Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:16

Հովհաննես Ծործորեցի

16-17. Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք՝ ով որ երդուի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի տաճարի մէջ եղած ոսկու վրայ, պարտաւորւում է այն կատարել: Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թէ՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին:

 

   Վա՛յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ, որ ասում եք. «Ով Տաճարով երդվում, ոչինչ է, բայց ով Տաճարում գտնվող ոսկով է երդվում, պե՛տք է [պահի երդումը]»: Անմիտնե՛ր ու կույրեր, ի՞նչն է մեծ` ոսկի՞ն, թե Տաճարը, որ սրբագործում է ոսկին:

   [Տերն այս խոսքով] ցույց է տալիս, որ նրանք բազմաթիվ մեղքերի պատճառ էին և շատերի կողքին այն մեղքն էլ ունեին, որ սուտ երդվում էին, ինչն Օրենքով արգելված էր 1261: Այդ պատճառով էլ [Տերը] պախարակում է նրանց, թե` կույր եք: Իսկ եթե առաջնորդներն են կույր, ի՞նչ ասել հետևորդների մասին: Ուստի [այդպիսի առաջնորդներից] վրեժ է խնդրվելու ոչ միայն իրենց անձերի համար, այլև նրանց, ում մոլորեցրին: Իսկ մոլորությունն այսպիսին էր: Այս աղանդը կռապաշտներից էին վերցրել, ովքեր երդվելով խաբում էին շատերին. [երդվում էին] ոչ թե ոսկյա կուռքերով, այլ մեհյանով, որում կուռքերն էին, և դա ոչինչ էին համարում: Այդպես էլ սրանք էին երդվում Տաճարով` շատերին համոզելու համար, և դա անվնաս ու դատարկ բան համարում, իսկ երբ Տաճարում գտնված ոսկով էին երդվում, դա ավելի մեծ բան էին համարում` կամ երդվողները, կամ երդումը պահանջողները, և սա նրանք հանցանք էին համարում: Այսպիսիներին է հանդիմանում [Տերը` ասելով]. «Անմիտնե՛ր ու կույրեր, ի՞նչն է մեծ` ոսկի՞ն, թե Տաճարը, որ սրբագործում է ոսկին»: «Ոսկի» է կոչում կամ սուրբ սպասքը, կամ Տաճարի գանձերը: Ուրեմն ասում է, որ Տաճարն է մեծ, քանի որ սրբագործում է ոսկին: Ինչպե՞ս: Նրանով, որ Տաճարը պատկանում է Աստծուն, իսկ ոսկին` Տաճարին, և Աստծո անունը սրբագործում է Տաճարը, իսկ Տաճարի խորհուրդն էլ մաքրում է ոսկին: Կամ էլ` Աստված պահանջեց Տաճարը, իսկ Տաճարը` ոսկին, և Տաճարն ու Տաճարի ոսկին չեն [զատվում], որովհետև Տաճարի համար են ոսկին ընծայում: Սա՛ է [ոսկու] սրբագործվելը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք՝ ով որ երդուի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի տաճարի մէջ եղած ոսկու վրայ, պարտաւորւում է այն կատարել:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:13