Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եւ Յիսուս, տեսնելով նրանց հաւատը, անդամալոյծին ասաց. «Որդեա՛կ, քո մեղքերը քեզ ներուած են»:
«Ոչ միայն բերողների, այլ նաև բերվողի հավատը,– ասում է,– տեսնելով»՝ նրանք չեն ասի․ «Մի՞թե մեկի հավատքը չի բուժում մյուսին»: Ես կասեմ․ «Չեմ կարծում»։ Բայց գուցե դա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կա՛մ տարիքի անբավարարության, կա՛մ չափազանց թուլության պատճառով տվյալ մարդը անձամբ ի վիճակի չէ հավատալու: «Բայց ինչպե՞ս է,– կասեն նրանք,– որ քանանացի կնոջ պատմության մեջ մայրը հավատաց, իսկ դուստրը բուժվեց»: Իսկ մյուս կողմից էլ, եթե հարյուրապետը չհավատար, ապա ինչպե՞ս իր ծառան վեր կկենար ու կբժշկվեր: Սա այն պատճառով է, որ հիվանդները իրենք չէին կարող հավատալ: Լսի՛ր, թե ինչ է ասում քանանացի կինը. «աղջիկս չարաչար դիվահարվում է», երբեմն «կրակի մեջ է ընկնում», երբեմն էլ «ջրի մեջ» (Մատթ․ 15:22, 17:15): Խավարած մտքով, մոլեգնած, խելքի գալու կարողություն չունեցող և անառողջ մեկը ինչպե՞ս կարող էր հավատալ:
Հարյուրապետի պատմության մեջ էլ ճիշտ նույն քանանացի կնոջ պարագան է: Այստեղ էլ նրա ծառան էր տանը պառկած։ Ծառան չէր ճանաչում Քրիստոսին՝ չգիտեր, թե ով է նա։ Ծառան ինչպե՞ս կարող էր հավատալ Նրան, ում չգիտեր, և Ում մասին երբեք որևէ վկայություն չէր ստացել: Բայց այստեղ չի կարելի ասել, որ տկարացածը հավատաց: Որտեղի՞ց է սա երևում: Հենց այն եղանակից, որով այն կատարվել է: Դու ուղղակի լսում ես, որ նրան իջեցրել են երդիկով, բայց պատկերացրո՛ւ, թե ինչպես էր հիվանդը դիմանում նման տառապանքներին: Դուք գիտեք, որ հիվանդներն այնքան թուլամորթ և քմահաճ են լինում, որ նույնիսկ անկողնում հաճախ մերժում են անգամ բժշկական օգնությունը և որոշում են դիմանալ հիվանդության բերած տառապանքին, քան այդ օգնությունից անհարմարություն կրել: Այս մեկը, սակայն, տնից դուրս գալ, հրապարակ դուրս բերվել և այդքան մեծ թվով ներկաների առաջ երևալ համաձայնեց: Հիվանդները երբեմն որոշում են մահանալ, քան իրենց դժբախտությունը հայտնի դարձնել: Բայց այս հիվանդը այդպես չվարվեց, այլ տունը լեփ–լեցուն, մուտքը փակված, նավահանգիստը շրջափակված տեսնելով՝ երդիկից իջնել համաձայնեց: Այսպիսով, որքան ստեղծագործ է ուժեղ ցանկությունը, այնքան էլ բարեհաջող է սերը: Սա մոտավորապես նման է «ով որ փնտռում է, գտնում է, և ով որ բախում է, նրա առաջ բացվում է» (Ղուկ․ 11:10) ավետարանական խոսքին։ Նա իր մերձավորներին ասաց. «Սա ի՞նչ է նշանակում», «Ինչո՞ւ եք անհանգստանում», «Ինչո՞ւ եք շտապում»։ Սպասենք, մինչև տունը դատարկվի, այցելությունն ավարտվի, երբ հավաքվածները հեռանան, այդ ժամանակ մենք հնարավորություն կունենանք Նրան առանձին մոտենալու և այդ մասին տեղեկացնելու։ Ինչո՞ւ բոլորի աչքի առաջ բացահայտեմ իմ դժբախտությունները և աննորմալ կերպով վերևից իջնեմ: Նա ո՛չ ինքն իրեն, ո՛չ էլ իրեն տանողներին նման բան չասաց, այլ ցանկալի համարեց իր ապաքինման համար այդքան շատ վկաներ ունենալը: Սակայն ոչ միայն սրանից կարելի է տեսնել նրա հավատը, այլ նաև հենց Քրիստոսի խոսքերից: Երբ նրան իջեցրին և մոտեցրին, Քրիստոս նրան ասաց․ «Որդյա՛կ, քո մեղքերը ներված են»:
Սա լսելով՝ նա չդժգոհեց, չբողոքեց, բժշկին չասաց․ «Ի՞նչ է սա․ ես եկել եմ մի հիվանդությունից բուժվելու, բայց նա մեկ ուրիշից է բուժում: Դա արդարացում, գայթակղություն, թուլության քողարկում է. Դու թողություն ես տալիս մեղքերին, որոնք չեն երևում»: Նա ոչ մի նման բան չասաց և չմտածեց, այլ սպասեց՝ բուժման ուղին թողնելով բժշկի նախընտրությանը: Այդ պատճառով էլ Քրիստոսը նրա մոտ չգնաց, այլ սպասեց, որ նա գա, որպեսզի բոլորին ցույց տա նրա հավատը: Չէ՞ր կարող արդյոք մուտքը հարմար դարձնել: Բայց ոչ մի նման բան չարեց, որպեսզի բոլորին ցույց տա նրա եռանդը և բոցավառ հավատը: Ինչ վերաբերում է երեսունութ տարի տառապողին, ապա Նա Ինքը գնաց, քանի որ, ի տարբերություն այս մեկի, այդ մարդու հետ ոչ ոք չկար։ Իսկ այս շատ մերձավորներ ունեցողի գալուն սպասեց, որպեսզի նրան բերելու միջոցով նրա հավատը տեսանելի դարձնի։ Մյուսի մենությունն էլ ի ցույց դրեց իր գնալու միջոցով: Այս ամենը արեց առաջինի նախանձախնդրությունը և վերջինի համբերությունը բոլորի՝ հատկապես այդ պահին ներկա գտնվողների համար բացահայտելու նպատակով: Նախանձ և մարդատյաց հրեաները սովորաբար ատում էին իրենց մերձավորների կողմից արված բարի գործերը և կասկածում էին Քրիստոսի հրաշքներին՝ մատնանշելով կա՛մ Նրա շաբաթ օրը բժշկելը, կա՛մ էլ բարերարություն ստացողների կյանքը: Նրանք ասում էին․ «Եթե նա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ով և ինչպիսի կին է իրեն դիպչում»,– (Ղուկ․ 7:39), սակայն չէին հասկանում, որ բժշկին բնորոշ է հիվանդներին բժշկելը և մշտապես նրանց մեջ լինելը, այլ ոչ թե նրանցից փախչելը կամ հեռանալը: Նրանց դիմելով նաև Ինքն է ասում. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին» (Մատթ․ 9:12): Այսպիսով, որպեսզի նրանք կրկին Իրեն նույն բանի մեջ չմեղադրեն, Նա նախապես ցույց է տալիս, որ եկողները իրենց դրսևորած հավատի համար արժանացան բժշկման: Այդ պատճառով Նա ի ցույց դրեց տկարացածի և՛ միայնությունը, և՛ բոցեղեն հավատը, և՛ եռանդը։ Այդ պատճառով էլ Նա նրան շաբաթ օրը բժշկեց, իսկ սրան՝ ոչ շաբաթ, որպեսզի դու, տեսնելով, որ հրեաները նաև մյուս օրերին են մեղադրում և դատապարտում Քրիստոսին, իմանաս, որ նույնիսկ այդ ժամանակ նրանք նրան մեղադրում էին ոչ թե օրենքը չպահելու, այլ իրենց անտանելի նախանձի պատճառով: Ինչո՞ւ Նա անմիջապես չբուժեց տկարացածին, այլ ասաց․ «Որդյա՛կ, քո մեղքերը ներված են»: Նաև սա իմաստությամբ արվեց: Սովորաբար նույն կերպ էլ բժիշկներն են գործում. սկզբից ոչ թե հիվանդություններն են բուժում, այլ դրանց աղբյուրներն են ոչնչացնում։ Օրինակ՝ հաճախ, երբ աչքերը ցավում են թացությունից և թարախից, բժիշկը, թողնելով հիվանդ կոպերը, գլուխն է բուժում, քանզի այնտեղ են հիվանդության արմատն ու աղբյուրը: Նույն կերպ վարվեց նաև Քրիստոսը՝ նախապես ոչնչացնելով չարի աղբյուրը: Իսկ ամբողջ չարիքի աղբյուրը, արմատն ու մայրը մեղքն է: Այն տկարացնում է մեր մարմինները: Այն հիվանդություն է առաջացնում: Այդ պատճառով է Քրիստոս այստեղ ասում. «Որդյա՛կ, քո մեղքերը ներված են»: Քանի որ նաև այնտեղ է ասել. «Ահա՛, դու առողջացար. այլևս մի՛ մեղանչիր, որպեսզի քեզ ավելի վատ բան չպատահի»։ Այս և այլ բառերով ցույց է տալիս, որ այդ հիվանդությունները ծագել են մեղքերից:
Սա ցույց է տվել նաև Պողոսը: Որոշ մեղքերի համար կորնթացիներին նախատելով՝ նա ասաց. «Դրա համար էլ ձեր մեջ շատ տկարներ և հիվանդներ կան» (Ա Կորնթ․ 11:30): Այդ պատճառով էլ Քրիստոսը նախ ոչնչացնում է չարի պատճառը և «Որդյա՛կ, քո մեղքերը ներված են» բառերով կենդանացնում է տկարացածի միտքը, խրախուսում է նրա ընկած հոգուն. խոսքերը գործ են դառնում և, խղճմտանքով դիպչում են հենց հոգուն և վերջ դնում ցանկացած հուսահատության: Իսկապես, ոչինչ այնքան հաճույք չի պատճառում և այնքան համարձակություն չի տալիս, որքան ինքդ քեզ որևէ բանում մեղադրել չկարողանալու հնարավորությունը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ Յիսուս, տեսնելով նրանց հաւատը, անդամալոյծին ասաց. «Որդեա՛կ, քո մեղքերը քեզ ներուած են»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:1
Գրիգոր Պալամաս
Եւ Յիսուս, տեսնելով նրանց հաւատը, անդամալոյծին ասաց. «Որդեա՛կ, քո մեղքերը քեզ ներուած են»:
Օ՜, երանելի խոսքեր: «Որդյակը» լսում է իրեն ասվածը և (դրանով) որդեգրվում է Երկնավոր Հորը, սերտ հարաբերությունների մեջ է մտնում առանց մեղքի Աստծու հետ, և իսկույն մեղքերի թողության շնորհիվ ինքն էլ է անմեղ դառնում: Նախ նա Առաջնորդից ընդունում է մեղքից վեր բարձրացող հոգին, որպեսզի դրան հետևի նաև մարմնի առողջացումը, քանի որ նախ հոգին է ընկել նման մեղքի ցանցի մեջ, որին էլ, ըստ Նրա արդար դատաստանի, հետևել են մարմնի հիվանդությունները և մահը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: