Ծննդոց գրքի մեկնություն 41:33

Ա. Լոպուխին

33-36․ Արդ, ուրեմն, թող փարավոնը գտնի խոհեմ և իմաստուն մի մարդու և նրան կառավարիչ կարգի եգիպտացիների երկրի վրա։ [33] Թող փարավոնը հրամայի երկրի վրա վերակացուներ նշանակել, որ եգիպտացիների երկրի առատության յոթ տարիների ընթացքում ամբողջ բերքի մեկ հինգերորդ մասն ամբարեն։ Նրանք թող տնտեսեն առաջին յոթ տարիների պարենը, ցորենը թող ամբարվի փարավոնի հսկողությամբ, և բերքը քաղաքներում թող պահվի։ Այդ պարենը թող տնտեսվի երկրում՝ եգիպտացիների երկրի վրա տարածվելիք սովի յոթ տարիների համար, որպեսզի երկիրը սովից չկոտորվի։ (Սինոդական թարգ․)
   
   Հովսեփի մեծ, աստվածատուր իմաստությունը հատկապես արտահայտվում է այն բանում, որ համոզված լինելով եգիպտացիների երկրում գալիք յոթ տարիների բերքառատության, և ապա՝ յոթ տարի տևող սաստիկ սովի վերաբերյալ իր կանխատեսման մեջ, նա փարավոնի ուշադրությունը հրավիրում է հնարավոր միջոցներով՝ օգտվելով բերրիության տարիներից, սովի բերած աղետը կանխելու անհրաժեշտության վրա։ Նա խորհուրդ է տալիս փարավոնին․
   1) Եգիպտոսի վրա խոհեմ, գործունյա և լավատեղյակ մի մարդու կարգել և նրա ենթակայության տակ դնել եգիպտական ամբարների վրա նշանակված  պատասխանատու վերակացուներին։
   2) այդ նպատակով օրենք սահմանել, ըստ որի ողջ երկիրը առատության յոթ տարիների ընթացքում պիտի հանձնի ամբողջ բերքի մեկ հինգերորդը, ընդ որում՝ այդ պաշարները կարող էին ամբարվել երկրով մեկ սփռված արքայական ամբարներում (Ծննդ․ 41:56

   Հավանաբար, տասնորդը կամ  բերքի 1/10−րդը եղել է ընդունված հարկ, որն իրենց ենթականերից գանձվում էր փարավոնի և Հին Արևելքի այլ արքաների կողմից (հմմտ․ Ա Թագ․ 8։15, 17․ տասնորդը ընկալվում է որպես թագավորներին ընծայվելիք հասարակ տուրք)։ Իսկ այժմ՝ արտակարգ պտղաբերության դեպքում, և գալիք սովի պատճառով, Հովսեփը խորհուրդ է տալիս կրկնապատկել սովորական տուրքը (հմմտ․ Ծննդ․ 47:24), թեև հնարավոր է, որ այս հավելյալ գանձվելիք տուրքի փոխարեն փարավոնի գանձարանից բնակիչներին ինչ−որ, թեկուզ շատ ցածր հատուցում է վճարվել։

   Պետական ամբարները տնօրինելու համար փարավոնին խոհեմ մարդ ընտրել առաջարկելով՝ Հովսեփը, անկասկած, չէր փորձում այդ նպատակի համար իր ծառայությունն առաջարկել, այլ, ընդհակառակը, նրան ամբողջովին գրավում էր ոչ միայն Եգիպտոսի ապագա ճակատագրի հստակ կանխատեսումը, այլև Եգիպտոսում սովից ծագող մահվան աղետը կանխելու անկեղծ ցանկությունը՝ «որպեսզի երկիրը սովից չկոտորվի», իսկ իր մասին նա բացարձակապես չէր մտածում։ Ընդ որում՝ նրա կողմից առաջարկված պարենապետի պաշտոնը շատ ավելի ցածր ու մասնավոր էր, քան փարավոնի կողմից Հովսեփին շնորհված Եգիպտոսի վրա գլխավոր վերակացուի պաշտոնը։
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Արդ, տե՛ս, գտի՛ր խոհեմ ու իմաստուն մի մարդու, որ դառնայ փարաւոնի խորհրդականը, եւ նրան վերակացու նշանակի՛ր Եգիպտացիների երկրի վրայ:
(Արարատ թարգ․) Եվ այժմ թող փարավոնը իմաստուն և հանճարեղ մարդ գտնի և նրան նշանակի Եգիպտոսի երկրի վրա:
(Գրաբար) Եւ արդ` տես. խնդրեա այր մի իմաստուն եւ խորհրդական փարաւոնի. եւ կացուսցես զնա ի վերայ երկրիս Եգիպտացւոց: