Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:21

Հովհաննես Ծործորեցի

Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկն ինձ մատնելու է»:

 

    Եվ մինչ ուտում էին, ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. մեկը ձեզնից մատնելու է Ինձ»:

    Կամ գառն էին ուտում, ինչպես ասում են ոմանք, կամ էլ գառից հետո ուրիշ բան: Քանի որ չէր կարելի գառը նստած ուտել1461, հետևաբար պարզ է, որ նախ գառը կերան ըստ Օրենքի սահմանման, ապա նստեցին` բաղարջը 1462 ճաշակելու, որպեսզի ամեն տեղից հասկանաս, որ Նա է Հին և Նոր [ուխտերի] օրենսդիրը, և այն ամենը, որ կար [Հնում], [Նորի] համար էր սահմանվել. այդ պատճառով էլ ուր խորհրդանիշն էր, այնտեղ էլ ճշմարտությունն է [Տերը] ցույց տալիս:

   «Ճշմարիտ եմ ասում ձեզ. մեկը ձեզնից մատնելու է Ինձ».

    իրողության ճշմարիտ լինելը ցույց տալու համար է գործածում [«ճշմարիտ»] բառը: Իսկ որ ասում է. «Մեկը ձեզնից մատնելու է Ինձ», նախ ցույց է տալիս նրա հեռացումը, ով զատվել էր տասնմեկից և մատնության [գործին] միացել, և ապա` այդ ժամանակով ու սեղանով կամենում է մատնիչի չարությունը մեղմացնել: Որովհետև չի ասում. «Այսինչ անունն է մատնելու Ինձ», այլ` «մեկը», որպեսզի նրան ապաշխարության հնարավորություն տա` մոռանալու չար նպատակը: Եվ նրան փրկելու համար վախեցնում է բոլորին. [մեկը] ձեզնի՛ց, ասում է, տասներկուսի՛ցդ, որ ամեն ժամ Ինձ հետ եք, որոնց ոտքերը լվացի 1463, որոնց խոստացա աթոռակցություն և այլ բարիքներ: Եվ քանի որ պիտի ասեր` «ձեզնից», սկզբում ասաց` «մեկը», որպեսզի բոլորն ամբողջապես չխռովվեին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

21-25․ Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկն ինձ մատնելու է»: Եւ նրանք խիստ տխրեցին. նրանցից իւրաքանչիւրն սկսեց ասել նրան. «Միթէ ե՞ս եմ, Տէ՛ր»: Նա պատասխան տուեց ու ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մէջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու: Մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս նրա մասին գրուած է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի մարդու Որդին: Աւելի լաւ կը լինէր նրա համար, եթէ այդ մարդը ծնուած չլինէր»: Յուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Միթէ ե՞ս եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց՝ դու ասացիր:
   
    Խոսքի կարգը Հիսուսին առիթ էր տվել ակնարկել մի տհաճ պարագայի: Ընթրիքի ընթացքում միշտ Իր մոտալուտ մահվան մասին էր խոսվում, խաչվելու և չարչարանքների մասին էր խոսվում, բայց թե այս բոլորն ինչպես պիտի պատրաստվի և ինչպես պիտի իրագործվի՝ չէր ասվում, թեպետ Հիսուսի աչքի առաջ էր մատնության հեղինակը: Երբ խոսք գնաց Իր առաքյալների անելիքների մասին, չէր կարող չասել, թե նրանց մեջ բացառություն անող մեկը կա, որ այդ ապագա գործունեությանը պիտի չմասնակցի, որովհետև բոլորովին հակառակ՝ մեղքի է ծառայում և, հետևաբար, անուղղակի կերպով իմացվում է, որ Իր խոսքերը Տասներկուսից ոչ բոլորի համար էր, և որ նրանց մեջ կա նույնիսկ դավաճանություն մտածող մեկը: Այդ ակնարկը, որ բնական ձևով արեց Հիսուս, սաստիկ տպավորություն է թողնում նույնիսկ ասողի վրա. «Զայս իբրեւ ասաց Յիսուս, խռովեցաւ յոգի իւր» : Մատնության դառնությունը և մատնիչի չարությունը ծանր կերպով ճնշեց Հիսուսի սիրտը, Իր ներսում թաքցրած գաղտնիքն այլևս չկարողացավ ծածկել, և զգաց, որ պետք է իրողությունը բացահայտվի, դրա համար էլ բացեիբաց ասաց, որ Իր մահը նույնիսկ Իր աշակերտների ձեռքով է պատրաստվում և որ ներկա սեղանակից Տասներկուսից մեկն է, որ Իրեն պիտի մատնի. «Վկայեաց եւ ասէ, ամէն ամէն ասեմ ձեզ, զի մի ոմն ի ձէնջ մատնելոց է զիս»:
    Հանկարծ շվարեցին ներկաները, շփոթություն և խառնաշփոթություն տիրեց նրանց վրա, այդպիսի բան անգամ մտքներով չէր անցնում, միմյանց կասկածելու առիթ չէր եղել, սակայն Հիսուս խրատող շեշտով էր խոսում, որ սխալ կամ թյուրիմացություն կարծելու տեղիք չէր տալիս: Սկսեցին միմյանց երես նայել և փորձում էին դեմքերի արտահայտություններից ու շարժումներից կռահել, թե ով է հանկարծ շփոթվել, ում վրա է, որ կասկածելու նշաններ են երևում: «Հայէնի ընդ միմեանս աշակերտքն տարակուսեալք, թէ զումմէ ասիցէ»: Սակայն այս զննումից ոչինչ չկարողացան հասկանալ. արդարներն անշուշտ չպիտի այլայլվեին, որովհետև նման մտադրություններից հեռու էին, իսկ միակ մեղավորը բավականին վարպետ էր, ինքն իրեն չհայտնելու համար: Այսքանն էլ բավական է ցույց տալու, թե ինչպես չարության մեջ հնացած և քարացած սիրտ ուներ Հուդան՝ իր շարունակվող արծաթասիրությամբ և գողությամբ:
    Այս առաջին շփոթությունից հետո սկսեցին Հիսուսին հարցումներով ստիպել, որ ինչ-որ բան իմանան, և տխուր ձայնով յուրաքանչյուրն էլ կրկնում էր. «Միթէ ե՞ս իցեմ»: Անշուշտ այդ հարցումը չի կարելի հասկանալ այնպես, իբրև թե յուրաքանչյուր ոք իր արածը Հիսուսից է ուզում իմանալ, որովհետև իրենց խիղճը իրենց գործերն էին վկայում և Հիսուսից չէ, որ պիտի իմանային, թե իրոք մատնություն չեն արել: Այլ ուզում էին իմանալ, թե Հիսուս ում վրա է կասկածում. «Միթէ ե՞ս իցեմ» հարցումը պարզապես նշանակում է. «Մի՞թե կասկածում ես, որ ես եմ, արդյոք ի՞նձ ես կասկածում»: Հիսուս երկար թախանձանքներին պատասխան տված լինելու համար ասում է. «Ով որ ձեզանից առաջինը ինձ հետ ձեռքը պնակին տարավ, մատնիչը նա է»: Հիսուսի տված պատասխանից ոչ ոք ոչինչ չկռահեց և չէր էլ կարող իմանալ, որովհետև ոչ մեկն էլ ուշադրություն չէր դարձրել, թե պնակին ձեռք երկարացնողներից առաջինն ով է եղել, և քանի որ վերջացած էր գործը, մտածելու էլ կարիք չկար և իրար հարցնելով էլ ստույգ պատասխան չէին կարող գտնել, ուրեմն շփոթությունը չէր փարատվել, և առաքյալների շփոթությունը շարունակվում էր:
    Հիսուս տիրող լռության մեջ նորից սկսեց խոսել և ավելացրեց. «Իմ մահը մարդկության փրկության համար կատարվելիք և աստվածային կամքով նախասահմանված մի կետ է. հետևաբար այն խափանել հնարավոր չէ: Մարդու Որդին պիտի խաչվի և մեռնի և կխաչվի ու կմեռնի: Սակայն վայ այն մարդուն, որ այս բանի մատնիչն ու չարության գործիքը կդառնա և այդպիսի մի մեծ եղեռնագործության մեղքն իր վրա կառնի, ավելի լավ է, որ այդ մարդը աշխարհ եկած չլիներ, քան թե աշխարհ գալով իրեն այս ահավոր դատապարտությունը պատրաստեր»:
    Մինչ ռաքյալները շվարումից իրենց անելիքը չգիտեին և գաղտնիքն իմանալու ջանքեր էին անում, Պետրոսը բոլորից շատ էր հուզվում, որովհետև Հիսուսի հետ հաճախակի խնդիրներ էր ունեցել և մտածում էր, թե միգուցե Հիսուս իր վրա կասկածի: Հիսուսի մոտ չէր, որ կամացուկ մի բան իմանար, հեռվից մտերմիկ հարցում անելը հարմար չէր գտնում, ուստի իր տեղից աչքով նշան էր անում Հովհաննեսին, որ Հիսուսի կողքին էր, որպեսզի մտերմորեն և ծածուկ կերպով մի բան իմանա, որ իրականությունը հայտնի դառնա, մատնիչի ով լինելն իմացվի, և իրենք հանդարտվեն: Հովհաննեսը, որ անշուշտ ինքն էլ հետաքրքրվել էր, Պետրոսի ակնարկից քաջալերված, մտերմաբար Հիսուսի կողմն է թեքվում, գլուխը Հիսուսի կրծքին հենում, քաղցրալուր ձայնով, որպեսզի ուրիշներին լսելի չլինի, հարցնում է. «Տէ՜ր, ո՞վ է»: Հիսուս զիջելով սիրելի աշակերտի հարցմանը և թախանձանքներին, պատասխանում է. «Այն է, որում ես թացից զպատառն, եւ տաց»: Այս ասելով՝ հացի պատառը կերակրի մեջ թաթախելով Իր մյուս կողքին նստած Հուդային է տալիս:
    Անշուշտ, Հովհաննեսն այս բոլորը տեսնում է և մատնիչի ով լինելն իմանում և քանի որ իմանում է, կարող է բոլորին էլ հաղորդել, բայց որովհետև Հովհաննեսը գրում է, թե՝ «Զայս ոչ ոք իմացաւ ի բազմականաց անտի»՝ այսինքն՝ առաքյալները մատնիչի ով լինելը չհասկացան, ուստի պետք է ենթադրել, որ Հիսուս Հովհաննեսին պատասխանելու ժամանակ խստիվ պատվեր պիտի տված լիներ, թե՝ «Իմացիր դու, բայց ուրիշին մի ասա»: Դրա համար էլ Հովհաննեսը լսածը և իմացածը Պետրոսին էլ չէր ասել, և ոչ էլ դրանից հետո ուրիշներին և նույնիսկ ավետարանի մեջ չի ցանկացել հիշատակել և լսածը մոռացածի պես մինչև վերջ էլ ակնարկեկլու կամ իր իմանալը հայտնի դարձնելու փորձ չի արել: Մեկ պարզաբանություն էլ ավելացնենք «Թացից զպատառն» արտահայտության վերաբերյալ, որովհետև խորոված գառը թացան չունի և նշանակում է, որ մինչև այդ պահն արդեն դառնակերությունը վերջացել էր և սկսել էին մյուս կերակուրներն ուտել:
    Հիսուսի առանձին պատառ տալու պատճառը Հուդան չէր լսել, ուստի այդ խառնաշփոթի մեջ Հիսուսի կողմից պատվասիրության արժանանալու փաստը քաջալերում է իրեն և փարատում Հիսուսի՝ իր վրա ունենալիք կասկածը, ուստի Հիսուսի մատուցած պատառը գոհունակությամբ ընդունելով մեղմ ձայնով ու մտերմական տոնով կրկնեց. «Միթէ ե՞ս իցեմ, վարդապետ» կամ որ նույնն է՝ «Վարդապե՛տ, ի՞նձ ես արդյոք կասկածում», իբրև թե ուզում է իմացնել տալ՝ «Շնորհակալ եմ պատվասիրությանդ համար, տեսնում եմ, որ ինձ չես կասկածում»: Սակայն հանկարծակիի է գալիս, երբ Հիսուսից լսուոմ է. «Դու ասացեր» վճռական պատասխանը. ասել է, թե՝ «Չուզածիդ պես է, ահա խոստովանեցիր, որ դու ես»: Հիսուսի ասածը կողք-կողքի նստողների մեջ իրար է փոխանցվում, ուրիշները ոչինչ չեն կռահում, բայց Հուդայի համար այլևս կասկածի տեղ չի մնում, որ Հիսուս ամեն ինչ իմացել է, որ իր արածը Հիսուսի ականջին է հասել և որ Նրա ասած խոսքերն ինչ-որ բան հասկացնելու նպատակ ունեին և ոչ թե իմանալու: «Յետ պատառոյն, ապա եմուտ ի նա աստանայ», - գրում է Հովհաննեսը: Շփոթվեց, գրգռվեց, իր ծրագիրը խառնվեց, գուցե և շահը վտանգվեց, Հիսուս, որ դավաճանությանը տեղյակ էր, կարող էր պաշտպանական կամ խուսափման միջոցներ ձեռք առնել և Հուդան կարող էր ունեցած վստահության համար ամոթով մնալ և ակնկալիք դրամական օգուտից զրկվել: Նստած տեղը հանգիստ չէր կարողանում մնալ և իր անելիքը չէր կարողանում որոշել:
    Հիսուս, որ Հուդայի շփոթված վիճակը տեսնում էր, հանգիստ նրա կողմն է թեքվում և մեղմ տոնով ասում է. «Վեր կաց և անելիքդ կատարիր. «Արդ, որ զինչ առնելոցն ես, արա վաղվաղակի»»: Հիսուսի խոսքերի ներքին իմաստը Հուդան լավ հասկացավ, գուցե Հովհաննեսն էլ ինչ-որ բան կռահեց, բայց մնացածները ոչինչ չհասկացան: Ենթադրեցին, թե Հիսուս մատակարարության վերաբերյալ ինչ-որ բան էր պատվիրել նրան և կատարելու արագացումն էր կարգադրում, առավոտյան կատարվելիք Զատկի տոնի ծախսերը հոգալու կամ թե աղքատներին բաշխվելիք ողորմությունն իրականացնելու համար: Հուդան, հանկարծ սթափվելով, Հիսուսի խոսքերից օգուտ է քաղում և, իբրև թե Հիսուսից հանձնարարություն ստացած իր մատակարարության գործն իրականացնելու պատրվակով, տեղից վեր է կենում և, հրաժեշտի մաղթանքը տալով, անմիջապես մեկնում է վերնատնից՝ դեռ վերցրած պատառն էլ չմարսած. «Իսկ նորա առեալ զպատառն՝ ել արտաքս վաղվղակի»: Այստեղ թողնում ենք Հուդային և իր տեղում թողնելով լուսաբանությունը՝ թե ինչ նպատակով մեկնեց և թե ուր գնաց Վերնատնից դուրս գալուց հետո:
    Ավետարանիչը շարունակում է, թե երբ Հուդան մեկնեց, արդեն մութն ընկել էր. «Եւ էր գիշեր»: Սովորաբար ընթրիքն արևը մայր մտնելու ժամանակ էր սկսվում, ուրեմն արդեն մեկ ժամ և ավելին էր անցել, և հին կամ արևելյան ժամահաշվով, վաղուց էր ժամը մեկը եղել և, իրոք, շատ գործողություններ կատարված էին՝ ինչպես ամբոխի կարգադրությունը, առաջին բաժակը, օրինական լվացումը, ոտնլվան,
դառնակերությունը, կերակուրը և մատնության բացահայտման մանրամասնությունները: