Սրբ. Եփրեմ Ասորի
Տէր Աստուած երկրից բուսցրեց նաեւ ամէն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տուող ծառեր, իսկ կենաց ծառը եւ բարու ու չարի գիտութեան ծառը տնկեց դրախտի մէջտեղում:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 2:7
Ա. Լոպուխին
ԵՎ Տեր Աստված երկրից աճեցրեց ամեն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տվող ծառեր, և կենաց ծառը դրախտի մեջտեղում, և բարու ու չարի գիտության ծառը: (Սինոդական թարգ․)[9]
Եվ կենաց ծառը դրախտի մեջտեղում... Դրախտի գեղատեսիլ և մարդու մարմինը սնող բոլոր ծառերի մեջտեղում կանգնած էր մի ծառ, որն օժտված էր հրաշագործ ուժով՝ անմահություն հաղորդել նրան, ով կուտեր նրա պտուղներից (Ծննդոց. 3.22), որի համար էլ ստացել է իր անունը «կյանքի ծառ»: Այդ ծառի նշված առանձնահատկությունը, անկասկած, նրա բնական հատկությունը չէր, այլ աստվածային շնորհի ներգործության հատուկ, գերբնական տեսակներից մեկի ներկայացումն էր . որն էլ կապված է նրա պտուղների ճաշակման հետ որպես այդ շնորհի արտաքին խորհրդանիշ : Բացի նրա իրական պատմական գոյությունից (Հայտ. 2։7, 22։2), կյանքի ծառը, ինչպես Սուրբ Գրքում, այնպես էլ Եկեղեցու հայրերի մոտ, ստացել է խորհրդավոր-նախատիպային նշանակություն, մատնանշելով գլխավորապես խաչափայտը, որով Տերը մեզ վերադարձրեց հոգևոր կյանքը և Հաղորդության խորհուրդը՝ որպես այդ խաչի վրա զոհաբերության փրկարար պտուղ, որը տանում է հավիտենական կյանք (Առակ. 3։18, 11։30, 13։12, 15։4, Հովհ. 6։51–58 և ուր.):
Եվ բարու ու չարի գիտության ծառը... Դա դրախտային մեկ ուրիշ հայտնի ծառ էր, որը գտնվում էր առաջինի հարևանությամբ (Ծննդ. 3։3, 2։3), բայց օժտված էր, ինչպես հետագայում պարզվեց, ուղղակի հակառակ հատկություններով (Ծննդ. 3։17): Աստված ընտրեց այդ ծառը իբրև միջոց ՝ փորձելու համար Ադամի հավատն ու սերը, ինչպես նաև նրա երախտագիտությունը երկնային Հոր հանդեպ, որի նպատակով էլ Նա տվեց այդ ծառի պտուղներից չճաշակելու պատվիրանը: Այդ պատվիրանից էլ, ամենայն հավանականությամբ, այդ ծառը ստացել է իր անունը: «գիտության ծառը, - ասում է սուրբ Ֆիլարետը, - փորձության զենք ընտրվելով, մարդուն ներկայանում էր մի կողմից որպես անընդհատ աճող ճանաչողություն և բարու վայելում Աստծու հնազանդության մեջ, մյուս կողմից, որպես չարի ճանաչողություն և զգացողություն անհնազանդության մեջ»: Քանի որ այդ ծառին վերագրված պատվիրանը նկատի ուներ մարդու՝ իբրև բանական էակի բարձրագույն ընդունակությունների զարգացումը, ապա այդ ծառին կարող էր դյուրությամբ տրվել նաև «իմացության ծառ», կամ «ճանաչողության ծառ» անունները: Եվ քանի որ, ըստ հինկտակարանային տեսակետի, ընդհանրապես ամբողջ ճանաչողությունը բարոյական բնույթ էր կրում, ապա «բարին ու չարն» էլ այստեղ դիտարկվում են որպես ընդհանրապես ամբողջ ճանաչողության երկու հակադիր բևեռներ:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած երկրից բուսցրեց նաեւ ամէն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տուող ծառեր, իսկ կենաց ծառը եւ բարու ու չարի գիտութեան ծառը տնկեց դրախտի մէջտեղում:
(Արարատ թարգ․) Եվ Տեր Աստված երկրից աճեցրեց ակնահաճ ու քաղցրահամ ամեն տեսակի ծառեր և պարտեզի մեջտեղում տնկեց Կենաց ծառը և բարու ու չարի գիտության ծառը:
(Գրաբար) Եւ բուսոյց ևս Տէր Աստուած յերկրէ զամենայն ծառ գեղեցիկ ի տեսանել, և քաղցր ի կերակուր. և զծառն կենաց ի մէջ դրախտին, և զծառն գիտելոյ զգիտութիւն բարւոյ և չարի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: