Սրբ. Եփրեմ Ասորի
Ծիծաղեց Սառան իր մտքում եւ ասաց. «Այն, ինչ մինչեւ այժմ չկարողացայ անել, հիմա՞ պիտի կարողանամ: Իսկ իմ ամուսինն էլ ծերացել է»:
Ինչո՞ւ է ասում, թե. «Ահա Սառան ծիծաղեց», այն դեպքում, երբ Աբրահամն էլ ծիծաղեց, բայց Սառան դա որպես կատակ ընդունեց, իսկ Աբրահամը սրտի ուրախությունից էր ծիծաղում, միայն այդ պատճառով Սառան պատժվեց: Եւ երբ Աբրահամը մտքում համոզվեց, որ հարյուրամյա մարդը կարող է որդի ունենալ, և իննսունամյա Սառան կարող է ծնել, չկարողացավ զսպել իր ցնծությունը: Աբրահամն ասաց. 17.18 «Այս Իսմայելը թող ապրի քո առաջ», դրանով ցույց տալով երկու բան. առաջին՝ աղախնի որդուն ազատ որդու պես էր սիրում, որպեսզի նրան դուրս հանելու ժամանակ հայտնի լինի, թե ինչպես է տանջվում և նեղվում Իսահակին զոհաբերության տանելու ժամանակ. այդպես էլ Իսմայելի համար էր նեղվում: Եւ երկրորդ՝ որպեսզի ցույց տա, թե որդու համար միայն մերձեցավ Ագարին, այլ ոչ թե ցանկության: Ասաց. «Իսմայելը թող ապրի քո առաջ» դրանով մեծագույն պարգևներ տվողին հայտնեց, որ չի երկմտում և նրանից էր խնդրում, ով իրեն պարգևների ավետիս տվեց, այդ պատճառով էլ զարմացել էր պարգևների և հավելյալ շնորհի համար: Ցույց տվեց իր փափագը պարգևների հանդեպ և Իսմայելի հանդեպ իր գութը: Կամ Ագարի հանդուգն համարձակությանը նայելով էլ երկմտում էր իր որդու կյանքի համար՝ ասելով. «Իսմայելը թող ապրի քո առաջ»: Կամ էլ այն պատճառով, որ Ագարին իր մոտ էր առել ոչ թե Աստծո հրամանով, այլ Սառայի խրատով, ինքն իրեն մտածեց, թե եթե Սառայից ինձ որդի է լինելու, ապա արժան է խնդրել Իսմայելի կյանքի համար: Իսկ այն, որ Իսահակի չափ սիրում էր նաև նրան, հայտնի է դառնում այն բանից, որ երբ Իսմայելը Իսահակի դեմ դուրս եկավ, չցանկացավ Սառայի խոսքով ուղարկել նրան: Եւ եթե Իսահակին պարգևողը իր վկայությամբ չհաստատեր Սառայի խոսքերը, նա Իսմայելին իր ժառանգությունից չէր զրկի:
Հրեշտակներն Աբրահամին նախապես ավետիս չտվեցին, որպեսզի չկարծեն, թե դրա համար նա ընդունեց նրանց, և հետո նոր իմացավ, որ նրանք հրեշտակներ են:
Ասաց [Սառան]. «Այն, ինչ մինչև այժմ չկարողացա անել, հիմա՞ պիտի երիտասարդանամ», սրանով վկայեց, որ հղիության համար երիտասարդություն է հարկավոր, նաև մարգարեացավ, քանզի երիտասարդությունը, թթխմորի պես հանգչեց ծերության վրա և նորոգեց նրան: Քանզի այն, ինչ նա ընդունեց, նրա համար նորոգության թթխմոր եղավ և նորոգելով երիտասարդացրեց նրան: Եւ օրհնությունն այն էր, որ հետո բնական ձևով արգանդից ծնվեց և անբնական ձևով առանց այր հղիացավ, ինչպես որ կանխապես մարմնով ծերացածին և ծննդաբերության ժամանակն անցածին բնական ձևով երիտասարդության նորոգում տրվեց, իսկ երիտասարդին՝ առանց բնության: Եւ ինչպես, օրինակ, սա արեց իր Մարիամի մոտ գալու ժամանակ, նույնպես արեց դա Սառայի մոտ գալու ժամանակ: Իսկ այն, որ մեռաւ, կանանց գործը չի կարող կատարել, բայց միայն այն, որ կենդանի է: Նույնպես և արգանդն էր մեռած և այս ամենը, որ եղավ, անբնական ձևով եղավ, որպեսզի իմանան և ճանաչեն բնության Տիրոջը, քանզի նա սիրով եղավ բնության մեջ, որպեսզի իմանան, թե բնությանը հաղթող ընծաները բաշխվում են, ինչպես Սառային, քանզի հղացավ նրա խորհուրդը և Մարիամին, քանզի ծնեց նրա ճշմարտությունը: Նաև Իսահակի ծնվելու խորհուրդով կապված արարածներն արձակվեցին և անիծյալներն օրհնվեցին, Աբիմելիքի տան կապված արգանդներն արձակվեցին և օրհնվեցին նրանց անզավակ որովայնները: Եւ այնտեղ եղավ մի նոր, առաջինից ավելի վայելուչ և գեղեցիկ ծնունդ, որպեսզի գոհանան այն խորհրդից, որ նոր ծնունդ արարեց մկրտության ավազանի միջոցով, քանզի դա առավել վայելուչ ու գեղեցիկ է, քան որովայնի ծնունդը:
Եւ որպեսզի հայտնի դարձնի իր իշխանության տերությունը, թե իր համար ամեն ինչ հեշտ է անել՝ երկար ժամանակ արգելել կանանց հղիանալ, որպեսզի իրենց անզավակ կանանց միջոցով սովորեն իմանալ և ճանաչել այն անզավակին, քանզի Սառան իր ամուսնուց հղիացավ: Արդ, այնտեղ հղիություն չեղավ, քանզի ծննդկաններն, որ հանկարծակի ամուլ եղան և լվացվեցին իրենց ամուսինների սերմերով, հայնտի եղավ ամլությունը, քանզի սնեց և աճեցրեց իր մշակի սերմը: Այնտեղ նաև անասունների հղիություն չեղավ, որպեսզի իմանան, որ շատացել են իրենց հայհոյություններն արդար և ճշմարիտ ծննդյան վրա, որպեսզի այնտեղ ակնարկվի նրանց հատուցումը, ովքեր հայհոյեցին և հայհոյելու են մեր Տիրոջ ծնունդը, քանզի նա ինքն է Իսահակի ստվերի կատարման լրումը, այսինքն՝ Իսահակի ճշմարտությունը նշմարվում է:
Արդ, երբ Աբրահամի աղոթքներով բացվեցին կապված արգանդները, դրանք (աղոթքները Հ. Ք.) քարոզիչները դարձան բացվող արգանդի և եթե Աբրահամն իր աղոթքներով ծննդաբերելու կարողություն տվեց իր ընկերների կանանց, ապա հայտնի է, որ իր կինը օրհնությամբ էր լցվել: Եւ այդ ժամանակ եկան և երանություն տվեցին նրանք, ովքեր չէին կարողանում ծնել, ինչպես որ նա, երբ անզավակ էր, երանի էր տալիս նրանց, ովքեր ծնում էին: Արդ, Իսահակի ծնունդը շարժում, խռովություն մտցրեց ամբողջ բնության մեջ, որպեսզի Աբիմելիքի տունը ճանաչի և իմանա նրա անբծության մասին, քանզի այն խորհրդանշում է, որ ոչ միայն փոքր արգանդի միջոցով երևացին, հայտնվեցին նրա սքանչելագործությունները, այլև առաքինի աստղերի միջոցով քարոզվեց նրա վկայության մասին: Քանզի Հակոբի ծագած աստղը, բարձունքի աստղերին հրաման տվեց առաջնորդել Աբրահամի որդիներին՝ գալ երկրպագել Դավթի որդուն: Արդ, աստղը կարգեց նրանց մյուս աստղերի վրա, նրանց, որ փնտրում էին նրան և մարմինը, որ նրա մարմնից է, նա է կարգում մեզ նրա վրա, որպեսզի փնտրենք նրան: Ինչպես, օրինակ, այն աստղը, որ ստուգորեն, ճշմարտապես և հավատարմորեն առաջնորդեց նրանց, ովքեր փնտրում էին մեր Տիրոջը , այդպես էլ ստույգ, ճշմարիտ և հավատարիմ է այդ մարմինը մեզ առաջնորդելու մեջ, որպեսզի ոչ թե այն ժամանակավոր քարայրի մեջ մեզ զետեղի, այլ նրա առագաստի մեջ, որ հավիտյանս հավիտենից է: Եւ ոչ թե մենք ենք մատուցելու նրան մերը, այլ մենք նրանից ենք առնելու բոլոր երանությունները:
Ա. Լոպուխին
Ծիծաղեց Սառան իր մտքում և ասաց. «Այն, ինչ մինչև այժմ չկարողացայ անել, հիմա՞ պիտի կարողանամ: Իսկ իմ ամուսինն էլ ծերացել է»: (Սինոդական թարգ․) [12]
«Սառան իր մտքում ծիծաղեց»... «Սառայի ծիծաղը, ասում է միտրոպոլիտ Ֆիլարետը, - այդքան անմեղ չէր, ինչքան նույն դեպքում Աբրահամինը(17։17), սակայն նրան արդարացնելու համար կարելի է ասել, որ նա դեռ Յահվեին չէր ճանաչել» (Վլաստով)։
«քանզի տերս էլ ,ծերացել է» հրաշալի ձևով արտահայտում է այն կամավոր հնազանդության և պատկառանքի, որը պիտի սիրող կինը զգա իր ամուսնու նկատմամբ։ Նրա այս ընտանեկան հարաբերությունների բարձր աստիճանի համար, Սառան արժանացավ օրինակելի լինելուն քրիստոնյա կանանց համար (Ա Պետր. 5։6, Ա Կորնթ. 11։3, 15։35)։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ծիծաղեց Սառան իր մտքում եւ ասաց. «Այն, ինչ մինչեւ այժմ չկարողացայ անել, հիմա՞ պիտի կարողանամ: Իսկ իմ ամուսինն էլ ծերացել է»:
(Արարատ թարգ․) Եվ Սառան ծիծաղեց իր մտքում՝ ասելով. «Ինչպե՞ս կարող եմ այս տարիքում, և իմ տերն էլ ծերացած է»:
(Գրաբար) Ծիծաղեցա՛ւ Սառա ընդ միտս՝ և ասէ. Որ ինչ ցայժմ ո՛չ եղև ինձ, ա՞րդ լինիցի. և տէր իմ ծերացեալ է։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: