Ծննդոց գրքի մեկնություն 38:1

Ա. Լոպուխին

1-2. Այն ժամանակ Հուդան հեռացավ իր եղբայրներից և եկավ Իրաս անունով ոդողոմացի մի մարդու մոտ: [1]  Հուդան այնտեղ տեսավ քանանացի մի մարդու դստեր, որի անունը Շավա էր: Նա ամուսնացավ նրա հետ և մտավ նրա ծոցը: (Սինոդական թարգ․)
   
   38–րդ գլուխը Հուդայի կյանքի մի դրվագի մասին է, որը տեղ է գտել Հովսեփի պատմության մեջ` ընդհատելով այն ոչ միայն ժամանակային, այլև  գաղափարական առումով: Մաքուր, անարատ Հովսեփի սերունդը, ի դեմս Եփրեմի ուժեղ ցեղի, հետագայում դարձավ հյուսիսային (Իսրայելական) թագավորության գլուխը, մինչդեռ Հուդայի սերունդը ձևավորեց հարավային (Հուդայական) մասի թագավորությունը, և վերջին ժամանակներում նրանից առանձնացավ Մեսիան, որն  առանց ատելության ծնվեց Հուդայի` արյան վրեժխնդրի սերնդից: Ըստ Միդրաշի` մինչ ստրկացնող փարավոնի ծնվելը, արդեն ծնվել էր վերջին ազատագրողը (Մեսիան` Հուդայի ցեղից):

   Ըստ հրեա մեկնիչների` Հուդան առանձնացավ իր եղբայրներից Հովսեփին վաճառելու պատճառով, քանի որ տանջվում էր իր առաջարկի համար, թեպետ առաջարկը բարի նպատակով էր արված: 38–րդ գլխի իրադարձությունների տեղի ունենալու ժամանակի առումով Աբեն–Էզրան, Ռոզենմյուլերը և այլք ենթադրում էին, որ այս բոլորը տեղի չեն ունեցել ինչպես Հովսեփին վաճառելուց հետո, այնպես էլ 23 տարի անց՝ մինչև Հակոբի բնակություն հաստատելը Եգիպտոսում, քանի որ դժվար թե այդ ընթացքում Հուդան 3 որդի ունենար իր առաջին կնոջից, «շատ ժամանակ» ամուրի մնար (հ. 12), ապա ունենար Փարեսին և Զարային, և վերջապես առաջինից թոռներ ունենար` Ասրոմին ու Համուելին (Ծննդ. 46:12): Հուդան Քեբրոնից՝ Հակոբի վերջին բնակության վայրից, տեղափոխվում  և բնակություն է հաստատում Ոդողոմի մոտ (Քեբրոնից արևմուտք)՝ Սաֆալայի հարթավայրում (այդտեղ ձևավորվեց քաղաք, որի  մոտակայքում կար մի քարանձավ, որը ապաստան  դարձավ Դավթի համար,  Ա Թագ. 22:1 հմմ. Հեսու 15:35, Բ Մնաց. 11:7): Ոդողոմացի Իրասն Հուդայի ընկերն էր (հ. 12): Հենց այստեղ էլ Հուդան ամուսնացավ քանանացիներից մեկի դստեր` Շավայի հետ: Հրեաները, ըստ Օնկելոսի Թարգումի, kenaani (հ. 2) բառը ընկալում են իբրև հասարակ անուն` վաճառական իմաստով (ինչպես, Առակ. 31:24–րդ համարում), բայց որը խիստ հակադրվում է Ծննդ. 28:1 համարին, որում խոսվում է քանանացու հետ իրենց նահապետի ամուսնության մասին: Շավա անունը ոչ թե Հուդայի կնոջ անունն է, այլ հենց հոր անունն է (ինչպես ընկալվել է Յոթանասնիցի, սիրիակ. և սլավ. թարգ. կողմից), ինչպես ցույց է տալիս schem բառի արական սեռի վերջածանցը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այդ ժամանակ Յուդան հեռացաւ իր եղբայրներից եւ եկաւ Իրաս անունով ոդողոմացի մի մարդու մօտ:
(Արարատ թարգ․) Եվ եղավ, որ այդ ժամանակ Հուդան գնաց իր եղբայրների մոտից և եկավ Իրաս անունով մի ոդողոմացի մարդու մոտ:
(Գրաբար) Եւ եղեւ ի ժամանակի յայնմիկ, էջ Յուդա յեղբարց իւրոց, եւ չոգաւ առ ոմն ոդողոմացի որում անուն էր Իրաս: