր նրանց համար, ովքեր պատրվակ են փնտրում, այլ կարճ [ժամանակով] էր հանդիպում նրանց, և այդ՝ որպեսզի հրեա ժողովրդի նախանձը շարժեր: Ուստիև այնտեղից հեռացավ եկավ Գալիլեա և բարձրացավ առանձին նստեց լեռան վրա, որպեսզի [ժողովուրդը] հավաքվեր Նրա մոտ. որովհետև երբեմն Ինքն էր շրջում [ժողովրդի մեջ], երբեմն էլ սպասում էր, որ Իր մոտ գային, որպեսզի նրանց բարեպաշտությունը հարկադիր չլիներ, այլ կամավոր: Կամ էլ աղոթքի համար առանձնացավ լեռան վրա, ինչպես մի ուրիշ անգամ ևս 827, որովհետև առաքինությունը կրկնակի է լինում՝ աստվածսիրություն և մարդասիրություն, և մեզ իբրև օրինակ՝ Տերը երկուսն էլ միշտ հանդես էր բերում. աղոթքի միջոցով՝ աստվածսիրությունը, և ուսուցման ու բժշկության միջոցով՝ մարդասիրությունը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

29-31. Եւ Յիսուս մեկնելով այդտեղից՝ եկաւ Գալիլիայի ծովեզերքը եւ, լեռը բարձրանալով, նստեց այնտեղ: Նրան մօտեցաւ բազում ժողովուրդ. նրանց մէջ կային կաղեր, կոյրեր, համրեր, հաշմուածներ եւ ուրիշ շատեր: Սրանց բերին գցեցին նրա ոտքերի առջեւ, եւ նա նրանց բժշկեց. այնպէս որ, ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խօսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկւում, կոյրերը՝ տեսնում. եւ փառք էին տալիս Իսրայէլի Աստծուն:
   
   Ո՞րքան մնաց Հիսուս Փյունիկեի սահմաններում, քանանուհի աղջկա բժշկումից բացի այլ բժշկություններ կատարե՞ց, ի՞նչ ճամփով վերադարձավ․ այս բոլոր հարցերի մասին տեղեկություններ չկան, և երկու ավետարանիչներին հետևելով տեսնում ենք, որ Հիսուս հանկարծ Գալիլիայի մի ծայրից մյուսն է անցել, Հյուսիս արևմտյան ծայրից հարավ արևմտյան ծայրը, Փյունիեի սահմաններից մինչև Դեկապոլսի սահմանները։ Այդ ուղևորության համար պետք էր Գալիլիան ծայրից ծայր ճեղքելով անցներ, և առանց ջանք խնայելու, լռելյայն անցնելն էլ դժվար էր․ սակայն ավետարանչներից ոչ մեկը ոչինչ չեն ասում։ Եվ եթե նրանք չեն ասում, մենք էլ չենք կարող պատմել։
   Դեկապոլսի կողմը մի անգամ էր միայն գնացել Հիսուս, Գերգեսա գնացած ժամանակ (Մատթ. 8:18),բայց այդ անգամ դուրս էր եկել Գալիլիայի ծովակի արևելյան եզերքի մեջտեղը։ Այս անգամ Ավետարանն ասում է․ «Եկե ի ծովեզրն Գալիլիացւոց ի մէջ սահմանաց ի Դեկապոլիս»։ Իսկ գալիլիացիների ծովեզրը ծովակի արևմտյան եզերքն է, որի հարավային ծայրը գնում է խառնվում է Դեկապոլսի գավառի հետ։ Այս կողմերում էր գտնվում Հիսուս, երբ Իր շուրջը նորից սկսեցին հավաքվել գալիլիացիները, որոնց մեջ, եթե հակառակորդների մի մաս կար, մյուս կողմից էլ մի ուրիշ մաս կար, որ կարոտ էր բժշկության և հիշում էր անցյալ տարիներին կատարված հրաշքները, և Հիսուս, չգտնվելով իր սովորական կենտրոնում՝ Կափառնայումում, ստիպված էր անցնել ծովակի մյուս ծայրը՝ Դեկապոլսի սահմանի վրա։ Մատթեոսը հիշում է դիմող հիվանդների ու բժշկություն ընդունողների խմբի մասին։ Հիսուսի ետևից եկողները իրենց հետ բերում էին կաղեր, կույրեր, համրեր, անդամալույծներ և շատ ու շատ ախտավորներ և խեղանդամներ, ինչպես նաև խուլեր, բորոտներ, դիվահարներ, և բոլորին միանգամից շարում էին Հիսուսի առջև և նա բոլորին բժշկում էր։ Բազմությունը հիացած, զարմացած դիտում էր, թե ինչպես են համրերը խոսում, կաղերը քայլում, անդամալույծներն առողջանում, կույրերը տեսնում, խուլերը լսում, բորոտները սրբվում, դևերը հալածվում և բոլոր հիվանդները բուժվում և երախտագիտությամբ օրհնում էին Իսրայելի Աստծուն, որ Իր ժողովրդին այդպիսի շնորհներ է պարգևում։
   Ընդհանուր բժշկությունների շարքից մեկը առանձին կերպով է հիշատակում Մարկոսը․ հավանաբար բժշկվողի նշանավոր և հայտնի ախտավոր լինելու համար։ Խուլ ու համր մեկն էր սա, որը ի ծնե չլսող ու չխոսող էր, որի համար հատուկ աղաչողներ և միջնորդներ էին եկել, որոնք աղաչում էին, որ ձեռքը դնի վրան, որպեսզի բժշկվի։ Հիսուս մի կողմ տարավ հիվանդին, բռնեց ականջը և բացեց, թքեց մեջը և մատը ներս մտցրեց, մյուս ձեռքով բռնեց լեզվից, աչքերը բարձրացրեց երկինք, հառաչեց, և երկու ձեռքերը շարժելով ասաց․ «Եփփաթա», կամ ավելի ճիշտ տառադարձությամբ «Ետպէտա», որ արամերեն թարգմանվում է․ «Բացի՛», այսինքն «բացվի՛ր»։ Խուլ ու համրի լեզուն վայկենապես բացվեց, և սկսեց ճիշտ խոսել ու կատարյալ լսել։
   Այստեղ Մարկոս ավետարանիչը նորից հիշում է Հիսուսի բժշկվողներին և նրանց ընկերներին տրված հրամանը, որպեսզի չքարոզեն և չհռչակեն կատարված հրաշքը։ Հիսուսի այդ արգելքների մասին քանիցս հիշել ենք, և նորից կրկնելու կարիք չկա։ Գալիլիացիները ճանաչել էին Հիսուսի հրաշագործությունը, նորանոր պատմություններով համոզելու կարիք չկար, մինչև իսկ հնարավոր էր ձապշխողվող արդյունքի հասնել, կարծել տալով՝ թե Հիսուս հետամուռ է արտաքին համբավի և սին ցուցմունքների։ Սակայն ժողովուրդը երբեք չէր լսում այդ հանգամանքը, ընդհակառակը, քանի բժշկությունները շատանում էին, ամեն կողմ տարածվող լուրերն ընդարձակվում էին, և բնական էլ էր, որովհետև բավական էր, որ յուրաքանչյուր բժշկված հաղորդեր իր ստացած շնորհը մերձավորներին և հարազատներին, որպեսզի ընդհանուր համբավ և հռչակ ստեղծվեր։
   Պատմված վերջին բժշկության մեջ այնպիսի հանգամանքներ են հիշված, որ մի պահ մտածել են տալիս, թե Հիսուս բժշկական կամ վիրաբուժական գործողություններ է ցանկացել կատարել, որոնք եթե իրոք արհեստական մի նշանակություն չունեն, կարող են եղծել հրաշքի նշանակությունը, իսկ եթե ընդհանրապես նշանակություն չունեն, կարող են ենթարկվել անօգուտ ձևակերպումների մեղադրանքի։ Ավետարանում հազիվ թե 3-4 անգամ են հիշվում այսպիսի հրաշքներ, մինչ ընդհանուր կերպով հրաշքները կատարված են պարզ հրամանով, կամ ձեռք դնելով, կամ հագուստին քսվելով։ Մեզ հայտնի է, որ սովորական թուքը բնավ էլ ուժ չունի խուլերին բժշկելու համար, մատն ականջը մտցնելն էլ ոչ թե օգուտ, այլ ավելի շատ վնաս կարող է տալ, լեզուն բռնել քաշելով համրերին բժշկելու ձևը դեռ ճանաչված չէ, հետևաբար արհեստական որևէ միջոց չի կարող ենթադրվել իբրև բժշկության պատճառ։ Իսկ թե ինչու՞ է Հիսուս արհեստական ձևեր գործածել և այն էլ 3-4 անգամից ավելի քան 3-4 հազար, չասեմ 30-40 հազար Իր բուժումների մեջ, մենք չենք համարձակվում մի պատճառ կամ բացատրություն տալ, չուզենալով երևալ որպես աստվածային խորհուրդների մեկնությունը տվող հանդգնող մեկը։ Հիսուս ցանկացավ մի քանի անգամ այդ ձևը գործածել։ Իսկ եթե ուզեց և կատարեց, նշանակում է մասնավոր հանգամանքները այս ձևերի գործածությունը թելադրեցին, որոնք ավետարանիչները մեզ չեն հասցրել։