Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:37

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Վերջապես նրանց մոտ իր որդուն ուղարկեց՝ ասելով. «Իմ որդուց կամաչեն»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:33
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Յետոյ նրանց մօտ ուղարկեց իր որդուն ու ասաց՝ թերեւս իմ այս որդուց ամաչեն:
   
   Հետո ուղարկեց իր որդուն նրանց մոտ և ասաց. «Թերևս ամաչեն Իմ այս որդուց»:

   Ինչո՞ւ ավելի շուտ չուղարկեց Որդուն: Որպեսզի [մշակները] ծառաների հանդեպ իրենց գործածների համար մեղադրեն իրենց, իրենց ցասումը մեղմացնեն և ապա նրանից, ով եկավ, վախենան ու ամաչեն: Նաև` թեև Որդուն հետո ուղարկեց, բայց [սա չի նշանակում], թե Նա վերջինն էր, այլ որ հետո՛ երևաց մարմնով, Նա, Ով աստվածությամբ հավիտյաններից էլ առաջ էր` ըստ Հովհաննեսի. «Ով գալու է իմ հետևից, ինձնից առաջ է» (հմմտ. Հովհ. 1։15):
«Ուղարկեց,-ասում է [Տերը],-իր որդուն նրանց մոտե` [Հայրը]` Իր համագոյակցին և հարազատ Սիրելիին, ինչպես վկայեց Թաբորի վրա և Հորդանանում (Մատթ. 13։5, 3։17): Եվ «ուղարկեցե ասելը [Քրիստոսի] մարդկությունն է նշանակում: Կամ էլ [ուղարկեց] որպես Աստված, որպեսզի Հոր հաճությունը ցույց տար այն ամենի հանդեպ, որ Նա խոսում ու գործում էր:

   «Թերևս ամաչեն իմ այս որդուց»,-ասում է: Ոչ թե երկբայությամբ է «թերևս» [բառը] գործածում, հեռո՛ւ այդ մտքից, Նա, Ով ամեն ինչ գիտի նախքան դրանց տեղի ունենալը և գիտեր, որ սպանելու են նաև [Իր Որդուն], այլ [այդպես ասելով] ցույց է տալիս, որ խիստ մեծ չարիք են գործում և պատասխան տալու տեղ չունեն, որովհետև իմացան, որ Որդին է` նախ մարգարեներից, ապա Նրա բերանից իսկ լսեցին ու Նրա գործերից ճանաչեցին, քանի որ ծառաների նման չէր, այլ տիրաբար հրամայում էր տարերքներին, և հնազանդվում էին, մեղքեր էր ներում ու ազատություն շնորհում, և սրանցից ճանաչեցին, որ Տեր է և Աստծո Որդի, բայց հանդգնելով սպանեցին, երբ վայել էր ակնածել ու ամաչել: Իսկ եթե մեկը հակաճառի, թե եթե [Աստված] գիտեր, որ սպանելու էին, էլ ինչո՞ւ ուղարկեց, կամ եթե ուղարկեց Իր բարության պատճառով, կասի մեկը, և նրանք սպանեցին ու Աստծո գիտեցածը կատարեցին (որպեսզի [Աստված] անգետ չկարծվի), [Աստված] էլ ինչո՞ւ է մեղադրում ու տանջում նրանց, սրա վերաբերյալ նախ Պողոսի [խոսքը] կմեջբերենք. «Դու ո՞վ ես, մա՛րդ, որ պատասխան ես տալիս Աստծուն» (Հռոմ. 9։20): Եվ երկրորդ` պարզ է, որ Աստված գիտեր, որ սպանելու են Իր Որդուն, բայց նրանք, ովքեր սպանեցին, նրա համար չսպանեցին, որ Աստծո կամքը կատարեին և Նրա գիտեցածն իրականացնեին, այլ նախանձից մատնեցին ու սպանեցին, ինչպես վկայում է ավետարանիչը (Մատթ. 27։18): Ուստիև կտանջվեն, որովհետև այդ գիտությամբ Աստծո կանխագիտությունն է հաստատվում, իսկ [նրանց կատարած] սպանությունն էլ նրանց պատիժ կբերի, ինչպես [Տերն] Ինքն ասաց. «Մարդու Որդին ըստ սահմանվածի գնալու է Հոր կամքով, ինչպես և գրված է, բայց վա՛յ նրան, ում ձեռքով մատնվելու է» (հմմտ. Ղուկ. 22։22):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Յետոյ նրանց մօտ ուղարկեց իր որդուն ու ասաց՝ թերեւս իմ այս որդուց ամաչեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:33