Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:41

Հովհաննես Ծործորեցի

Նրանք ասացին նրան. «Չարերին չարաչար կ՚ոչնչացնի եւ այգին կը տայ այլ մշակների, որոնք նրան կը տան պտուղներն իրենց ժամանակին»:

 

    Ասում են Նրան. «Չարերին չար կերպով կորստյան կմատնի և այգին կտա այլ մշակների, ովքեր պտուղները ժամանակին կտան նրան»:

    Ակամա իրենք իրենց վճիռը սահմանեցին, թե դատապարտվելու են, ինչն իրոք տեղի ունեցավ, որովհետև թշնամիների վկայությունը լի է ճշմարտությամբ: «Չարերին,-ասում են,-չար կերպով կորստյան կմատնի»: Սա երկու կերպ է հասկացվում: Կամ` ինչ չարիք, որ գործեցին Աստծո ծառաների հանդեպ, հռոմեացիները կգան ու նրանց հանդեպ կանեն` կորստյան կմատնեն ու կսպանեն` իրենք էլ նրանց նման չար լինելով, կամ էլ` [Աստված] չարացածներին չարությամբ կկործանի և չարագործներին իրենց չարությամբ հանդերձ կորստյան կմատնի, ինչպես սոդոմացիներին, որով հետև միայն չի տանջելու նրանց, այլև նրանց տեղը բնաջինջ ավերելու է:

    «Եվ այգին կտա այլ մշակների, ովքեր պտուղները ժամանակին կտան նրան»: Սա հայտնապես նկարագրում է հեթանոսների մուտքը: Որովհետև ի՞նչ է նշանակում «այլ»-ը, եթե ոչ` հեթանոս օտար ազգերը, որոնք տնկվեցին հին այգու փոխարեն որպես Քրիստոսի հավատացյալների նոր ժողովուրդ և ցանկապատվեցին առաքյալներով ու մարգարեներով, այլև բարեպաշտ թագավորներով: Եվ փորվեց խաչի հնձանը, որից [Քրիստոսն] աղբյուրի կրկնակի վտակներ է կայլակնաբար բխեցնում հրաշքով և աներևութաբար ոռոգում մեր բանական անդաստանը` կանգնեցնելով տերունական մարմինն իբրև աշտարակ` շինված հոգուց, մարմնից ու մտքից, միացած աստվածության ամբողջությամբ և խաչի վրա բարձրացած: Եվ դրա մշակը երկնավոր Հայրն է, իսկ Նրա կամքին հետևողները` աստվածային մարդիկ, ովքեր տալիս են պտուղը Կյանքի ծառի, «որ տնկված է ջրերի հոսանքում» (Սաղմ. 1։3), [այսինքն]` Աստծո Որդու մարմինն ու արյունը` մաքրության ժամին` սրբազան ժողովրդին, այլև ուղիղ դավանությունը Հոր, Որդու և Սուրբ Հոգու, նաև Խոսքի տնօրենության: Եվ կատարում են մտքի գործերն ու բանական պաշտամունքն այս կյանքի ժամին, որն ընդունելի ժամանակն է և փրկության օրը` ըստ Պողոսի 1180, նաև հանցանք գործելուց հետո [մատուցում են] խոստովանություն և «ապաշխարության արժանի պտուղ» (Մատթ. 3։8)` բարի գործերի ծաղիկներով` [աճած] զղջման ու սրտի ինքնամեղադրանքի ժամանակ` ի փառս Հայր Աստծո, Նրա Որդու և Սուրբ Հոգու, այժմ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Նրանք ասացին նրան. «Չարերին չարաչար կ՚ոչնչացնի եւ այգին կը տայ այլ մշակների, որոնք նրան կը տան պտուղներն իրենց ժամանակին»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:33