Ծննդոց գրքի մեկնություն 37:26

Ա. Լոպուխին

26-28․ Հուդան իր եղբայրներին ասաց. «Ի՞նչ օգուտ, եթե սպանենք մեր եղբորը և թաքցնենք նրա արյունը: [26] Եկեք նրան վաճառենք իսմայելացիներին, և մեր ձեռքը նրա արյամբ չպղծվի, որովհետև ի վերջո նա մեր եղբայրն է` նույն միս ու արյունից»: Եվ եղբայրները լսեցին նրան: Անտեղից անցնում էին մադիանացի վաճառականներ: Եղբայրները Հովսեփին քաշեցին–հանեցին հորից և քսան դահեկանով վաճառեցին իսմայելացիներին: (Սինոդական թարգ․)
   
   Հուդան (Ռուբենի բացակայության ժամանակ) միջոց է առաջարկում, որն ըստ իր կարծիքի, կփրկեր ջրհորը նետված Հովսեփին դաժան մահից: Նրան վաճառականներին վաճառելու առաջարկը ինչ–որ ձևով բնորոշ էր հրեական ցեղին` համաշխարհային առևտրի միջնորդին: Առաջարկը  Ռուբենի առաջարկի համեմատ (հ. 22)  առավել մարդասիրական էր  և առավել ընդունելի անսիրտ եղբայրների համար: Եվ նրանք վաճառեցին նրան (ըստ երևույթին՝  նրան Եգիպտոս տանելու պայմանով, որ եզրակացնում  ենք Հովսեփի խոսքից,  Ծննդ. 45:4–5) 20 սիկղ արծաթով, այսինքն՝ այն գնով, որը հետագայում Մովսեսը սահմանեց 5–ից 20 տարեկան տղաների համար որպես սրբարանի արժեք (Ղևտ. 27:5), այնինչ ստրուկի (Հովսեփը վաճառվեց որպես ստրուկ, Սղմ. 104:17) միջին արժեքն էր 30 սիկղ արծաթ (Ելք. 21:32): Յոթանասնիցը,  20 սիկղ արծաթը (մոտ 17 ռուբլի) չափազանց ցածր գին համարելով,  խոսում է  «ոսկյա մետաղադրամների» մասին (εἴκοσι χρυσῶν): Հովսեփին վաճառելով՝ եղբայրները գործեցին մարդահափշտակության հանցանք, որի  համար էլ Մովսիսական օրենքը մահապատիժ սահմանեց (Ելք 21:16, Բ Օր. 24:7):
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Յուդան իր եղբայրներին ասաց. «Ի՞նչ օգուտ, եթէ սպանենք մեր եղբօրը եւ թաքցնենք նրա արիւնը:
(Արարատ թարգ․) Եվ Հուդան ասաց իր եղբայրներին. «Ի՞նչ օգուտ, եթե մեր եղբորը սպանենք ու նրա արյունը թաքցնենք:
(Գրաբար) Եւ ասէ Յուդա ցեղբարսն իւր. Զի՞նչ աւգուտ է եթէ սպանանիցեմք զեղբայրն մեր. եւ թաքուցանիցեմք զարիւն նորա.