Ա. Լոպուխին
Եվ Տեր Աստված ասաց նրան. «Այդպէս չէ։ Նա, ով կսպանի Կայենին, յոթնապատիկ վրեժի կարժանանա»։ Եվ Տեր Աստված նշան դրեց Կայենի վրա, որպեսզի ոչ ոք, ով հանդիպի նրան, չսպանի։ (Սինոդական թարգ․)[15]
Յոթնապատիկ վրեժի կարժանանա... Աստված, ի պատասխան փոքրոգի մեղավորի տրտունջին, տալիս է նրա անձեռնմխելիության հանդիսավոր հաստատումը՝ խոստանալով յոթնապատիկ վրեժի արժանացնել ամեն մեկին, ով ինքնակամորեն նրա վրա մահափորձ կկատարի: Յոթ թիվը, սրբազան լեզվի առանձնահատկության համաձայն, գործածվում է անորոշ նշանակությամբ՝ հասկացությանը վեհություն հաղորդելու համար (Սաղմ. 11:7, Առակ. 26:25): Դրանով իսկ Աստված մի կողմից բացահայտում է մարդասպանության ծայրահեղ հանցավորությունը և դրա պատասխանատվության ողջ ծանրությունը, մյուս կողմից ի հայտ բերում Իր ողորմածության անսպառ հարստությունը՝ չկամենալով մեղավորի մահը, այլ հնարավորություն ընձեռելով նրան քավելու իր մեղքը հետագա ողջ կյանքի ընթացքում:
Եվ Տեր Աստված նշան դրեց Կայենի վրա... Կայենին անգիտությամբ չսպանելու վերաբերյալ, Աստծո կողմից նրա վրա դրված նշանի հարցում, մեկնողական գրականության մեջ տիրում է կարծիքների կատարյալ բազմազանություն, ընդ որում, գերազանցապես ոչ սպառիչ: Դրանք բոլորը բացատրում են միայն այն, որ Կայենը կարող էր ճանաչելի լինել, բայց չեն բացատրում նրան սպանելը խստորեն արգելելու հարցը: Հենվելով աստվածաշնչյան նմանատիպ օրինակների վրա, կարելի է Աստծո կողմից Կայենի վրա արված նշանի մեջ տեսնել արտաքին, հրաշագործ գործողության մատնանշում, ինչը ծառայում է թե՛ Կայենի և թե՛ գլխավորապես մնացած բոլորի համար՝ իբրև նրա անձեռնամխելիության (վավերացման) նշան, այն իրողությունների նմանությամբ, ինչպիսին են, օրինակ, հետագայում ծիածանը՝ ջրհեղեղի անդառնալիության խորհրդանիշ (Ծննդ. 9:13–15), անկեզ մորենին՝ Մովսեսի աստվածային առաքելության վկայություն (Ելք. 3:2, 12) և արևի տասնհինգ աստիճան ետ գնալը՝ Եզեկիա թագավորի ապաքինման նշան (Ես. 38:5–7):
Երանելի Թեոդորիտն այդ հատվածի մեկնության մեջ ասում է. «Նշանը հենց Աստծո վճիռն էր, որն արգելում էր սպանել Կայենին»: Այդ իսկ պատճառով, որոշ նորագույն մեկնիչների հետ միասին նա ենթադրում է, որ այդ վճիռը բոլորին հայտնի էր կա՛մ աստվածային յուրահատուկ ներշնչմամբ, կա՛մ, ավելի պարզ այդ նշանն ամբողջությամբ դրոշմված էր նրա ճակատին: Համանման դեպք առկա է, ըստ երևույթին, Եզեկիել մարգարեի գրքում (Եզեկ. 9:4–6):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Աստուած դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրութեան դրախտի դիմաց եւ հրամայեց քերովբէներին ու բոցեղէն սրին շուրջանակի հսկել դէպի կենաց ծառը տանող ճանապարհները:
(Արարատ թարգ․) Եվ արտաքսեց Ադամին: Եվ Եդեմի պարտեզի դիմաց դրեց Քերովբեներին և դեպի ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ կենաց ծառը տանող ճանապարհը պահպանելու համար:
(Գրաբար) Եւ եհան զԱդամ, և բնակեցո՛յց յանդիման դրախտին փափկութեան. և հրամայեաց քերոբէից և բոցեղէն սրոյ շուրջանակաւ պահել զճանապարհս ծառոյն կենաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: