Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:25

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

25-27․ «Որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, նա կկորցնի այն, իսկ ով իր կյանքը կորցնի Ինձ համար, նա կգտնի այն»։ «Մարդուն ի՞նչ օգուտ, եթե նա ամբողջ աշխարհը շահի, բայց իր հոգին վնասի, կամ մարդն ի՞նչ փրկագին կտա իր հոգու համար»։ «Որովհետև Մարդու Որդին գալու է Իր Հոր փառքով, Իր հրեշտակների հետ և այդ ժամանակ ամեն մեկին հատուցելու է ըստ իր գործերի»։
   
    Ապա, քանի որ պատվիրանը ծանր էր թվում, տե՛ս, թե Հիսուս ինչպես է մեղմացնում այն Իր հետագա խոսքերով, ինչպես է առաջարկում ջանքերից էլ ավելի մեծ պարգևներ, և ոչ միայն պարգևներ, այլև պատիժներ՝ մեղքերի համար։ Պատիժներով հատուցելու հարցում ավելի է ծավալվում, քան պարգևների հարցում, որովհետև սովորաբար ոչ այնքան բարիքների խոստումը, որքան խիստ սպառնալիքն է իմաստուն դարձնում շատերին։ Տե՛ս, ուրեմն, թե Քրիստոս ինչպես է Իր խոսքը սկսում այստեղ, և հենց նույն խոսքով էլ ավարտում միտքը․ «Որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, նա կկորցնի այն, իսկ ով իր կյանքը կորցնի Ինձ համար, նա կգտնի այն։ Մարդուն ի՞նչ օգուտ, եթե նա ամբողջ աշխարհը շահի, բայց իր հոգին կորցնի, կամ մարդն ի՞նչ փրկագին կտա իր հոգու համար» (Մատթ. 16:25-26)։ Այս խոսքերը նշանակում են հետևյալը. մի՛ մտածեք, թե Ես ձեզ չեմ խնայում. ընդհակառակը, շատ եմ խնայում, երբ ձեզ պատվիրում եմ սա։ Ճիշտ այնպես, ինչպես նա, ով խնայում է իր որդուն, կորցնում է նրան, իսկ ով չի խնայում, պահպանում է նրան։ Նույն միտքն էր արտահայտել նաև մի իմաստուն՝ ասելով. «Եթե գավազանով պատժես» քո որդուն, «չի մեռնի, բայց դու կփրկես նրա հոգին դժոխքից» (հմմտ․ Առակ. 23:13-14)։ Դարձյալ նաև. «Ով գուրգուրում է իր որդուն, նրա վերքերը կկապի» (Սիրաք 30:7)։ Նույն բանն է պատահում նաև զինվորների հետ. եթե զորավարը, զինվորներին խնայելով, թույլ է տալիս նրանց միշտ տանը մնալ, ապա այդպիսով կործանում է նաև նրանց, ովքեր նրանց հետ են։ Այսպիսով, որպեսզի նույն բանը ձեզ չպատահի, - ասում է Հիսուս, - դուք մշտապես պետք է պատրաստ լինեք մահվան։ Չէ՞ որ արդեն իսկ այժմ էլ բորբոքվում է սարսափելի պատերազմը։ Դրա համար տանը մի՛ նստիր, այլ գնա՛ և կռվի՛ր. եթե անգամ դու ընկնես էլ այդ պատերազմում, միևնույն է, այդ վայրկյանին իսկ կապրես։ Եթե տեսանելի կռիվներում մահվան գնացողն ավելի փառավոր է մյուսներից և անհաղթ է համարվում, ու այդպիսին հատկապես ահեղ է թշնամիների համար (չնայած նրան, որ թագավորը, ում համար զինվորը զենք է վերցնում, ի զորու չէ մահից հետո հարուցանել այդ զինվորին), ապա որքա՜ն առավել այս հոգևո՛ր պատերազմում, երբ թևածում է հարություն առնելու մեծագին հույսը, իր հոգին մահվան մատնողը կվերագտնի այն՝ նախ, որովհետև այն դյուրությամբ պարտության չի մատնվի, երկրորդ, որովհետև եթե ընկնի էլ, իր համար ավելի լավ կյանք ձեռք կբերի։

    Ապա, քանի որ «որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, նա կկորցնի այն, իսկ ով իր կյանքը կորցնի Ինձ համար, նա կգտնի այն» խոսքերն ասելով՝ մի դեպքում գործածում է «փրկել», իսկ մյուս դեպքում՝ «կորցնել» բառը, ուստի որպեսզի որևէ մեկը չկարծի, թե կորցնելը և փրկելն այդ երկու դեպքում էլ նույն նշանակությունն ունեն, այլ պարզորոշ տեսնի, որ առաջին և երկրորդ «փրկություններ»-ի միջև այնպիսի տարբերություն կա, ինչպիսին կորստի ու փրկության միջև, Քրիստոս սա բացատրում է հակառակ օրինակով. «Մարդուն ի՞նչ օգուտ, - ասում է Նա, - եթե նա ամբողջ աշխարհը շահի, բայց իր հոգին վնասի»։ Տեսնո՞ւմ ես, որ հոգին ոչ պատշաճ կերպով փրկել՝ նշանակում է կորցնել այն, և դեռ ավելի վատ, քան կորցնելը՝ անդառնալիորեն կորցնել, այնպես որ այլևս որևէ միջոց չի մնա այն փրկագնելու համար։ «Ինձ մի՛ ասա, - ասես այսպես է ասում Հիսուս, - որ ամենամեծ վտանգներից խուսափողը փրկում է իր հոգին, այլ պատկերացրո՛ւ, որ այդ մարդու հոգուն է հպատակվել ողջ տիեզերքը, սակայն նրան դրանից ի՞նչ օգուտ կլինի՝ այն դեպքում, երբ նրա հոգին կորստյան է մատնվում»։

    «Մարդն ի՞նչ փրկագին կտա իր հոգու համար», - Քրիստոս դարձյալ դիմում է քեզ՝ հրամայելով ամեն կերպ հոգ տանել հոգուդ մասին, և միայն հոգո՛ւ մասին հոգալ։ Հոգու կորստյան մատնանշումով վախ ներշնչելով՝ Քրիստոս մխիթարում է նաև բարիքների խոստումով. «Որովհետև Մարդու Որդին գալու է, - ասում է Քրիստոս, - Իր Հոր փառքով, Իր հրեշտակների հետ և այդ ժամանակ ամեն մեկին հատուցելու է ըստ իր գործերի» (Մատթ. 16:27)։ Տեսնո՞ւմ ես, որ Հոր ու Որդու փառքը մեկ է։ Իսկ եթե փառքը մեկ է, ապա ակնհայտ է, որ Նրանց Էությունն էլ մեկ է։ Եթե, էության միասնության դեպքում անգամ, փառքերի միջև գոյություն ունի տարբերություն («այլ է փառքը արեգակի, այլ է փառքը լուսնի և այլ է փառքը աստղերի. և մի աստղ փառքով առաւել է, քան մի ուրիշ աստղ» (Ա Կորնթ. 15:41), թեև նրանք պատկանում են միևնույն էությանը (բնությանը), ապա ինչպե՞ս կարելի է ոչ միասնական համարել Նրա՛նց, որոնց փառքն իսկ մեկ և միևնույն է (խոսքը Հոր և Որդու միության մասին է)։ Եվ Քրիստոս չի ասում՝ «այնպիսի փառքով, որը հատուկ է Հորը», - որպեսզի դու կրկին չմտածես, թե այստեղ ինչ-որ տարբերություն կա Նրանց միջև, - այլ ողջ ճշգրտությամբ ցույց է տալիս, որ փառքը մեկ ու նույնն է՝ ասելով, թե մարդու Որդին (Ինքը՝ Քրիստոս) գալու է Իր Հոր փառքով։ Այսպիսով, - ասում է Հիուս, - ինչո՞ւ ես վախենում, Պետրո՛ս, մահվան մասին լսելով։ Այն ժամանակ դու Ինձ տեսնելու ես Հոր փառքով։ Իսկ եթե Ես փառքով եմ փառավորվելու, ապա նաև դուք եք փառք ժառանգելու։ Ձեր վարձատրությունն այս ներկա կյանքում չէ. բնավ, դուք ժառանգելու եք մեկ այլ, ավելի կատարյալ վիճակ։ Բարիքների մասին խոսելուց հետո էլ, սակայն, Հիսուս դրանով չի սահմանափակվում, այլ ավելացնում է նաև սպառնալիքներ՝ հիշատակելով վերջին դատաստանի, խիստ քննության, անաչառ վճռի, արդար որոշման մասին։ Սակայն Տերը չէր ցանկանում Իր խոսքով միայն տխրեցնել նրանց, այլ ասվածին միախառնում էր բարեհաճ հույսի սպասումը։ Հիսուս չասաց՝ այդ ժամանակ պատժելու է մեղավորներին, այլ՝ «ամեն մեկին հատուցելու է ըստ իր գործերի»։ Սա ասելով, Քրիստոս նկատի ուներ ոչ միայն մեղավորների պատիժը, այլև արդարների պարգևները և պսակները։ Նա սա ասաց, որպեսզի քաջալերի նաև առաքինի մարդկանց։

    Մինչդեռ ես միշտ դողում եմ՝ դատաստանի մասին լսելով, քանի որ ես պսակավորվողների թվին չեմ պատկանում։ Կարծում եմ, որ ուրիշները նույնպես վախենում և սարսափում են, քանի որ ո՞ւմ չի վախեցնի, ո՞ւմ մեջ սարսուռ չի առաջացնի այս խոսքը, եթե ունկնդիրը գիտակցաբար ընդունի այն։ Ո՞ւմ չի ստիպի համոզվել, որ քուրձն ու ամենախիստ պահեցողությունը մեզ ավելի հարկավոր են, քան նինվեացի ժողովրդին։ Մեզ սպառնում է ո՛չ թե քաղաքի կործանումը, ո՛չ թե ընդհանուր կորուստը, այլ մեզ ուղղված խոսքը վերաբերում է հավերժական տառապանքին ու չմարող հրին։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

որովհետեւ ով կամենայ իր անձը փրկել, այն կը կորցնի. եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կը գտնի այն:
   
    Որովհետև ով կամենում է իր անձը փրկել, կկորցնի այն, և ով կորցնի իր անձն Ինձ համար, կգտնի այն:

    Երբ վշտերից ճողոպրելու համար են փրկություն փնտրում, [Տերը] դա կորուստ է կոչում, իսկ Իր համար եղած վշտերն ու կորուստները գյուտ ու փրկություն անվանում: Բայց որպեսզի թե այստեղի, թե այնտեղի վերաբերյալ «կյանք» և «կորուստ» լսելով՝ որևէ մեկն այն կյանքն ու այստեղինը նույնը չկարծի, ասում է, թե նրա և սրա միջև տարբերությունն այնքան է, որքան կորստի և գյուտի միջև: Ուստի ովքեր այստեղ, հանցավոր կյանքով ապրելով, փառք ու պատիվ են գտնում, մշտնջենավոր [կյանքում] կորստյան են մատնվելու դժոխքի ու տանջանքների մեջ: Իսկ ովքեր այստեղ [իրենց կյանքը] չարչարանքներով ու մահվամբ կորցնում են, այնտեղ հավիտենական կյանք ու հան գիստ են գտնե լու: Ուստի հիմար են, ովքեր, կառչած լինելով այս ապականացու [կյանքից], զրկվելու են մնայուն ժառանգությունից, որովհետև այս [կյանքը] մնայուն չէ, իսկ մյուսից էլ զրկվելու են, ինչպես ասում է [Տերը]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

որովհետեւ ով կամենայ իր անձը փրկել, այն կը կորցնի. եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կը գտնի այն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:20