Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 2:14

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

14-15․ «Նա վեր կացավ, գիշերով վերցրեց Մանկանը ու նրա մորը և մեկնեց Եգիպտոս»։ «Եվ այնտեղ մնաց մինչև Հերովդեսի մահը, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. «Ես Եգիպտոսից կանչեցի Իմ Որդուն» (Ովս. 11:1)։
   
    Եթե նույնիսկ հրեաները տարակուսում են այն մարգարեության շուրջ, որն ասում է` «Եգիպտոսից կանչեցի Իմ Որդուն», կարծես թե այդ կանխասացությունն իրենց իսկ էր վերաբերում, ապա մենք կարող ենք նրանց պատասխանել, որ մարգարեությունները, իմիջիայլոց, ունեն նաև այնպիսի հատկություն, որ մի հասցեատիրոջն ուղղված մարգարեությունը կատարվում է ուրիշների վրա ևս: Այդպես, օրինակ, Շմավոնի և Ղևիի մասին ասվում է. « Կբաժանեմ նրանց Հակոբի մեջ և կցրեմ նրանց Իսրայելի մեջ» (հմմտ. Ծննդ. 49:7): Մինչդեռ վերոհիշյալ մարգարեությունն իրականացավ ոչ թե անմիջապես նրանց` Շմավոնի և Ղևիի, այլ նրանց սերունդների´ վրա: Ճիշտ նույն կերպ նաև` այն, ինչ Նոյն ասաց Քանանի մասին, իրականացավ գաբավոնացիների՝ Քանանի թոռների նկատմամբ։
    Նույնը պատահեց նաև Հակոբի հետ, ինչպես որ մենք կարող ենք տեսնել. նրան (Հակոբին) տրված օրհնությունը, թե՝ «Քո եղբոր տերը լինես, թող քո առջև խոնարհվեն քո մոր որդիները» (հմմտ. Ծննդ. 27:29), կատարվեց ոչ թե Հակոբի վրա (և ինչպե՞ս էր կարող դա լինել, երբ ինքը՝ Հակոբը, վախենում ու սարսափում էր իր եղբորից և բազմիցս խոնարհվել էր նրա առաջ), այլ իրականացավ նրա (Հակոբի) հետնորդների´ նկատմամբ։ Նույնը պետք է ասենք նաև սույն պարագայում (երբ խոսքը Քրիստոսի մասին է): Ո՞ւմ ավելի ճիշտ կլինի իսկապես Աստծո Որդի կոչել, նրա՞ն, ով երկրպագում էր հորթին կամ պաշտում էր Բեէլփեգորին ու մանուկներին զոհաբերում էր դևերին, թե՞ Նրան, Ով Էութենապես Որդի է և պաշտում է Իր Ծնողին: Այսպիսով, եթե Քրիստոս աշխարհ չգար, ապա մարգարեությունը չէր իրականանա այնպես, ինչպես հարկն էր:
    Տե´ս, թե ինչպես է նաև Ավետարանի´չն այս մասին ակնարկում՝ ասելով «որպեսզի իրականանար» և այդպիսով շեշտադրելով, որ այդ մարգարեությունն այդպես էլ չէր կատարվի, եթե Աստծո Որդին աշխարհ չգար։ Այս իրողությունը զգալի լույս ու փառք է սփռում նաև Սուրբ Կույսի վրա: Այն, ինչով պարծենում էր ողջ (հրեա) ժողովուրդը, այդ պարծանքի պատճառ էր նաև իր` Աստվածածնի´ համար: Այն, ինչով հրեաներն անսահմանորեն պարծենում և հպարտանում էին` խոսելով Եգիպտոսից իրենց գերերադարձության մասին (որն ակնարկում է նաև մարգարեն՝ ասելով. «Մի՞թե Ես այլազգիներին չհանեցի Կապադովկիայից, և ասորիներին՝ Բոթորից (փոսից)» (հմմտ. Ամ. 9:7), այժմ պարծենալու առիթ է դառնում նաև գերազանցապես Կույսի´ համար: Ավելի ճիշտ կլինի ասել, որ թե՛ ժողովուրդը, և թե՛ նահապետներն (պատրիարքները, ասել է թե` հրեա ժողովրդի նախնի առաջնորդները) իրենց` Եգիպտոս մուտք գործելով և այնտեղից դուրս ելնելով, իբրև նախատիպ, ներկայացնում էին Քրիստոսի` Եգիպտոսից դուրս գալու պատկերը։
Եվ նրանք (Հովսեփը, Մարիամը և Հիսուս) մեկնեցին Եգիպտոս՝ փրկվելով սովամահ լինելուց, իսկ Քրիստոս էլ խուսափեց Իր դեմ նյութված դավադիր մահավճռից: Այդպիսով, երբ նրանք մուտք գործեցին Եգիպտոս, փրկվեցին սովահար լինելուց, և Քրիստոս Իր այդ գալստյամբ լուսավորեց ամբողջ երկիրը:
    Եվ այսպես, տե´ս, թե ինչպես է Աստծո զորությունը բացահայտվում խոնարհության մեջ: Հրեշտակը, «փախի´ր Եգիպտոս» ասելով (Մատթ. 2:13), չխոստացավ նրանց ուղեկցել ո՛չ դեպի Եգիպտոս ճանապարհին, ո՛չ էլ այնտեղից վերադարձին` այդպիսով նպատակ հետապնդելով Հիսուսի ծնողներին հասկացնել, որ իրենք իրենց կողքին ունեն մեծագույն Ուղեկցին՝ նորածին Մանկանը, Որը միայն Իր հայտնվելով իսկ շրջադարձորեն փոխում է իրերը դրությունը և նույնիսկ թշնամիների´ն է ստիպում շատ առումներով ծառայել փրկության տնօրինությանը:
    Բոլոր դեպքերում, մոգերն ու բարբարոսները, հրաժարվելով իրենց հայրերի ամբարշտությունից, ընդառաջ են գնում` Փրկչին երկրպագելու։ Օգոստոսի հռչակած մարդահամարի հրամանագիրը, ինչպես երևում է, որպես առիթ է ծառայում Քրիստոսի` Բեթղեհեմում ծնվելու համար։ Եգիպտոսն իր հարկի տակ ընդունում և պաշտպանում է Հիսուսին ամեն տեսակի դավադրությունից` այդպիսով հնարավորություն ստանալով Նրան ավելի մոտենալու, որպեսզի, երբ լսեր Քրիստոսի մասին առաքելական քարոզչության ձայնը, կարողանար պարծենալ այն իրողությամբ, որ ինքն առաջի´նն է իր հարկի ներքո ընդունել Նրան:
Սակայն գուցե հարցնես, թե Մանուկն ինչո՞ւ է ուղարկվում Եգիպտոս։ Այդ իրադարձության գլխավոր պատճառը մեզ ցույց է տալիս հենց ավետարանիչը՝ ասելով. «Որպեսզի իրականանար…ասվածը. «Եգիպտոսից կանչեցի Իմ Որդուն» (Ովս. 11:1)»: Դրա հետ մեկտեղ` այս իրադարձությամբ կանխագուշակվում էր նաև ողջ տիեզերքի համար բարեհույս շնորհների պտղաբերումը: Քանի որ ամբողջ աշխարհում հենց Բաբելոնն ու Եգիպտոսն էին առավելաբար ընկղմված ամբարշտության հրի մեջ, ուստի Տերը, սկզբից ևեթ ցույց է տալիս, որ Ինքն ուղղելու և ավելի լավն է դարձնելու հիշյալ երկու երկրների բնակիչներին: Այդպիսով Քրիստոս այն վստահությունն էր հաղորդում, որ համայն տիեզերքը կարող է բարեհույս շնորհների ակնկալությունն ունենալ. ահա թե ինչու Փրկիչը մոգերին ուղարկում է Բաբելոն, իսկ Ինքն Իր մոր հետ գնում է Եգիպտոս:
    Սրանից բացի, մենք այս պատումից ուսանում ենք ևս մեկ բան, որը մեծապես լիացնում է մեր իմաստության պաշարները։ Մասնավորապես ինչի՞ մասին է խոսքը: Ա´յն մասին, որ հենց սկզբից հնարավոր էր առերեսվել գայթակղությունների ու զրպարտությունների։ Եվ իսկապես, տե´ս, թե այս ամենն ինչպես է սկիզբ առնում անմիջապես բամբասանքից։ Հենց որ Քրիստոս ծնվեց, այդժամ բռնակալն ասես խելագարության մատնվեց, և նորածին Հիսուսի համար անհրաժեշտություն առաջացավ դեպի օտար երկրներ փախչելու, իսկ Մանկան բոլորովին անմեղ մայրն էլ ստիպված եղավ բարբարոսների երկիր հեռանալու:
    Այս ամենին ականատես լինելով` դու նույնպես, արժանանալով մի որևէ հոգևոր սպասավորություն իրականացնելու, եթե անգամ ամենածանր դժբախտություններն էլ կրես և անթիվ-անհամար չարչարանքների ենթարկվես, չպետք է շփոթության մատնվես ու ասես՝ «սա ի՞նչ է նշանակում»։ Երբ ես կատարում եմ Տիրոջ կամքը, այդժամ ես պիտի պսակների արժանանամ ու փառավորվեմ, լուսապայծառ ու նշանավոր դառնամ: Սակայն, Քրիստոսի օրինակը աչքի առջև ունենալով, քաջաբար
կրիր ամեն դժվարություն` գիտենալով, որ հատկապես հոգևո´ր աշխարհի մարդկանց են այդօրինակ դժվարություններ պատահում, և որ նրանց է առավելապես բաժին հասնում բոլոր կողմերից փորձությունների ենթարկվելու լուծը:
    Տե´ս, թե ինչ է պատահում ոչ միայն մոր ու Մանկան, այլ նաև մոգերի´ հետ. նրանք գաղտնաբար հեռանում են, ինչպես փախստականներ, և նույնիսկ Հիսուսի մայրն ինքը, որը երբեք չէր լքել իր տունը, պատգամ է ստանում մեկնելու երկար ու տանջալից մի ճանապարհորդության` հանուն իր Հրաշամանուկի Ծննդյան հոգևոր տառապանքների ենթարկվելով։ Ահա ևս մի զարմանալի երևույթ. Պաղեստինը դավադրություն է կազմակերպում Հիսուսի դեմ, մինչդեռ Եգիպտոսը Նրան ընդունում և փրկում է ամեն տեսակի խարդավանքից:
    Այդպիսով, նախատիպ մարգարեություններն իրականություն դարձան ոչ միայն հրեաների նախնի նահապետների (պատրիարքների) զավակների վրա, այլև կատարվեցին հենց Տիրո´ջ նկատմամբ: Այդ ժամանակ Հիսուսի կատարած քայլերը կանխագուշակեցին նաև գալիք իրադարձություններից շատերը, ինչպիսին էր, օրինակ, ավանակի և քուռակի հետ կապված իրադարձությունը:

   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Եւ նա վեր կացաւ, առաւ մանկանն ու նրա մօրը, գիշերով, եւ գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչեւ Հերովդէսի մահը,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:13
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Նա վեր կացավ, գիշերով վերցրեց Մանկանը ու նրա մորը և մեկնեց Եգիպտոս»։ (Սինոդական թարգ․)[14]
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:13
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նա վեր կացաւ, առաւ մանկանն ու նրա մօրը, գիշերով, եւ գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչեւ Հերովդէսի մահը,
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:13
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Եւ նա վեր կացաւ, առաւ մանկանն ու նրա մօրը, գիշերով, եւ գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչեւ Հերովդէսի մահը,
(Արարատ թարգ․) Հովսեփը վեր կացավ, գիշերով վերցրեց երեխային ու նրա մորը և մեկնեց Եգիպտոս։
(Գրաբար) Եւ նա յարուցեալ ա՛ռ զմանուկն եւ զմայր իւր ի գիշերի՝ եւ գնա՛ց յԵգիպտոս, եւ ա՛նդ էր մինչեւ ցվախճան Հերովդի: