Ծննդոց գրքի մեկնություն 4:23

Սրբ. Եփրեմ Ասորի

Ղամէքն ասաց իր կանանց՝ Ադդային ու Սէլլային. «Լսեցէ՛ք իմ խօսքը, Ղամէքի կանայք, ակա՛նջ դրէք իմ ասածին: Ես մի երիտասարդ մարդ սպանեցի, որովհետեւ նա ինձ վիրաւորել եւ հարուածել էր:

 

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 4:20

   

Ա. Լոպուխին

23-24․ Ղամեքն ասաց իր կանանց՝ Ադային ու Սելլային. «Լսեցէ՛ք իմ խոսքը, Ղամեքի կանայք, ակա՛նջ դրեք իմ ասածին։ Ես սպանեցի մի մարդու, ինձ վիրավորելու համար, և մի երիտասարդի, ինձ հարվածելու համար»: [23] Եթե սպանության համար Կայենից յոթնապատիկ վրեժ է պահանջվում, ապա Ղամեքից՝ յոթանասունյոթն անգամ։ (Սինոդական թարգ․)

   

   Սուրբգրային այս երկու չափածո տողերը, որոնք հայտնի են «Ղամեքի երգ» վերնագրով, իրենցից ներկայացնում են սեմիտական պոեզիայի հնագույն հուշարձան, որովհետև այդ երգի մեջ մենք առաջին անգամ հանդիպում ենք այդ պոեզիային բնորոշ մի հատկանիշի, այն է, մտքերի և բանաստեղծական տների զուգադրության: «Ողջ համաշխարհային գրականության մեջ չկա ավելի հնագույն հուշարձան, քան սեմիտական պոեզիայի նշված հատվածը», - ասում է կիսաբացասական ուղղության մի գիտնական (Լենորման):

   Լսեցե՛ք իմ խոսքը... ակա՛նջ դրեք իմ ասածին - Ահա հրեական պոեզիային բնորոշ մտքերի զուգադրության տիպիկ օրինակ, այսինքն միևնույն մտքի կրկնություն, միայն թե տարբեր բառերով:

    Ես սպանեցի մի մարդու, ինձ վիրավորելու համար, և մի երիտասարդի, ինձ հարվածելու համար...Այստեղ ևս կրկնվում է նույն միտքը, միայն թե տարբեր արտահայտչաձևերով: Առավել բարդ է այն հարցը, թե ինչ իմաստով պետք է հասկանալ Ղամեքի այս ամբողջ խոսքը նրա կանանց առջև՝ իր կողմից իբր թե կատարված ինչ-որ մի սպանության վերաբերյալ: Արդյո՞ք ասվում է սա հարցական իմաստով՝ «մի՞թե ես եմ սպանել մարդուն... և երիտասարդին», թե՞ հաստատական իմաստով, իբրև արդեն իսկ կատարված կրկնակի սպանության փաստ, թե՞, ի վերջո, միայն ենթադրական իմաստով, այն է՝ «ես կսպանեմ յուրաքանչյուրին, ով կկագնի իմ ճանապարհին, լինի նա հասուն մարդ, թե երիտասարդ»: Արդի մեկնիչների մեծ մասը հակված է հարցի լուծման վերջին տարբերակին, համարելով, որ «սպանեցի» բայի անցյալ ժամանակն օգտագործված է ապառնիի փոխարեն՝ իր կողմից կատարվելիք գործողության կասկածից վեր լինելը արտահայտելու համար. «ես անկասկած կսպանեմ, միևնույնն է թե՝ արդեն սպանել եմ», - հանդուգն և ինքնագոհ հայտարարում է Ղամեքն իր մասին:

   Տեքստի բնույթի այսպիսի հայեցակետից ելնելով, Ղամեքի ամբողջ երգը ստանում է սրին ուղղված հաղթական օրհներգի նշանակություն: Հիացած որդու՝ Թոբելի արյունաբեր գյուտով, Ղամեքն ասես մոտենում է իր կանանց և, թափահարելով ահարկու զենքը, մեծամտաբար պարծենում է նրանց առջև այս նոր մշակութային հաղթանակով, որը տալիս է նրան բռնակալի և տիրակալի կեցվածք: «Ես կսպանեմ ամեն մեկին, լինի պատվելի, հասուն մարդ կամ թեթևամիտ երիտասարդ, ով կհամարձակվի անգամ ինձ փոքր-ինչ վիրավորել: Եվ եթե Աստված Կայենի մահվան համար խոստացել էր յոթնապատիկ հատուցել, ապա ես, զինված իմ որդու ահեղ հայտնագործությամբ, կկարողանամ յոթանասուն անգամ ավելի լավ պաշտպանել ինքս ինձ»: Այսպիսով, մեզ հասած պոեզիայի հուշարձաններից ամենահինը Աստվածաշնչում վերարտադրված Կայենի թոռ Ղամեքի արյունոտ երգն է, ինչը համակված է ոչ թե նյութականի անհրաժեշտությամբ, այլ վայրագ չարությամբ և մոլի ինքնահավանությամբ», - նկատում է հայտնի փիլիսոփա, աստվածաբան Վ. Ս. Սոլովյովը, հակառակ դրական ուղղության ներկայացուցիչների:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Ղամէքն ասաց իր կանանց՝ Ադդային ու Սէլլային. «Լսեցէ՛ք իմ խօսքը, Ղամէքի կանայք, ակա՛նջ դրէք իմ ասածին: Ես մի երիտասարդ մարդ սպանեցի, որովհետեւ նա ինձ վիրաւորել եւ հարուածել էր:
(Արարատ թարգ․) Եվ Ղամեքն իր կանանց՝ Ադդային ու Սելլային ասաց. «Լսե՛ք իմ ձայնը, ո՛վ Ղամեքի կանայք, ականջ դրե՛ք իմ խոսքին. ես մի մարդ սպանեցի՝ ինձ վիրավորելու ու մի երիտասարդ՝ ինձ հարվածներ հասցնելու համար:
(Գրաբար) Եւ ասէ Ղամէք ցկանայս իւր ցԱդդա և ցՍէլլա. Լուարո՛ւք ձայնի իմում կանայք Ղամեքայ, և ո՛ւնկն դիք բանից իմոց. զի այր սպանի ի վէ՛րս ինձ, և երիտասարդ՝ ի հարուածս ինձ։