Ծննդոց գրքի մեկնություն 4:12

Սրբ. Եփրեմ Ասորի

Դու պիտի մշակես հողը, բայց նա պիտի չկարողանայ քեզ տալ իր արդիւնքը: Ահ ու դողի եւ երերման մէջ պիտի լինես երկրի վրայ»:  

   

   Ահ ու դողի և երերման մեջ պիտի լինես երկրի վրա», քանի որ երկրի վրա դու քայլեցիր գոռոզությամբ ու ամբարտավանությամբ: Ահ ու դողի և երերման մեջ լինես դու երկրի վրա, քանի որ հույսդ դրեցիր քո բռնության ու զորության վրա և սպանեցիր նրան: Ահ ու դողի և երերման մեջ լինես դու երկրի վրա, քանի որ նրա բնակիչները քեզանից երկյուղում էին, ապա այդ ամբողջ երկյուղը թող քեզ վրա ընկնի: Երբ որ դու երկիրը մշակես, թող այն իր բարիքն այլևս քեզ չտա ... Քանի որ կամեցար դու միայնակ վայելել նրա բարիքը, թող այլևս քեզ իր բարիքը չտա: Քանի որ դու թաղեցիր նրան քո արտերի հողում, ուստի կմշակես դու հողը և թող այլևս քեզ իր բարիքը չտա:
   

Ա. Լոպուխին

Երբ դու մշակես հողը, նա այլևս չպիտի քեզ տա իր ուժը։ Դու վտարանդի և թափառական պիտի լինես երկրի վրա »։ (Սինոդական թարգ․)[12]
   

   Դու վտարանդի և թափառական պիտի լինես երկրի վրա... Ռուսերեն թարգմանության այդ բառերի փոխարեն սլավոնական տեքստն ունի՝ ահ ու դողի եւ երերման մէջ պիտի լինես երկրի վրայ (στενων και τρεμων - LXX): «Այս վերջին թարգմանությունը, սբ. Ֆիլարետի արդարացի դիտարկմամբ, կարծես արվել է, Կայենի վրա դրված նշանի կռահումը դյուրացնելու համար (Ծննդ. 4:15), իսկ առաջին տարբերակը հաստատվում է հենց Կայենի պարզ բառերով, ով Աստծո պատժի մեջ տեսնում է երկրի երեսից վտարվելը (Ծննդ. 4:14)»: Քանի որ երկիրը մարդու համար, ծառայում է և՛ իբրև սննդի աղբյուր, և՛ բնակության վայր, ապա նրանից բխող անեծքն էլ դրան համապատասխան երկու բնույթի է. այն կայանում է հողի անբերրիությամբ և երկրի վրա անտուն թափառելով: Իրապես, Կայենի օրինակով մենք ունենք Իմաստունի հայտնի մտքի ակնառու հաստատումը. «Անօրենը փախչում է, երբ ոչ ոք չի հետապնդում նրան...» (Առակ. 28:1):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Դու պիտի մշակես հողը, բայց նա պիտի չկարողանայ քեզ տալ իր արդիւնքը: Ահ ու դողի եւ երերման մէջ պիտի լինես երկրի վրայ»:
(Արարատ թարգ․) Երբ մշակես հողը, թող այն այլևս քեզ իր բերքը չտա, և երկրի վրա աստանդական ու թափառական լինեսե:
(Գրաբար) Զի գործիցես զերկիր՝ և ո՛չ յաւելցէ տալ քեզ զզօրութիւն իւր. երերեա՛լ և տատանեալ եղիցես ի վերայ երկրի։