Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 17:3

Հովհաննես Ծործորեցի

Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ:
   
   Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, ովքեր խոսում էին Նրա հետ:

   «Ահա» ասելը հանկարծակիություն է ցույց տալիս: Երբ [Հիսուսի] դեմքը փառավորվեց, մարգարեները երևալով վկայեցին, որ դա Նա է, Ով Սինայի վրա երևաց [Մովսեսին] լույսի փայլատակմամբ 882, Եղիայի ժամանակ հայտնվեց թեթև Սյուքով 883, այդպես էլ այժմ առաքյալների առաջ այլակերպվեց: [Մարգարեների հայտնվելը] սոսկ երևում չէր, ինչպես Սամվելինը՝ Սավուղի առաջ 884, այլ իրական գալուստ. նրանք ժամանել էին այնտեղ Տիրոջ հրամանով:

   Իսկ ինչո՞ւ Մովսեսն ու Եղիան [Հիսուսի] փառավորվելուց ոչ թե առաջ, այլ հետո՛ երևացին, կամ փառավորվելուց հետո ինչո՞ւ երևացին: Որպեսզի ցույց տրվեր, որ արդարների վայելչությունն ապագայում է հայտնի դառնալու՝ ըստ այսմ. «Երբ Քրիստոսը՝ ձեր Կյանքը, հայտնվի, այդժամ դուք ևս փառքով կհայտնվեք Նրա հետ» (Կող. 3։4):

   Բայց թե ինչու հենց Մովսեսին ու Եղիային բերեց Իր հետ խոսակցելու, շատ պատճառներ ունենք նշելու: Նախ՝ հենց այն պատճառով, որ ժողովրդի մեջ ոմանք Քրիստոսի մասին ասում էին, թե Եղիան է, ոմանք էլ թե՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը 885, գլխավոր մարգարեներին բերեց կանգնեցրեց լեռան վրա, որ տեսնեին, թե որքան տարբերություն կա ծառաների և Տիրոջ միջև, և դրանից հասկանային, որ Պետրոսն իրավացիորեն գովվեց:
   Երկրորդ՝ քանի որ բամբասում էին Նրանից, թե Օրենքը խախտում է, և կարծում էին, թե Իրեն է վերագրում Հոր փառքը, որը Նրան վայել չէ, [ասում էին]. «Դու մարդ ես և Քեզ Աստված ես դարձնում» (Հովհ. 10։33), ուստի Մովսեսի ու Եղիայի միջոցով ցույց տվեց, որ նախանձից են բամբասում: Որովհետև եթե Օրենքը խախտում էր կամ Հոր փառքը յուրացնում, Մովսեսը, ով Օրենքը տվեց, և Եղիան, ով Աստծո փառքի համար վրեժխնդիր էր լինում, հանձն չէին առնի աղաչելու մի օրինազանց և հայրերի կրոնին հակառակող մարդու կամ էլ վկայելու Նրա մասին, եթե ստույգ չիմանային, որ Նա Աստծո Որդին է:
    Երրորդ՝ որպեսզի իմանաս, որ Նա ողջերի և մեռյալների Տերն է և հավասարապես իշխում է վերինների ու ստորինների վրա, մեկին՝ ողջերի և մյուսին մեռելների միջից է բերում:
   Չորրորդ՝ քանի որ եկավ ոչ միայն ողջերին փրկելու, այլև դժոխքում գտնվող հոգիներին ազատելու, ուստի Եղիայի միջոցով վերիններին ու ներքևում գտնվող բանականներին ավետիսը տվեց Իր գալստյամբ մարդկանց փրկելու, որոնց փրկությունը խնդություն էր վերինների համար, իսկ Իր մահվամբ դժոխքն ավերելու մասին հայտնեց Մովսեսի միջոցով՝ [նրան] դժոխքից հանելով:

   Հինգերորդ՝ [Մովսեսին ու Եղիային բերեց], որպեսզի աշակերտներին խրատեր հեզ լինել, ինչպես Մովսեսը, ով ասում էր. «Եթե ներում ես նրանց, ների՛ր, իսկ եթե ոչ՝ ինձ և՛ս ջնջիր գրքիցդ, որում գրեցիր» (Ելք 32։32), և նախանձահույզ ու խիստ լինել, ինչպես Եղիան, ով երեք տարի սովով տանջեց անարժան ժողովրդին 886:
   Վեցերորդ՝ [աշակերտներից այնպիսի] առաքինություն էր պահանջում, ինչպիսին Մովսեսն ու Եղիան իրենց ժամանակներում ունեցան: Որովհետև ասել էր. «Ով կամենում է գալ Իմ հետևից, թող խաչը վերցնի ու հետևի Ինձ» (հմմտ. Մատթ. 16։24), ուստի, որպեսզի չվհատվեին, մարգարեների միջոցով մխիթարություն մատուցեց՝ նրանց փառավոր ցույց տալով, [որպեսզի աշակերտները հասկանային], որ միշտ չեն լինելու վշտերի մեջ, այլ պատերազմներն անցնելու են, և չարչարանքներից հետո փառքի ու հանգստի են հասնելու, ինչպես մարգարեները, ովքեր թեպետ չարչարվեցին, մեկը՝ փարավոնի ձեռքով, մյուսը՝ Աքաաբի, սակայն նրանց չարչարանքները փառքի պատճառ դարձան:
   Յոթերորդ՝ անընչություն 887 քարոզեց նրանց, ուստի, որպեսզի այն ծանր չհամարեին, բերեց Մովսեսին, ով ավելի լավ համարեց Քրիստոսի նախատինքը, քան եգիպտացիների բազում գանձերը 888 և [իր հետ] տանում էր միայն արդարի ոսկորները 889, իսկ Եղիան միայն մաշկյակով 890 էր բավարարվում 891, և սա՝ դեռ Հին [ուխտում]:
    Ութերորդ՝ հայտնեց Եկեղեցուն, որ միայն Որդին չէ, որ փառավորվում է Իր արքայության մեջ, այլև Իր աստվածության փառքով ուրախանալ տվեց կույսերին ու ողջախոհ ամուսնացյալներին՝ Եկեղեցու խորհրդով, որն ունի և՛ կույսեր, և՛ պարկեշտ ամուսնացյալներ, ինչպես այնտեղ՝ [լեռան վրա], Մովսեսն ու Պետրոսը և Եղիան ու Զեբեդեոսի որդիները:

   Իններորդ՝ բերում է եբրայեցիների բանակի զորավար Մովսեսին և անապատաբնակ Եղիային, որպեսզի հասկանանք, որ երկրային զբաղմունքները չեն կարող մեզ հեռացնել Աստծուց, միայն թե ըստ Նրա կամքի ընթանանք:
    Տասներորդ՝ Մովսեսին ու Եղիային միաբանեց առաքյալների հետ, որպեսզի Հին ու Նոր [ուխտերը] միաբաներ՝ [ցույց տալով] երկուսի էլ փառավոր լինելը՝ ըստ առաքյալի. «Եթե դատապարտության սպասավորությունը փառավոր է, որքա՛ն առավել փառավոր կլինի արդարության սպասավորությունը» (Բ Կոր. 3։9):
    Տասնմեկերորդ՝ քանի որ Մովսեսն ու Եղիան խնդրում էին տեսնել Նրան, բայց դեռ ժամանակը չէր, որ դա աներ նրանց համար, խնդրանքի [կատարումը] թողեց Իր գալստյան ժամանակին, որպեսզի երբ Նրան մարմնով տեսնեին, վկայեին, որ Աստված է: Որովհետև չէին կարող տեսնել առանց մարմնի, տեսան մարմնով, և իրականացավ նրանց իղձը, որ ցանկանում էին տեսնել Նրան՝ ըստ այսմ. «[Տերն] Իրենից երկյուղածների կամքը կատարում է» (Սաղմ. 144։19):
    Տասներկուերորդ՝ որպեսզի հայտներ [աշակերտներին], որ Ինքն ուրիշ [Աստված] չէ. Նա, Ով Մովսեսին Եգիպտոս ուղարկեց և Եղիային հրաման էր տալիս, այդ Նույնն է, որ այժմ Իր հրամաններով կանչեց [նրանց], որպեսզի մարգարեներից լսելով [այս բաները՝ աշակերտները] խոստովանեին, որ Հին ու Նոր Օրենքները տվողը նույն Աստվածն է:

   Տասներեքերորդ՝ քանի որ այդ երևումը հարության խորհուրդն ուներ, [Հիսուսը] բերեց այդ երկուսին, որպեսզի հարությունն ու [աշխարհի] վախճանին [տեղի ունենալիքը] հաստատվեին, այն, որ ովքեր մեռած են, Մովսեսի պես հարություն են առնելու, և ովքեր ողջ են, Եղիայի պես թռչելու են:
    Տասնչորսերորդ՝ Մովսեսը խորհրդանշում էր Օրենքը, իսկ Եղիան՝ մարգարեներին, և նրանք տեսան [Հիսուսի] փառքը. սրանով հավատում ենք, որ Նրա խաչի խորհուրդը, որ սուրբ Եկեղեցու փառքն է, քարոզվեց Օրենքի ու մարգարեների միջոցով:
    Տասնհինգերորդ՝ քանի որ Զեբեդեոսի որդիները փառք խնդրեցին՝ [նստել Հիսուսի] աջ և ձախ կողմերում, և Նա ասաց. «Ես չէ, որ պիտի տամ, այլ [կնստեն նրանք], որոնց տրված է Իմ Հոր կողմից» (Մատթ. 20։23), ուստի Մովսեսը երևաց [Հիսուսի] աջ, իսկ Եղիան՝ ձախ կողմում, որպեսզի [աշակերտները] տեսնեին, որ նրանց պես նախ Նրա չարչարանքներին է պետք հաղորդակից լինել և ապա՛ փառքին:
    Տասնվեցերորդ՝ որպեսզի Պետրոսն իմանար, որ երկնքից՝ հրեշտակները և երկրից արդարները սպասում են [Հիսուսի] մահվանը, Եղիան երկնքից [բերվեց], իսկ Մովսեսը՝ երկրից:
    Եվ տասնյոթերորդ՝ քանի որ երկու և երեք վկաներով էր հաստատվում ամեն բան 892, երեքը ներքևից և երկուսը վերևից վկայեցին. նրանք վկայեցին [Հիսուսի] աստվածության մասին:

   Քննելու կարիք կա նաև, թե առաքյալներն ինչպե՛ս ճանաչեցին մարգարեներին: Ոմանք ասում են, թե նրանց պատկերներն ունեին տախտակի վրա նկարված, ուրիշներ՝ թե գիտեին, որ Մովսեսը թոթովախոս ու ծանրալեզու էր, իսկ Եղիան թավ ու գիսակներով մարդ էր և մաշկյակ ուներ, ուստի այդ կերպարանքով տեսնելով՝ ճանաչեցին: Ուրիշներ էլ [ասում են], թե աշակերտները ճանաչեցին Մովսեսին ու Եղիային, ինչպես Հովհաննես [Մկրտիչը] ճանաչեց մեր Տիրոջը, երբ ասաց. «Ահա՛ Աստծո Գառը» (Հովհ. 1։29), այսինքն՝ Սուրբ] Հոգով: Բայց ինձ թվում է, թե դա հարությունն էր խորհրդանշում, իսկ հարության ժամանակ ճանաչելու ենք միմյանց, ինչպես հարուստը՝ Աբրահամին 893՝ մի մարդու, որ վաղուց մեռած էր:

   «Եվ ահա երևացին նրանց,- ասում է [ավետարանիչը], - Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին Նրա հետ»: Ի՞նչ էին խոսում: Պարզ է, որ Նրա վախճանի մասին, որ տեղի էր ունենալու Երուսաղեմում 894, այսինքն՝ Նրա չարչարանքների ու խաչելության մասին, որը [Սուրբ] Գիրքը միշտ «փառք» է կոչում: Մարգարեները եկել հորդորում էին [Հիսուսին] դեպի այն, իսկ առաքյալները հակառակում էին: Ուստի [Հիսուսն] Ինքն էլ էր ասում. «Հոգիս հոժար է», այսինքն՝ մարգարեները, որովհետև Հոգով խոսեցին, «իսկ մարմինս՝ տկար», այսինքն՝ առաքյալները, որովհետև «դեռ Հոգին չէր [տրվել], քանի որ Հիսուսը դեռ չէր փառավորվել» (Հովհ. 7։39): Այս պատճառով էլ մարգարեներն աղերսում էին Նրան ավարտին հասցնել բոլոր մարդկանց փրկությունը, որով պատռվելու էր Ադամի պարտամուրհակը: Եվ առաքյալները, դա լսելով, համաձայնեցին, և այնուհետև մարգարեներն ու առաքյալները միավորվեցին, ինչպես որ այժմ Եկեղեցում են համաձայնում մարգարեների մարգարեություններն ու առաքյալների վարդապետությունները, որովհետև երկու դասն էլ [Քրիստոսի] հետ էր խոսում և Նրա ուսմունքն է քարոզում:
   

Ստեփանոս Սյունեցի

Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ:
   
   «Նրանց երևացին Մովսեսն ու Եղիան»:
   Մովսես՝ օրենքներն [է խորհրդանշում, իսկ] Եղիան՝ մարգարեությունները: Տե՛ս, միգուցե Զեբեդիոսի որդիներին ասելու համար երևացին Մովսեսն ու Եղիան. Մովսեսը՝ աջից, և Եղիան՝ ձախից, թե [նստել իմ աջ և ձախ կողմերում՝ ես չէ, որ կտամ, այլ այդ նրանց համար է], որոնց տրված է Իմ Հորից (Մատթ. 20։23):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:2