Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:16

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

16-22․ «Այդ ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն»։ «Ով տանիքի վրա լինի, թող չիջնի տնից որևէ բան վերցնելու»։ «Եվ ով հանդում լինի, թող հետ չդառնա իր հագուստները վերցնելու»։ «Բայց վա՛յ հղիներին ու ստնտուներին այն օրերին»։ «Աղոթե՛ք, որ ձեր փախուստը ձմռանը չլինի, ոչ էլ շաբաթ օրը»։ «Որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղել, ոչ էլ երբևէ կլինի»։ «Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի. սակայն ընտրյալների համար այդ օրերը կպակասեցվեն»։
   
    Խոսելով քաղաքին սպասվող փորձանքների, առաքյալների փորձությունների և այն մասին, որ նրանք անհաղթ են լինելու և անցնելու են ողջ աշխարհով՝ Փրկիչը կրկին խոսում է հրեաների պատուհասների մասին ու մատնացույց է անում, որ երբ առաքյալները, ողջ աշխարհին ուսուցանելով, փառավորվեն, այդ ժամանակ հրեաները դարձյալ կենթարկվեն փորձանքների։ Բայց տե՛ս, թե Հիսուս ինչպես է խոսում պատերազմի մասին՝ դրա դաժանությունը ներկայացնելով, ըստ էության, աննշան խոսքերով։ «Այդ ժամանակ, - ասում է Նա, - ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն»։ «Այդ ժամանակ», այսինքն՝ ե՞րբ։ «Երբ այս ամենը կատարվի, երբ տեսնեք ավերածության սրբապղծությունը»։ Սրանից ես եզրակացնում եմ, որ Քրիստոս խոսում է զորքերի հարձակումների մասին։ «Այդ ժամանակ փախե՛ք, - ասում է, - ձեզ համար այլևս փրկության ոչ մի հույս չի լինի»։ Իսկ քանի որ հաճախ էր պատահել, որ հրեաները, դաժան պատերազմների ժամանակ կրկին զորանում էին, ինչպես, օրինակ, Սենեքերիմի և Անտիոքոսի օրոք (երբ, թեև զորքերը հարձակվել էին քաղաքի վրա և տաճարը գրավված էր, բայց Մակաբայեցիները, թշնամիների դեմ նետվելով, այդ դժվարին իրավիճակին հակառակ ուղղություն տվեցին), ուստի, որպեսզի այժմ էլ նմանօրինակ որևէ շրջադարձի չսպասեն, Քրիստոս խլում է նրանցից ամեն մի հույս։ «Լավ է, - ասում է, - եթե մեկը փրկվի թեկուզ մերկ վիճակում»։ Դրա համար էլ տանիքի վրա գտնվողներին թույլ չի տալիս տուն մտնել հագուստներ վերցնելու համար՝ այդպիսով ցույց տալով չարիքի անխուսափելիությունը և գալիք չափազանց մեծ դժբախտությունը, որին առերեսված յուրաքանչյուր ոք անհրաժեշտաբար կորստյան պիտի մատնվի։ Նույն պատճառով Հիսուս ավելացնում է նաև, որ դաշտում գտնվողը ևս չպետք է վերադառնա իր հանդերձները վերցնելու։ Եթե անգամ տանը գտնվողները փախչում են այս պատուհասից, ապա առավել ևս՝ տուն չպետք է վերադառնան նրանք, ովքեր դրսում են։ «Վա՛յ հղիներին ու ստնտուներին» (Մատթ. 24:19), - առաջիններին, որովհետև նրանք, հղիությամբ ծանրաբեռնված լինելով, տկարության պատճառով, հեշտությամբ չեն կարողանա փախչել, իսկ վերջիններին, որովհետև նրանք, երեխաների հանդեպ կարեկցանքով լցված լինելով, չեն կարողանա իրենց հետ փրկել նաև կաթով սնվողներին։ Փողը հեշտությամբ կարելի է թե՛ արհամարհել, և թե՛ պահպանել, այդպես նաև՝ հագուստը։ Սակայն ինչպե՞ս կարող է որևէ մեկը խուսափել նրանի՛ց, ինչին մարդուն կապում է բնությունը։ Ինչպե՞ս կարող է հղի կինը հանգիստ լինել։ Ինչպե՞ս կարող է կաթ տվողն արհամարհել իր երեխային։ Ապա, կրկին ցույց տալով պատուհասի մեծությունը, Հիսուս ասում է. «Աղոթե՛ք, որ ձեր փախուստը ձմռանը չլինի, ոչ էլ շաբաթ օրը։ Որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղել, ոչ էլ երբևէ կլինի» (Մատթ. 24:20-21)։ Տեսնո՞ւմ ես, որ Քրիստոս խոսում է հրեաների հետ, և դատողություն է անում է նրանց սպասվող փորձանքների մասին։ Առաքյալները շաբաթը չէին պահում և Երուսաղեմում չէին այն ժամանակ, երբ Վեսպանսիանոսը գործեց այդ չարիքը, քանի որ նրանց մեծ մասը դեռ դրանից առաջ վախճանվել էր, իսկ եթե ոմանք կենդանի էին մնացել, նրանք այն ժամանակ ապրում էին աշխարհի այլ հատվածներում։ Բայց ինչո՞ւ ոչ «ձմռանը, ոչ շաբաթ օրը»։ Ձմռանը՝ ժամանակի դժվարինության պատճառով, շաբաթ օրը՝ օրենքի պահանջով։ Այդ ժամանակ անհրաժեշտ էր լինելու փախուստի դիմել, և ա՛յն էլ՝ ամենաարագ փախուստի, իսկ հրեաներն այդ ժամանակաշրջանում չէին համարձակվում փախչել շաբաթ օրը՝ օրենքի հանդեպ ակնծանքից դրդված։ Ձմռանը փախչելն էլ հարմարավետ չէր, դրա համար էլ Քրիստոս ասում է. «Աղոթե՛ք։ Որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղել, ոչ էլ երբևէ կլինի»։ Թող ոչ ոք չմտածի, թե սա ասված է չափազանցությամբ. այդպես կարծողը թող կարդա Հովսեփոսի երկերը, և կիմանա այս խոսքերի ճշմարտացիության մասին։ Ոչ ոք չի կարող ասել, թե Հովսեփոսը, որպես հավատացյալ, ուռճացրել է այս պատուհասների նկարագրությունը՝ ասվածը հաստատելու համար. նա հրեա էր, և շատ խստակյաց հրեա, նախանձախնդիր ու այնպիսի մեկը, որն ապրում էր Քրիստոսի գալուստից հետո։ Ի՞նչ է նա ասում։ Ա՛յն, որ այս պատուհասները գերազանցեցին ամեն տեսակի փորձանքների, և որ նման պատերազմ երբեք չէր պատահել որևէ ազգի հետ։ Այնպիսի սով էր, ըստ նրա խոսքերի, որ մայրերն իրենք ագահությամբ ուտում էին սեփական երեխաներին, և դա հանգեցրեց նրանց միջև կատաղի պայքարի, իսկ շատ մեռածների արգանդները նույնիսկ պատառոտվեցին։ Ես սիրով հիմա կհարցնեի հրեաներին. ինչի՞ համար իրենց վրա թափվեց Աստծու՝ այսպիսի մեծ ու անտանելի բարկությունը, որը գերազանցում էր բոլոր տեսակի փորձանքներին, որոնք մինչև այժմ տեղի են ունեցել ոչ միայն Հրեաստանում, այլև ողջ աշխարհում։ Մի՞թե ակնհայտ չէ՝ ա՛յն բանի համար, որ համարձակվեցին խաչել Քրիստոսին, և դա իրականացումն էր Փրկչի կանխասացության։ Բոլորը կարող են սա հաստատել, և բոլորի հետ միասին ու բոլորից առաջ՝ սա է վկայում իրադարձությունների ճշմարտացիությունը։ Նկատի՛ր պատուհասների արտասովորությունը, երբ դրանք, համեմատած ոչ միայն մինչև այժմ եղած, այլև հետագա ամբողջ ժամանակահատվածում գալիք փորձանքների հետ, բոլորից ամենասարսափելիներն են։ Իսկապես, ոչ ոք չի կարող նման փորձանքներ մատնանշել ո՛չ ողջ աշխարհում, ո՛չ բոլոր ժամանակներում՝ թե՛ անցյալ, և թե՛ ապագա։ Ու սա արդար է։ Մարդկանցից ոչ ոք, որոնք եղել են սրանից առաջ կամ հետո, չի համարձակվել այսպիսի անօրեն ու սարսափելի չարագործություն գործել։ Ահա թե ինչու է Քրիստոս ասում. «Այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղել, ոչ էլ երբևէ կլինի։ Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի. սակայն ընտրյալների համար այդ օրերը կպակասեցվեն» (Մատթ. 24:21-22)։ Սրանով Նա ցույց է տալիս, որ հրեաները դեռ ավելի մեծ պատժի էին արժանացել, քան սա է, իսկ «օրերը» բառի ներքո նկատի են առնվում պատերազմի ու պաշարման օրերը։ Այսպիսով, Փրկչի խոսքերի իմաստը հետևյալն է. եթե ավելի երկար շարունակվեր հռոմեացիների պատերազմը քաղաքի դեմ, ապա կկործանվեին բոլոր հրեաները («ոչ ոք չէր փրկվի» խոսքով Հիսուս այստեղ նկատի ունի հրեաներին)՝ թե՛ քաղաքից դուրս, թե՛ ներսում գտնվողները։ Հռոմեացիները ոչ միայն պատերազմում էին այն հրեաների դեմ, որոնք գտնվում էին Հրեաստանում, այլև նրանց հանդեպ ատելության պատճառով վտարում ու հետապնդում էին ամեն տեղ ցրվածներին։

    Իսկ ո՞ր «ընտրյալների» մասին է այստեղ խոսում Քրիստոս։ Հրեաների մեջ եղող հավատացյալների՛ մասին․ որպեսզի հրեաները չասեն, թե այս փորձանքները պատահեցին Ավետարանի քարոզության և Քրիստոսին երկրպագելու պատճառով, Հիսուս ցույց է տալիս, որ հավատացյալները ոչ միայն հրեաներին պատուհասած այս չարիքների պատճառը չեն լինի, այլ, ընդհակառակը, եթե չլինեին այս հավատացյալները, ապա բոլորն էլ ամբողջովին կորստյան կմատնվեին։ Եթե Աստված թույլ տար, որ պատերազմը շարունակվի, ապա հրեաների մնացորդն էլ չէր պահպանվի։ Բայց որպեսզի անհավատ հրեաների հետ չկորչեին նաև նրանց մեջ եղող հավատացյալները, Տերը շուտով դադարեցրեց մարտը և վերջ դրեց պատերազմին։ Դրա համար էլ Քրիստոս ասում է. «Սակայն ընտրյալների համար այդ օրերը կպակասեցվեն»։ Փրկիչը սա ասաց նաև հրեաների թվում եղող հավատացյալներին մխիթարելու և նրանց հանգստացնելու համար, որպեսզի նրանք չվախենան՝ կարծելով, թե պիտի կործանվեն մյուսների հետ։ Իսկ եթե այստեղ հավատացյալների հանդեպ Աստծու հոգածությունն այնքան մեծ է, որ հանուն նրանց մյուսներն էլ են փրկվում, և անհավատ հրեաների մնացորդները պահպանվում են քրիստոնյաների շնորհիվ, ապա ինչպիսի՜ պատիվ է սպասվում նրանց պսակների բաշխման ժամանակ։ Այս խոսքերով Քրիստոս մխիթարում էր հավատացյալներին, որպեսզի նրանք չտրտմեն սեփական վտանգների ժամանակ, քանի որ անհավատներն էլ նույն փորձանքներն են կրում, և այն էլ՝ առանց որևէ մի օգուտի ու նույնիսկ իրենց սեփական կյանքի կորստով։ Եվ Հիսուս ոչ միայն մխիթարում էր հավատավորներին, այլև ծածուկ ու աննկատ կերպով նրանց հեռացնում էր հրեական սովորույթներից։ Իսկապես, եթե դեպի լավը փոփոխություն այլևս չի լինելու, ու տաճարը գոյություն չի ունենալու, ապա ակնհայտ է, որ օրենքը ևս վերանալու է։ Ի դեպ, Հիսուս սա հստակորեն չասաց, այլ ակնարկեց դա՝ խոսելով հրեաների լիակատար կորստյան մասին։ Իսկ հստակորեն չասաց այդ մասին, որպեսզի աշակերտներին ժամանակից շուտ չխոցի։ Դրա համար նաև հենց սկզբից չասաց այդ մասին, այլ, նախապես ողբալով քաղաքի համար, աշակերտներին դրդեց Իրեն մատնացույց անել քարերը և հարց ուղղել, որպեսզի այդ հարցին տրված պատասխանի միջոցով կանխագուշակի նրանց ամբողջ ապագան։ Նկատի՛ր Սուրբ Հոգու իմաստուն տնօրինությունն այն բանում, որ Հովհաննեսն այս մասին ոչինչ չգրեց, որպեսզի չթվա, թե նա գրում էր՝ հիմնվելով գեթ իրադարձությունների պատմական ընթացքի վրա (իսկ նա Երուսաղեմի կործանումից հետո դեռ երկար ժամանակ ապրեց)։ Այլ սրա մասին գրում են նրա՛նք, ովքեր մահացել էին դեռ այս կործանումից առաջ, և չէին տեսել այս իրադարձություններից ոչ մեկը, այնպես որ՝ ամենուրեք փայլատակում է մարգարեության զորությունը։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

16-18. այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կը լինեն, թող փախչեն լեռները. եւ ով տանիքի վրայ կը լինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի. եւ ով հանդում կը լինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող յետ չդառնայ:
   
    Այդ ժամանակ Հրեաստանում գտնվողները թող փախչեն լեռները, տանիքին կանգնածը թող չիջնի իր տնից որևէ բան վերցնելու, ով դաշտում է, թող հետ չդառնա իր հագուստը վերցնելու:
    Երբ [Տերը] խոսեց այն չարիքների մասին, որ հասնելու էին [Երուսաղեմ] քաղաքին, և առաքյալների փորձության մասին, դարձյալ խոսում է հրեաների նեղություններից` ցույց տալով, որ երբ աշխարհը պայծառանա լուսավոր գիտությամբ, այդ ժամանակ նրանք կխավարեն ու նեղության մեջ կընկնեն: Ե՞րբ: Երբ այսպես լինի, և նրանց վրա ծանրանան պատերազմների վշտերը, կփախչեն լեռները, քանի որ փրկության ոչ մի հույս չի լինի: Որովհետև շատ անգամ են սաստիկ պատերազմները մարել, ինչպես Սենեքերիմի և Անտիոքի օրոք եղածները, երբ [հրեաները] վերստին հավաքվեցին և նորոգեցին [ավերված] կարգերը: [Իսկ այժմ] նրանց զրկում է այդ հույսից, որովհետև ավելի լավ համարեցին մերկանդամ ու մազապուրծ փրկվել: Այդ պատճառով էլ ասում է. «Տանիքին կանգնածը թող չիջնի իր տնից որևէ բան վերցնելու», քանի որ նեղությունն անեզր է լինելու, և ոչ մի տեղից օգնություն չի հասնելու, այլ ով [թշնամու] ձեռքն ընկավ, կորստյան է մատնվելու: Ուստիև ավելացնում է «Ով ագարակում է, թող հետ չդառնա [իր հագուստը] վերցնելու», որովհետև եթե ներսում եղածներն են փախչելու, ո՛րքան ավելի պիտի չապաստանեն [տանը] նրանք, որ դրսում են:

    Այլև` անապատի պիղծը թագավորելու է Հրեաստանում, ուստիև նրանք փախչելու են լեռները, այսինքն` խոստովանող հոգիները, ովքեր նեռի ստին տեղյակ են լինելու, թողնելու են Օրենքի ստվերագրությունը և փախչելու են դեպի Օրենքից ու մարգարեներից վեհ միտքը, որ Քրիստոսի առաքյալների նոր ուսմունքն է, և որը [Տերն այստեղ] «լեռ» է կոչում, այսինքն` Եկեղեցի` Հոգու պարարտությամբ օծված, [ուր փախչելու են]` ազատվելով կամ նահատակվելով [նեռի] կողմից: Եվ առաքինության «տանիքում» գտնվողը` աստվածպաշտությամբ պսակված, «թող չիջնի` որևէ բան վերցնելու» մարմնական ցանկության «տնից»: «Եվ ով ագարակում է», այսինքն` ազատվել է աշխարհական մեղքերի սոդոմական չարությունից և ճեմում է [Սուրբ] Գրքի վարդապետության աստվածային անդաստանում, թող դարձյալ չգնա աշխարհ և դեպի ստորին վավաշ ցանկությունները, որպեսզի աղի արձան չդառնա (Ես. 13:6-9, 24:19):
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կը լինեն, թող փախչեն լեռները.
   
    «Այն ժամանակ, ովքեր Հրեաստանում լինեն, թող փախչեն լեռները»:
Ինչո՞ւ [է ասում] «ովքեր Հրեաստանում լինեն, թող փախչեն լեռները»: [Նրանց], ովքեր ավերածության պղծությունը համարեցին հռոմեացիների կամ Պիղատոսի (Ղուկ. 13:1) [կողմից իրագործված] տաճարի պղծությունը, ճշմարտորեն ասում է, թե ովքեր Հրեաստանում են, թող փախչեն լեռները: Քանի որ, ասում են, թե այնպիսի դառնություն չէր եղել հրեաներին, ինչպես [եղավ] Վեսպեսիանոսից:

    Իսկ եթե այս երկրի ավերածության պղծությունը նեռն է, որ եկավ առավելապես հավատացյալներին Քրիստոսից բաժանելու, [այդ դեպքում] ինչո՞ւ է միայն Հրեաստանում եղողներին [ասում], որ փախչեն լեռները: Թերևս մեկն ասի, թե պիղծ նեռը թագավորելու է Հրեաստանում, դրա համար միայն նրանք են փախչելու լեռները, նաև հույժ ահաբեկության և երկյուղի պատճառով:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

16-26․ այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կը լինեն, թող փախչեն լեռները. եւ ով տանիքի վրայ կը լինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի. եւ ով հանդում կը լինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող յետ չդառնայ: Բայց վա՜յ այդ օրերին յղիներին ու ստնտուներին: Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմրանը եւ ոչ էլ շաբաթ օրը. որովհետեւ այդ ժամանակ մեծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ այլեւս չի էլ լինի: Եւ եթէ այդ օրերը չկարճեցուէին, ոչ մի մարմին չէր ազատուի. բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցուեն: Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի՝ ահա՛ Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհաւատաք նրան. որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ Աստծու ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի: Ահա ձեզ առաջուց ասացի: Ապա եթէ ձեզ ասեն՝ ահա՛ անապատի մէջ է, չելնէք, կամ թէ՝ ահա՛ մառանում է, չհաւատաք.
   
    Ծանոթացնելով այդ զանազան նշաններին` Հիսուս բավարարել էր իրենների հետաքրքրասիրությունը և մեկ անգամ էլ կարողացել էր հավատացնել նրանց Իր խոսքերի ստուգությունը, որովհետև խոսել էր ոչ թե ընդհանուր կերպով, այլ ամենայն մանրամասնությամբ բացատրել էր գալիքի պարագաները: Ինչպես նախօրօք ասացինք, Հիսուս ուներ երկունպատակ. Նախ աճեցնել առաքյալների հավատքը, և երկրորդ՝ նրանց զգուշության առավելություններին ծանոթացնել, որպեսզի նրանք կարողանային օգտվել և Երուսաղեմի ու տաճարի կործանման ժամանակ վտանգից խուսափեին: Ճիշտ այդ կետն է հենց հաջորդում նշանների բացատրությանը: Իրոք, որ ներկաներից շատերն արդեն վախճանված պիտի լինեին, երբ հասներ կործանման ժամանակը, Սակայն նրանք պիտի խրատեին իրենց աշակերտներին, բացատրեին անելիքները, և Հիսուս ներկաներին անշուշտ պարտ ու պատշաճ հանձնարա-րություններ էլ էր տալիս, որպեսզի իրենցից հետո եկողներին փոխանցեին անհրաժեշտ զգուշությունները: «Երբ,-ասում է Հիսուս,- հետզհետե կատարվեն այս բոլոր նշանները և ամենավերջում իրականանա Սրբության տեղր պղծության նշանը, այլևս թող ոչ ոք չկասկածի, որ հասել է կործանման օրը: Երուսաղեմում գտնվողները թող դուրս գան քաղաքից, Հրեաստանում գտնվողները հեռանան դեպի լեռները, առանց հապաղելու փախուստի դիմեն և ոչ մի պատճառով թող չդանդաղեն: Մինչև իսկ տանիքում գտնվողը տանից որևէ բան վերցնելու համար թող տուն չմտնի, արտում եղեղը լավ հագուստներ վերցնելու համար քաղաք չվերադառնա, այլ իսկույն աճապարի փախչել: Ավելի մեծ դժվարությունը լինելու հղի ու կերակրող կանանց համար, որովհետև չպիտի կարողանան արագ փախչել: Թող Աստված նրանց օգնական լինի: Շատ ծանր պիտի լինի նաև ախուստի խուճապը, եթե ձմռանը լինի. Որովհետև ցուրտ օրերին դուրս գալը և լեռներին ապավինելը դյուրին չէ: Եթե շաբաթ օրով պատահի, դարձյալ շատ դժվար պիտի լինի, քանի որ շաբաթ օրով երկար ճանապարհ դուրս գալը հրեաներին ներելի չէ: Աղոթեցեք, որպեսզի այդ ծանրացուցիչ պարագաները խեղճ փախչողների համար դյուրանան: Չեք կարող ըմբռնել, թե որքան ծանր պիտի լինի պաշարման պատճառով Երուսաղեմի կրելիք նեղությունը: Վստահորեն եմ ասում, որ աշխարհի սկզբից մինչև այժմ այդպիսի ծանր նեղություն տեղի չի ունեցել և դրանից հետո էլ չի լինելու»:
    Հովսեպոսը շատ աղեկտուր կերպով է նկարագրում պաշարման ենթարկված Երուսաղեմում տեղի ունեցած նեղությունները: Իբրև օրինակ և վերջին խոսք բավական է հիշել, որ մայրերից ոմանք մորթելով եփում էին իրենց փոքրիկներին և, որպես կյանքի վերջին միջոց, ուտում դրացիների հետ միասին: «Եթե, - ավելացնում է Հիսուս,- այդպիսի սաստիկ նեղության օրերը մի փոքր երկարեն, քաղաքում ողջ մարդ չպիտի մնա: Սակայն Աստված, այդ բազմության մեջ ընտրյալներ ևս տեսնելով, պիտի գթա ու կարճացնի այդ նեղությունների տևողությունը»: Հովսեպոսից տեղեկանում ենք, թե Հռոմի 823 թվականի մարտի 1-ին Տիտոսի բանակը պաշարումն ուժեղացրեց Ձիթենյաց լեռան և Բեթհեզդա թաղի կողմերում, հետզհետե նեղացրեց շրջանակը, իսկ մայիսի 29-ին տաճարը ևս, որ վերածվել էր դղյակի, գրավվեց: Տիտոսը խստորեն հրամայել էր խնայել տաճարը և շինությունը պահպանել որպես արվեստի մի հրաշակերտ, բայց ավարի ժամանակ ավարառու զինվորներից մեկի ձեռքից վայր է ընկնում մի խանձող և հրդեհի պատճառ դառնում:    Հրդեհն ինքն իրեն աճելով` հրկիզում է տաճարը, և այն կործանվում է:
    Սուտ-քրիստոսները, որ դեռևս տարիներ առաջ սկսել էին բազմանալ, չպակասեցին նաև վերջին օրերին: «Չլինի թե,- ասում է Հիսուս,- հավատաք այդպիսիններին և հետևեք նևանց: Նրանք կարեղ են կեղծ նշաններ և խաբեական հրաշքներ կազմակերպել` միամիտներին խաելու համար. Գուցե հաջողվի ընտրյալներին էլ զարմացնել, չլինի թե խաբվք: Այժմվանից ձեզ զգուշացնում եմ, այժմվանից հայտնոմ եմ բոլոր հավատացողներին: Եթե ասող լինի, թե մի Քրիստոս է երևացել անապատում, սուտ է, չլինի, թե նրա հետևից գնաք. Կամ եթե աեն, թե ահա Քրիստոսը քաղաքի այնինչ կողմում է, դա էլ է սուտ, չլինի, թե հավատաք»:
    Հիսուսը ավարտում է իր գուշակությունները, ասելով, թե Երուսաղեմի բնակիչների մի մասը պատերազմի ժամանակ պիտի կոտորվի, մնացածը գերի պիտի տարվի, հրեաները պիտի սփռվեն հեթանոս երկրների բոլոր կողմերում: Երուսաղեմը պիտի ուրիշ ազգերի տիրապետությանը ենթարկվի և նրանց իշխանության տակ պիտի մնա մինչև ժամանակների լրանալը: Պատմությունից գիտենք, որ Երուսաղեմը պաշարվեց այն ժամանակ, երբ Զատկի առիթով մեծ բազմություն կար քաղաքում: Քաղաքում և քաղաքից դուրս սպանվածների թիվը, ըստ պատմիչների, հասնում էր միլիոնի: Հարյուր հազարից ավելի էին հռոմեացիների կողմից գերի վերցվածները: Որպես քաղաքի ամբողջական կործանման նշան, հռոմեացիներն իրենց սովորության համաձայն, արորով վարեցին քաղաքի մի ծայրից մյուսը:
    Երուաղեմի կործանման գուշակությունը, իր բոլոր հանգամանքներով հանդերձ, կատարյան մարգարեության պայմաններ է պարունակում: Նախ, գործերի բնական բերման, ժամանակի իրավիճակների կշռադատության բերումով, մարդկային մտքով անգամ չէր անցնի, թե Երուսաղեմը, հռոմեացիներին պատկանելուց հետո, կարող էր տարբեր կերպարանքներ առնել և դառնալ մեծ պատերազմի նպատակակետ: Եվ երկրորդ` Հիսուս ոչ թե մի ընդհանուր խոսք է մեջտեղ նետում, այլ հետզհետե կատարվելիք իրողությունները մանրամասնորեն ներկայացնում է իբրև նախընթաց նշաններ, որոնք իրականացան կատարելապես: Ի վերջո նկատելի է, որ տաճարի կործանումը տեղի է ունենում նույնիսկ հաղթական Տիտոսի կամքին հակառակ, որը հրամայել էր պահպաել տաճարի հրաշակերտ շինվածքը:
    Քար քարի վրա չմնալու առիթով էլ պատմվում է, թե կործանումից 292 տարի անց, Հուլիանոս կայսրն արտոնեց հրեաներին` վերաշինել կործանված տաճարը: Սակայն գործը գլուխ չեկավ Հուլիանոսի վաղաժամ մահվան պատճառով: Պատերի մնացորդներն էլ այս անգամ քանդվեցին, և հին տաճարից մի քար անգամ հաստատուն չմնաց: Այժմ հին տաճարի տեղում բարձրանում է էոմերի մեծ մզկիթը, որը բոլորովին արգելք է հանդիսանում հրեական տաճարի վերաշինման հավանականությանը: