Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 17:12

Հովհաննես Ծործորեցի

բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդէն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ, ինչ որ կամեցան, արեցին նրան. նոյնպէս եւ մարդու Որդին նրանց ձեռքով չարչարուելու է»:
   
   Բայց ասում եմ ձեզ, որ Եղիան արդեն եկել է:
   Ի՞նչ է սա. ասաց՝ կգա, այժմ էլ թե՝ «արդեն եկել է»: Հակասություն չկա այստեղ. «կգա»-ն մարգարեի [խոսքն] էր, որ [Հիսուսն] ասաց, իսկ «եկել է»-ն՝ Իրենը: Ուզում է ասել. «Ըստ Իմ գալստյան կարգի է և մարգարեների գալուստը: Եթե առաջին գալստյանս սպասավորին ես փնտրում, նա արդեն եկել է, դա Հովհաննես [Մկրտիչն] է. իսկ եթե երկրորդինը՝ երբ [Իմ] այդ գալուստը մոտենա, նաև [Եղիա] Թեզբացին կգա»:

   Բայց ինչո՞ւ [Հիսուսը] Հովհաննեսին Եղիա կոչեց՝ [ասելով], որ նա արդեն եկել է: Նախ՝ որովհետև [Հովհաննեսը], անապատում բնակվելով և մաշկյակով բավարարվելով, նույն կյանքն էր վարում, ինչ Եղիան: Երկրորդ՝ սպասավորության նույն գործն էր կատարում, որովհետև ինչպես որ նա երկրորդ [գալստյան] կարապետն է լինելու, այդպես սա առաջինինը եղավ և [Եղիայի] պես համարձակ էր: Այդ պատճառով էլ [Հիսուսը Հովհաննեսին] Եղիա կոչեց՝ ցույց տալով նրա՝ Եղիային նման լինելը՝ ըստ հրեշտակի, [ով Հովհաննեսի մասին ասաց]. «Կգա Եղիայի զորությամբ ու հոգով» (Ղուկ. 1։17), այսինքն՝ ոչ թե Եղիայի բնությամբ, այլ զորությամբ՝ նրա շնորհի ընդունմամբ: Ահա այս պատճառով [Հիսուսն] ասաց. «Եղիան արդեն եկել է»: Կամ էլ՝ սա ասաց, որովհետև մոտ է երկրորդ գալուստը, որից [առաջ] գալու է Եղիան:

   Եվ չճանաչեցին նրան, այլ վարվեցին նրա հետ, ինչպես կամեցան:

   Եթե չեն ճանաչել, ուրեմն մեղադրելի էլ չեն: Սակայն, թեպետ չճանաչեցին, որ [Հովհաննեսը] Եղիան է և նրան հավասար սպասավոր՝ Փրկչի առաջին գալստյան համար, գիտեին, որ խոստման ծնունդ է, հենց [մոր] որովայնից լցված է Հոգով, մեծացել է անապատում և բոլորովին հրաժարվել այս կյանքի հաճույքներից, ինչի համար էլ պետք էր պատվել [նրան], իսկ նրանք ոչ միայն չպատվեցին, այլև վարվեցին նրա հետ, ինչպես կամեցան, ինչպես ասում է [Հիսուսը]: Այդ պատճառով էլ աններելի են: Իսկ ինչպե՞ս վարվեցին նրա հետ. բանտ գցեցին, անարգեցին, սպանեցին, գլուխը սկուտեղի վրա բերեցին սեղան նստածների առաջ, քանի որ սա՛ էին կամենում՝ վերացնե՛լ [իրենց] հանդիմանողին, ինչ-պես Աքաաբն ու Հեզաբելը՝ Եղիային, ում «խանգարիչ» էին կոչում 912:

   Այդպես նաև Մարդու Որդին է չարչարվելու նրանցից»:
   Երբ խոսեց Հովհաննեսի [չարչարանքների մասին], դրանց հարեց և Իրենը, որպեսզի ցույց տար, որ, ինչպես Հովհաննեսը, Ինքն էլ էր անարդարացիորեն չարչարվելու հրեաների կողմից: [Սա ասաց], որպեսզի [աշակերտները] մխիթարվեին: Միևնույն ժամանակ ցույց տվեց [Իր չարչարանքների] կամավոր լինելը, քանի որ չասաց. «Ինչպես այդպես կվարվեն և Ինձ հետ», այլ [միայն]՝ որ չարչարվելու է նրանցից: Նաև սովորեցրեց [աշակերտներին] չվհատվել, երբ վշտեր պատահեն, որովհետև, [ասում է], եթե Հովհաննեսը սպանվեց, և Հովհաննեսի Տերը չարչարվելու է նրանցից, ապա մեծ բան չի լինի, եթե մեզ հավասար տանջվեք:
   [Այս խոսքով] նաև ցույց է տալիս [հրեա] ազգի խակամտությունն ու խստասրտությունը. որովհետև այնքան ժպիրհ էին, որ արդարներին բազմաթիվ [միջոցներով] հանիրավի մահվան էին դատապարտում՝ ըստ մարգարեի 913:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդէն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ, ինչ որ կամեցան, արեցին նրան. նոյնպէս եւ մարդու Որդին նրանց ձեռքով չարչարուելու է»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:9