Ծննդոց գրքի մեկնություն 20։1

Ա. Լոպուխին

Աբրահամն այդտեղից գնաց  երկրի հարավը և բնակվեց Կադեսի և Սուրի միջև, իսկ հետո վերաբնակվեց Գերարայում [1] (Սինոդական թարգ․)

   
   «Աբրահամն այդտեղից գնաց երկրի հարավը»… Երբ Մամբրեի հովտում բնակվելն անհարմար է դառնում, հավանաբար ծանր և խեղդող գազի պատճառով, որ սարսափելի աղետից հետո (Ծննդ. 19) ելնում էր հարևան «Աղի» ձորից, այնժամ Աբրահամ նահապետն իր հոտով այնտեղից  գաղթում է դեպի հարավ  կամ, ինչպես գրված է եբրայական բնագրում,  դեպի «Նեհեբ»: Այսպես էր կոչվում Պաղեստինի հարավային տափաստանային շրջանը (Ծննդ. 12.9, 24.62)։

   «…և բնակվեց Կադեսի և Սուրի միջև»… Կադեսը, որը հետագայում վերանվանվեց Միշպատ, Սիրիայի հարավարևելյան անկյունում  էր, և  վերջին բնակավայրերից մեկն էր, որտեղ արշավեց Քոդողագոմորը (Ծննդ. 14.7, Թվ. 34.4)։ «Սուր» անապատը գրեթե դիմացն  էր՝ հարավարևմտյան անկյունում, որն այժմ կոչվում է «Ջիֆար» (Ծննդ. 16.7)։ Ակնհայտ է, որ սրանք եղել են Նեհեբ երկրի սահմանները։

      «…պանդուխտ  էր Գերարայում»… Գերարան փղշտացիների մայրաքաղաքն էր (Ծննդ. 26.6, 17) և Գազայի հետ կազմում էր քանանացիների երկրի հարավային սահմանը (Ծննդ. 10.19)։ Այն  Ելևսերոպոլսից 25 մղոն, իսկ Գազայից՝ երեքժամյա ճանապարհի հեռավորության վրա է՝ դեպի հյուսիս–արևելք` այսօրվա Ումմ–Էլ–Գերար և Քիրբետ–Էլ–Գերարի փլատակների տեղում։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Աբրահամն այդտեղից գնաց երկրի հարաւը, բնակուեց Կադէսի ու Սուրի միջեւ, ապա տարաբնակուեց Գերարայում:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամն այնտեղից դեպի հարավ գնաց ու բնակվեց Կադեսի և Սուրի միջև ու Գերարում պանդուխտ եղավ:
(Գրաբար) Եւ չուեա՛ց անտի Աբրաամ յերկիրն հարաւոյ, և բնակեցա՛ւ ընդ Կադէս և ընդ Սուր. և պանդխտեցաւ ի Գերարայ։