Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
24-25․ «Հիսուս պատասխանեց նրանց. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ. եթե Ինձ ասեք, Ես էլ ձեզ կասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում»»։ «Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»։ Եվ նրանք իրար մեջ խորհուրդ էին անում և ասում. «Եթե ասենք՝ երկնքից, Նա մեզ կասի. «Հապա ինչո՞ւ դուք չհավատացիք նրան»»։
Իսկ Փրկիչն այսպես պատասխանեց նրանց․․․այստեղ նկատի՛ր, թե ինչպիսի օրենք և ուղեցույց-կանոն է մեզ տալիս ամենքի Տերը։ Ո՞րն է դա։ Նա ցանկանում է, որպեսզի մենք նույնպես չպատասխանենք խորամանկ հերետիկոսների, հրեաների կամ հեթանոսների կամ էլ բարեպաշտությանը խորթ այլ մարդկանց բոլոր հարցերին։ Լինում են, իսկապես հաճախակի հնչում են պատասխանի անարժան հարցեր, և իհարկե, այդպիսի սխալ հարցադրումներին պետք է պատասխանել հենց հարցերով, բայց ուղղամի՛տ հարցերով։ Ահա թե ինչու Տերը հրեաներին ասաց. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ. եթե Ինձ ասեք, Ես էլ ձեզ կասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում։ Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»։ Տե՛ս, թե Իմաստության Աղբյուրն ինչպես է հարցով մերկացնում սուտը։ Տե՛ս, թե ինչպես է Աստծու Բանն առողջ դատողությամբ ոչնչացնում չարությունը։ Եվ տե՛ս նաև, թե ինչպես է չարությունը խոցոտվում իր իսկ սեփական նետերով և խճճվում է սեփական խորամանկությունների մեջ։ «Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»։ Իսկ նրանք, միմյանց միջև քննարկելով այս խոսքերի ուժը, ասում էին. «Եթե ասենք՝ երկնքից, Նա մեզ կասի. «Հապա ինչո՞ւ դուք չհավատացիք նրան»։ Նրանց չարությունը տեսավ իր սեփական կորուստը. տեսավ, որ ինչով հանդես է գալիս, հենց դրանով էլ ոչնչանում է։ Քանի որ նրանք չէին լսում Հովհաննեսին, ուստի և վախենում էին ասել, թե նրա մկրտությունն Աստծուց էր, որպեսզի անմիջապես դրան չհետևեր իրենց հանդիմանությունը։ «Եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի․․․(Ղուկ. 20:6)։ Այս արդար մարդու մասին կարծիքը մեզ անողոք դատապարտության կենթարկի։ «Բոլորն էլ Հովհաննեսին որպես մարգարե են ընդունում» (Մատթ. 21:26)։ Այսպիսով, հրեաները չէին ցանկանում ասել ճշմարտությունը, այն է թե՝ «Հովհաննեսն Աստծուց էր», որովհետև նրանք մերժեցին Աստծու ճշմարտությունը։ Հրեաները չէին համարձակվում ասել նաև սուտը, որովհետև վախը նրանց ամոթի դատավորն էր, թեև դա ոչ թե Աստծու հանդեպ երկյուղն էր, այլ վախը մարդկանցից։ Իսկապես, հաճախ է պատահում, որ շատերը, չունենալով Աստծու երկյուղը, ստրկորեն ենթարկվում են մարդկային վախին։ Նրանք վախենում էին ժողովրդից։ Օ՜, եթե նրանք վախենային Աստծուց, այլ ոչ թե՝ ժողովրդից․․․Առաջին տեսակի վախն առաջնորդում է դեպի բարեպաշտություն, իսկ վերջինը՝ դեպի ամբարշտություն։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
24-25. Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ. եթէ ինձ ասէք, ես էլ ձե՛զ կ՚ասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում: Յովհաննէսի մկրտութիւնը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թէ՞՝ մարդկանցից»: Նրանք իրար մէջ խորհուրդ էին անում ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան.
Հիսուսը պատասխանելով ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, որին եթե պատասխանեք, Ես էլ ձեզ կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ սա անում: Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր` երկնքի՞ց, թե մարդկանցից»:
Ոմանք իմաստասերների մտածողությամբ շարժվելով` ասում են, թե Տիրոջ այս հարցն անհարիր է, որովհետև տրամաբանությունը պահանջում է նախ ուրիշի հարցին պատասխանել և հետո՛ սեփական հարցերը տալ, իսկ [Տերը] հարցին հարցով է պատասխանում, ինչն անպատշաճ է: Բայց ես ասում եմ, որ թեպետ ներկայացվածը հարցի ձևն ունի, սակայն նրանց հարցի պատասխանն է: Որովհետև նրանք հարցրին. «Ի՞նչ իշխանությամբ ես դա անում», և Նա չասաց` Հոր, որպեսզի չասեին, թե Իր անձի մասին վկայություն է տալիս, այլ Հովհաննեսի վկայությունը մեջտեղ բերեց, որը նրանք քաջ գիտեին, թեպետ չհավատացին Հովհաննեսի մասին ասվածներին. որովհետև եթե կամենային հավատալ, կարող էին հասկանալ [նաև Հիսուսի] իշխանությունը: Եվ քանի որ չէին կամենում, [Հիսուսն] այս [հարցը] դրեց նրանց առաջ` ասելով. «Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր` երկնքի՞ց, թե մարդկանցից», այսինքն` երբ մկրտում էր, Իմ մասին ասաց. «Չեմ կարող Նրա կոշիկներն արձակել» (հմմտ. Մարկ. 1։7), և` «Ահա՛ Աստծո Գառը, որ [Իր վրա] է վերցնում աշխարհի մեղքը» (Հովհ. 3։31), արդ` Նա Աստծո՞ւց խոսեց, թե՞ մարդկային խոսք ասաց:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ. եթէ ինձ ասէք, ես էլ ձե՛զ կ՚ասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:23
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: