Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 19:10

Հովհաննես Ծործորեցի

Իր աշակերտները նրան ասացին. «Եթէ այդպիսին է պարագան մարդու եւ կնոջ համար, լաւ է չամուսնանալ»:
   
   Նրա աշակերտներն ասացին Նրան. «Եթե այդպիսի վտանգ կա տղամարդու և կնոջ միջև, ավելի լավ է չամուսնանալ»:

   Սա ասացին, որովհետև խռովվեցին, երբ լսեցին, որ ամեն չարիքով լի կնոջը պետք է ներսում պահել և անհաշտ գազանի հետ (ինչպես մեկն ասաց) միասին լինել: Որովհետև մեկին հարցրին, թե ո՛ր գազանն է ավելի խածնում, և նա պատասխանեց` ընտանի գազանը` կինը, իսկ մի ուրիշն էլ թե` նրա մեծ չարության պատճառով են ծնողները նրան օժիտ տալիս և ուղարկում: Նաև [պատմում են], թե մեկը տուն էր կառուցում, հիմքում աղյուս դրեց ու քարերը վրան շարեց, ինչը տեսնելով` հարցրին. «Ինչպե՞ս ես կառուցում, ցնորվե՞լ ես»: Իսկ նա ծիծաղելով պատասխանեց. «Պատրաստվում եմ կին առնել: Նա կգա այս տունը շուռ կտա, և պատը կուղղվի»: Ուրեմն այսպիսի դժվարությունն իմանալով էր, որ աշակերտներն ասացին. «Եթե այդպիսի վտանգ կա տղամարդու և կնոջ միջև», կամ էլ` սերտ միության պատճառով, որը չի կարելի խզել, և կամ եթե [տղամարդը] պատճառ գտնի և դրանով կնոջը դուրս հանի, դա մեծ անօրինություն կլինի, ուստի «ավելի լավ է չամուսնանալ»: Այսինքն` ավելի դյուրին է բնական ցանկության դեմ կռվել, քան չար կնոջ հետ բնակվել կամ [նրան] արձակել ու մեղք գործել:

   

Ստեփանոս Սյունեցի

10-11․ Իր աշակերտները նրան ասացին. «Եթէ այդպիսին է պարագան մարդու եւ կնոջ համար, լաւ է չամուսնանալ»: Եւ նա նրանց ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ՝ նրանք, որոնց տրուած է.
   
    «Իր աշակերտները Նրան ասացին» և այլն: Եվ Նա ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ նրանք, որոնց տրված է» և այլն:

   Ոչ միայն ճգնութուն, այլև աղոթքներ են պետք կուսությունը պահողին: Դրա համար ավելացրեց՝ «որոնց տրված է», այսինքն՝ ովքեր բարությամբ ու հաճոյապես կխնդրեն Աստծուց. այդպիսիներին է տրված: Ապա ուրեմն ով չխնդրեց, նրան տրված չէ, քանզի չխնդրեց, ինչպես Աստծուն էր հաճո:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

10-12. Իր աշակերտները նրան ասացին. «Եթէ այդպիսին է պարագան մարդու եւ կնոջ համար, լաւ է չամուսնանալ»: Եւ նա նրանց ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ՝ նրանք, որոնց տրուած է. որովհետեւ կան ներքինիներ, որոնք իրենց մօր որովայնից այդպէս են ծնուել. կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայութեան համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի»:
   
    Փարիսեցիների կողմից բարձրացված ապահարզանի խնդրի երեկոյան, երբ Հիսուս և աշակերտներ մտան իրենց մշտական բնակարան գիշերելու՝ այս վերջինները խոսակցությունը նորից նույն թեմային դարձրին, որովհետև դեռևս Հիսուսի հռչակած նոր տեսության տակ էին գտնվում: Ավանդություն հայտնում է, թե Տասներկուսից միայն Հովհաննեսն էր ամուրի, իսկ մյուսներն ամուսնացած էին և իրենցով չափելով, մտածում էին, թե տղամարդկանց համար ծանր պիտի լինի կանանց արձակելու իրավունքից զրկվել և անհարմար ամուսնության կամ ամուսնական անհամաձայնության դեպքում մինչև վերջ այդ վիճակում մնալ, առանց ինքն իրեն այդ վիճակից ազատելու: Այս մտածումով և Հիսուսից նոր բացատրություն ստանալու մտադրությամբ հարցնում են. «Ուրեմն հաստա՞տ է, թե այլևս ապահարզանի իրավունքը վերցրված է և երբ անհրաժեշտություն տեսնենք, պիտի չկարողանա՞նք կանանց ձեռքը ապահարզանի գիր տալ և ճանապարհել»: «Այո՛, - պատասխանում է Հիսուս, - եթե մի տղամարդ իր կնոջն արձակում է և ուրիշ կնոջ հետ է ամուսնանում, կատարածը շնություն կլինի, ինչպես էլ եթե մի կին իր ամուսնուն թողնի և գնա ուրիշին կին դառնա, շնություն արած կլինի»: «Եթե այսպես է, - ասում են առաքյալները, - երբ այր ու կին ամուսնանալուց հետո պիտի չկարողանան բաժանվել՝ երբ որ ուզեն, և եթե մի տղամարդ անհարմար ամուսնության կամ ամուսնության անհամապատասխանության դեպքում էլ իրավունք պիտի չունենա այդ վիճակից իրեն ազատելու և պարտավոր պիտի դրանում մնալ, ավելի լավ կլինի, որ մարդ չամուսնանա, այլ ամուրի մնա, որով անտանելի և անդարմանելի մի փորձանքի հավանականությունից ազատված կլինի»: «Լավ եք ասում, - պատասխանում է Հիսուս, - թե չամուսնացողն ու ամուրի մնացողը ամուսնական կյանքի վնասներից կամ վտանգներից զերծ է մնում, սակայն ամուրի կյանքն էլ դյուրին բան չէ, ամեն մարդու գործ չէ կնոջ հետ հարաբերություններից հեռու մնալը, որովհետև, անշուշտ, չեք մտածում օրինական ամուսնության տեղ ապօրեն կենակցություն կազմել: Առանց դժվարության ամուրի մնացողները ներքինիներն են և սրանցից կա՛ն, որ բնությամբ ներքինի են ծնված և կան էլ, որ մարդկանց ձեռքով են ներքինացել: Սրանցիծ զատ իրենց կամքով ներքինիի կյանք վարողներ ել կան, ովքեր իրենք իրենց Երկնքի Արքայության սիրուն են ներքինու կարգի անցել, ամուսնական հարաբերություններից հեռանալով և այդպես ապրելով բարոյապես, որպես թե մարմնապես ներքինիներ լինեն, որպեսզի ավելի դյուրին կերպով և ընտանեկան հոգսերից անզբաղ լինելով ամբողջությամբ Ավետարանի ծառայությանը նվիրվեն: Բայց սա ընդհանուրի համար չէ՝ կան, որ տոկալու ավելի ուժ ունեն և կան, որ չունեն, ով որ կարող է տոկալ, թող նա կատարի, բայց հանրության համար այս տեսակ մի դրություն հնարավոր չէ առաջարկել»:
    Հիսուսի խոսքերը այստեղ վերջանում են և Հիսուս ու աշակերտների տանը ունեցած խոսակցությունն այստեղ փակվում է, թվում է թե առաքյալները ավելի առաջ չգնացին: Իսկ Հիսուսի խոսքերի մեջ լուսաբանելու կարոտ շատ կետեր չկան: Երբ Հիսուս ամուրիությունը չի հանձնարարում և այն որպես մի դժվարին գործ է ներկայացնում, նույնով իսկ մերժում է և դատապարտում այն ձևական ամուրիությունը, որով ոմանք օրենքի առջև ամուսնական կյանք չունեն, բայց ամուսնական կյանքը ապօչինի կենակցությամբ են փոխարինում: Ամուրիության վիճակը ներքինիների վիճակի հետ նույնացնելը, բնական պատճառների տակ տեղի ունեցած ամուրիության մասին է՝ լինեն բնական, լինեն արհեստական ներքինիներ: Կամավոր ներքինիների վիճակը պետք չէ տառական իմաստով հասկանալ, որը մեծ սխալ է և որի մեջ մի նշանավոր իմաստուն էլ ընկավ: Որոգինես գիտնականի հետ պատահածը աշխարհածանոթ է, որ իր հոժարությամբ ինքն իրեն բնական ներքինացման ենթարկեց: Հիսուսի խոսքը, թեպետ իր խիստ բացատրությամբ շեշտված, սակայն բարոյական ներքինացման, այսինքն՝ կամավոր կուսակրոնության մասին պիտի մեկնվի: Այսպես հասկացավ Եկեղեցին, այսպես հասկացան Եկեղեցու բոլոր վարդապետները: Բայց երբ այդ կամավոր կուսակրոնության համար ավելացնում է, թե՝ «Որ կարողն է տանիլ՝ տարից» նույնով իսկ նրա քչերին վերապահված և զգութավորությամբ ստանձնելի և արիությամբ գործադրելի մի բան լինելն է ցույց տալիս: Հետևաբար, երբեք Դրան պարտավորիչ ձևեր տալը չի քաջալերվում: Այս իմաստով մեր Սուրբ Եկեղեցին և բոլոր Արևելյան Եկեղեցիները շատ քչերին են վերապահել և չեն հետևում Արևմտյան Եկեղեցուն, որ այն պարտադիր դարձրեց բոլոր եկեղեցիականների համար: Ճիշտ է, որ Երկնքի Արքայության կամ Ավետարանի ծառայության համար հարմար կլինի ընտանեկան հոգսերից ազատ եղողները, ինչպես որ նաև Պողոսն է ասում, բայց այս նրա՛նց մասին, ովքեր շարունակ շարժուն ու շրջուն պաշտոնի են սահմանվում և որոշակի տեղի հետ կապված չեն: Մինչդեռ մի տեղի վրա հաստատուն պաշտոն ունեցողների համար ընտանեկան կյանքը մեծ ծանրություն չի բերում: Այս կերպով կուսակրոն կյանքի պատիվն ու հարգն է պահվում, սակայն հանխորհուրդս ընդարձակելու փափագը զսպվում է և եթե մի քիչ էլ տեսությունները ընդարձակենք, նույնիսկ ընդառաջ ելած դժվարություններին դյուրություններ ընծայելու միտք է հանձնարարվում: