Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 19:30

Հովհաննես Ծործորեցի

Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, եւ վերջիններ՝ առաջին»:
   

   Շատ առաջիններ կլինեն վերջին, և վերջիններ` առաջին:

   Սա կամ հրեաների մասին է [Տերն] ասում, մանավանդ օրենսգետների ու փարիսեցիների, ինչպես կարծում են ոմանք, որովհետև նրանք առաջին էին Աստծուն ավելի առաջ ճանաչելու և մարգարեների կոչման պատճառով, բայց վերջին դարձան, երբ եկավ Աստծո շնորհը, ինչ պատճառով զրկվեցին [Աստծուց] խոստացված ուխտից: Իսկ վերջինները հեթանոսներն են հույժ հետին լինելու և անարգ նյութեր պաշտելու պատճառով, նկատի ունեմ քարեղեն ու փայտեղեն [կուռքերը], բայց Քրիստոսի հանդեպ հավատով արդարացան և Քրիստոսի անդամներ դարձան, ինչպես [Տերն] այլուր ասաց. «Պոռնիկները ձեզնից առաջ կհասնեն երկնքի արքայություն» (Մատթ. 21։31), այլև` «Չորս կողմից կգան ու կբազմեն արդարների հետ, իսկ ձեզ կհանեն արտաքին խավարը» (հմմտ. Մատթ. 8։11,12): Կամ էլ [Տերն այս խոսքը] աղքատների ու հարուստների մասին է ասում: Որովհետև հարուստներն այս կյանքում պատվով առաջին են, իսկ աղքատները` վերջին, բայց քանի որ հարուստների մասին ասաց, որ դժվարությամբ կմտնեն արքայություն, ուստի ընչասիրության պատճառով վերջին կդառնան, իսկ այն աղքատներն ու տգետները, որ Պետրոսի նման էին և ամեն ինչ թողեցին ու [Քրիստոսի] հետևից գնացին, առաջին եղան վերին կյանքում` ըստ այսմ. «Երանի՜ հոգով աղքատներին, քանզի նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5։3): Ովքեր Նրա համար են աղքատանում, ճշմարտապես հարուստ են գալիք կյանքում: Բայց որպեսզի չկարծես, թե բոլոր հարուստներն են այնտեղ վերջին և բոլոր աղքատները` առաջին, չասաց.
   «Բոլո՛ր առաջինները վերջին [կդառնան]»,այլ որ «շատերի՛ն» սա կպատահի: Սրանից հասկանում ենք, որ շատ առաջիններ կան թե՛ այստեղ, թե՛ այնտեղ, նմանապես էլ շատ վերջիններ կան թե՛ այստեղ, թե՛ այնտեղ: [Այս խոսքը] հասկացվում է նաև այսպես. շատ են այն արդարները, ովքեր իրենց բարի գործերով մեծարված են աշխարհում և դրանք մարդկանց փառքի համար անելով` հպարտացան,ինչպես այն փարիսեցին 1033, ուստի վերջին կդառնան: Իսկ շատ մեղավորներ, ովքեր վերջին էին, սրտի խոնարհության պատճառով մեկ խոսքով առաջին դարձան, ինչպես մաքսավորը, պոռնիկն ու խաչված ավազակը 1034:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, եւ վերջիններ՝ առաջին»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գխլու 19:27