Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 17:21

Հովհաննես Ծործորեցի

21-22. Եւ մինչ նրանք Գալիլիայում դեռ շրջում էին, Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը,ու նրան պիտի սպանեն, եւ նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: Եւ նրանք շատ տխրեցին:
   
   Մինչ նրանք շրջում էին Գալիլեայում, Հիսուսն ասաց նրանց. «Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու , սպանելու են Նրան, և երրորդ օրը հարություն է առնելու»: Եվ տրտմեցին հույժ:

   Ինչո՞ւ է շարունակ Իր չարչարանքների մասին խոսում: Կամ՝ քանի որ Գալիլեայում էին շրջում, որպեսզի չասեին թե՝ «Տվայտում ենք այստեղ», [Երուսաղեմում Իր կրելիք չարչարանքների մասին] խոսեց, որպեսզի սա լսելով՝ բնավ չկամենային Երուսաղեմը տեսնել անգամ, կամ էլ նախ չարչարանքների մասին խոսեց, ապա հրաշքներ գործեց, այժմ կրկնում է [խոսքերը], որպեսզի մխիթարվեն՝ [հասկանալով], որ կամովին է գնում չարչարվելու և ոչ թե հարկադրաբար: Ուստի միայն չարչարանքների մասին չի [խոսում], այլև առընթեր դնում է Իր մահվան կերպը և հարությունը, որը [մահվանից] երեք օր հետո էր լինելու: Բայց նրանք չէին կարողանում դիմանալ [սրանք] լսելուն կամ տեսնելուն, ուստի ոչ թե մի փո՛քր տրտմեցին, այլ «հո՛ւյժ», որովհետև շատ էին կապված Ուսուցչի հետ և Նրա մահվան մասին լսում էին, իսկ դրանից լինելիք օգուտը չէին հասկանում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

21-22․ Եւ մինչ նրանք Գալիլիայում դեռ շրջում էին, Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, ու նրան պիտի սպանեն, եւ նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: Եւ նրանք շատ տխրեցին:
   
   Թաբորի ստորոտում կատարված լուսնոտ դիվահարի բժշկությունը մեծ արձագանք գտավ ամենուր, հասավ անգամ Գալիլիա: Որոշ ժամանկ անց մեղմացել էր նաև սառնությունը: Հիսուս որոշեց նորից Իր քարոզչությունների ու հրաշագործությունների կենտրոն Կափառնայում գնալ, ուր մի քանի ամիս ոտք չէր դրել: Թաբորի կողմից մինչև Կափառնայում գնալու համար պետք էր անցներ Գալիլիայի միջով, սակայն հնարավորին չափ անաղմուկ ու անձանձրույթ, միշտ լավագույնը համարելով, որ գործն ինքն իրեն խոսի, այլ ոչ թե խոսքն ու ձայնը, որոնք երբեք օգտակար չեն, հաճախ նույնիսկ՝ վնասակար: Այդ մտադրությունը բացահայտորեն հիշատակում է Մարկոսը. «Ոչ կամէր եթէ ոք գիտասցէ»: Հետևաբար ուղիղ գծով ցամաքի ճանապարհը պիտի բռնած լինի, դեպի Մագդաղա և Գեննեսարեթ, որ է Կափառնայում տանող մեծ պողոտան:
   Անշուշտ ճանապարհին ծավալված խոսակցությունները պետք է վերաբերվեին վերջին դեպքերին: Հիսուս հատուկ մտադրությամբ յուրայիններին սրտով ու մտքով նախապատրաստել էր Իր մոտալուտ մահվանը: Նախատեսելով, որ հանկարծ կարող էին շփոթվել, ուստի չարչանքների ու մահվան կանխագուշակությունն ավելացնում է երրորդ օրը հարություն առնելու ավետիսը: Աշակերտները լսում էին, տխրում Հիսուսին կորցնելու համար, իսկ հարություն առնելու վերաբերյալ հատուկ գաղափար կազմել չէին կարողանում: Անհարմար էին զգում Հիսուսից հարցնել այդ մասին, որովհետև հարության վերաբերյալ հետաքրքրությունը կարող էր մահվան նկատմամբ անտարբեր գտնվելու իմաստն ստանալ:
   Մյուս կողմից, անդրադառնալով Հիսուսի մահվանը, սկսում են մտածել, թե ինչպիսի՞ն պիտի լինի իրենց վախճանը, կկարողանա՞ն շարունակել սկսած գործը: Անշուշտ, այդ վերջին գաղափարը պետք է տեղ գտած լիներ իրենց մտքում, որովհետև, գործը շարունակելու համար, զգում էին իրենցից մեկին ավագ կարգելու անհրաժեշտությունը: Այդ պատճառով միմյանց հետ ծանր վեճի են բռնվում՝ որոշելու համար, թե. «Ո՞ արդեօք մեծ իցէ ի նոցանէ» , քանի որ ամեն մեկն էլ հետամուտ էր մեծ կոչվելու: Այդ վիճաբանությունն ինքնըստինքյան հաստատում է, թե առաքյալների մեջ որևէ մեկը որպես մեծ չէր նշանակվել կամ ճանաչվել: Հետևաբար, Հերմոնի մոտակայքում Հիսուսի Պետրոսին ուղղած երանությունը, ո՛չ Հիսուսի մտադրությամբ և ո՛չ էլ առաքյալների հասկացողությամբ, Պետրոսին առավելություն կամ գլխավորություն տալու իմաստ չի ունեցել, ինչպես որ մենք ևս բացատրեցինք (Մատթ. 16:17-19):