Ա. Լոպուխին
Ենոքը Հերադ (Գաիրադ) անվամբ որդի ունեցավ։ Հերադը ծնեց Մեքիաելին (Մայիելին), Մեքիաելը ծնեց Մաթուսաելին, Մաթուսաելը ծնեց Ղամեքին։ (Սինոդական թարգ․)[18]
Ենոքը Հերադ (Գաիրադ) անվամբ որդի ունեցավ... Սլավոներեն Աստվածաշնչում սխալմամբ անվանված Գաիրադը դեռևս հունարեն LXX-ի (Յոթանասնից) թարգմանության մեջ այդ անվան երկու սկզբնատառերի նմանության և դրանց տեղերի շփոթմունքի հետևանքն է: Բանասիրական մոտեցմամբ Հերադ անունը նշանակում է «քաղաք» և դրանով իսկ մատնանշելով նրան՝ առավելաբար որպես քաղաքի բնակչի, որպես առաջին իրական քաղաքացու: Այստեղից պետք է եզրակացնել, որ քաղաքի կառուցումը՝ սկսված Կայենի կողմից, շարունակված Ենոքով և հարաբերականորեն ավարտված վերջինիս որդու ծննդյան ժամանակ, Ենոքի կողմից անվանվում է Հերադ, այդ հիշարժան իրադարձությունը հավերժացնելու համար:
Հերադը ծնեց Մեքիաելին (Մայիելին)... Հերադի որդու անունը, ըստ եբրայերեն լեզվամտածողություն, նշանակում է «Աստծո կողմից պարտված, ոչնչացված» և մեկնիչների ենթադրությամբ պարունակում է կարծես մի յուրահատուկ աստվածային խրատի ակնարկ թմբիրի վիճակում գտնվող կայենականների համար: Սակայն ո՞րն էր հատկապես այդ խրատի բովանդակությունը, որոշակի բան ասել հնարավոր չէ: Գուցե այստեղ հավերժացվել է հիշողությունը ինչ-որ սարսափելի տարերային աղետի մասին, որում կայենականները տեսել են երկնային պատիժը:
Մեքիաելը ծնեց Մաթուսաելին... Կայենականների այս նոր նախահոր անունը առավել ճշմարտանման մեկնության համաձայն, նշանակում է «Աստծո մարդ, այր», այսինքն՝ Աստծուց խնդրված, Նրա կողմից տրված: Դրա, ինչպես նաև նախորդ անվան մեջ, ոչ առանց հիմքի, նշմարվում են Կայենի հպարտ ժառանգների խոնարհության հետքերը, և իրենց պատուհասած երկնային պատժի հետևանքով նրանց դեպի Աստված ժամանակավորապես դարձի գալը:
Մաթուսաելը ծնեց Ղամեքին... Ծննդոցի հեղինակը Ղամեքի անձի ու նրա ընտանիքի պատմության վրա կանգ է առնում ավելի հանգամանորեն, դրանով իսկ իրազեկելով, որ Ղամեքի ընտանիքը հատկապես շատ բնորոշ օրինակ է կայենականների ողջ ցեղախմբի բնութագրման համար: Առաջին հերթին ուշադրություն է գրավում հենց Ղամեք անունը, որը, ըստ ոմանց, նշանակում է «ուժեղ, ամուր», իսկ ըստ այլ մեկնիչների՝ «կործանող, ախոյան»:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Ենոքը Գայերիդադ անուամբ որդի ունեցաւ: Գայերիդադը ծնեց Մայիէլին, Մայիէլը ծնեց Մաթուսաղային, Մաթուսաղան ծնեց Ղամէքին:
(Արարատ թարգ․) Եվ Ենոքը ծնեց Գայիրադին, Գայիրադը՝ Մայիելին, Մայիելը՝ Մաթուսայելին, և Մաթուսայելը՝ Ղամեքին:
(Գրաբար) Եւ եղև որդի Ենոքայ Գայերիդադ։Եւ Գայերիդադ ծնաւ զՄայիէլ։Եւ Մայիէլ ծնաւ զՄաթուսաղա։ Եւ Մաթուսաղա ծնաւ զՂամէք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: