Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:25

Հովհաննես Ծործորեցի

Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում էք, մինչ ներսից նրանք լի են ձեր գողութեամբ եւ անժուժկալութեամբ:

 

    Վա՛յ ձեզ, կեղծավոր օրենսգետներիդ ու փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու ամանի դրսի մասը, մինչ ներսից լի են հափշտակությամբ ու անխառնությամբ:

    [Տերը] ցույց է տալիս, որ մարմնի մաքրությունն արհամարհելուց ոչ մի վնաս չի լինում, բայց մեծամեծ պատիժների են ենթակա նրանք, ովքեր չեն հոգում հոգու սրբության մասին, որն առաքինությունն է, որովհետև [օրենսգետներն ու փարիսեցիները] մեծ չարիքներ [էին գործում] ու տարված էին փառամոլությամբ, սակայն հոգում էին մարմնի մաքրության մասին, իսկ արդարությունն ու առաքինությունն արհամարհում: Եվ աննպատակ չի ասում «բաժակ»-ն ու «աման»-ը, այլ դյուրաբեկ լինելու և որպես փխրուն նյութ փշրվելու, կամ էլ հոգու ամանը լինելու, որն ինչ-որ մեկը նաև «պարկ» կոչեց: Ուրեմն` ամանի մաքրությունը ոչինչ է, եթե ներսում անբծություն չկա:

    Իսկ ի՞նչ է այն, [որ ասում է]. «Ներսից լի են հափշտակությամբ ու անխառնությամբ»: «Ներս» է կոչում հոգին ու միտքը. նախ` որ [հոգին] ծածկված է և անտես, և երկրորդ` որ նուրբ ու թափանցիկ է, այնքան, որ կարողություն ունի ներքին խորությունները մտնելու: [Տերն] ասում է, որ սա է պղծվել հափշտակությամբ, որն ընկերոջը կամ պատվից, կամ ունեցվածքից զրկելն է, կամ հավասարների հանդեպ գերազանցություն ցույց տալը, որովհետև ոչ այլ բան է հափշտակությունը, քան [ուրիշի հաշվին] սեփական բաժինը մեծացնելը, որ մեծ անիրավություն է: Իսկ «անխառնություն» է կոչում կամ այն, որ մեկը զրկողությամբ վերցնում է ուրիշից և ինքն ուրիշի հետ բնավ չի շփվում, որը կրկնակի չարիք է, կամ էլ «անխառն» պարկեշտ բառով 1266 կոչում է խառնակեցիկին 1267 ու պիղծին, քանի որ նրա աղտեղության պատճառով ոչ ոք չի «խառնվում» նրա հետ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում էք, մինչ ներսից նրանք լի են ձեր գողութեամբ եւ անժուժկալութեամբ:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:13