Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Իսկ Նա ի պատասխան նրան ասաց. «Գրված է. «Ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից»» (Բ Օր. 8:3)»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:3
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Նա պատասխանեց եւ ասաց. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»:
«Միայն հացով չէ՛, որ կապրի մարդ,— ասաց,— այլև Աստծո բերանից ելած ամեն խոսքով»:
Այս կարճ խոսքով հարված հասցրեց նրա հպարտությանը. այն, ինչ նա կեղծավորությամբ ծածկում էր, մեջտեղ բերելով հայտնեց: Ուստի ուշադրությո՛ւն դարձրու չարի խարդախությանը. ինչով առաջին մարդուն հանեց դրախտից և ուրիշ շատերի գցեց չարիքների մեջ, նույնով նաև այստեղ է իր նենգությունը նյութում՝ մղելով դեպի կերակուրների ցանկությունը: Բայց Քրիստոսը, որպեսզի ցույց տա, որ առաքինի անձին ոչինչ չի կարող համոզել անպատշաճը գործելու, չհամաձայնեց թշնամու կամքը կատարել, թեև կարող էր, որպեսզի մեզ խրատի չանսալ դևերին, անգամ եթե բարին ասեն, ինչպես որ Ինքն էր հետո ըմբերանում նրանց՝ չնայած նրան, որ Իրեն Աստծո Որդի էին խոստովանում 155: Պողոսը նույնպես հարցուկ ոգուն, որը նրան «բարձրյալ Աստծո ծառա» էր կոչում, խոսքով սաստեց 156:
[Տերը սրանով] սովորեցնում է նաև այն, որ եթե մեկը պահանջի մեզնից հրաշք ցույց տալ, չպետք է իզուր և անտեղի [այն կատարել], այլ պատշաճ տեղում և [պատշաճ] ժամանակի, ինչպես Տերը: Որովհետև այստեղ չկատարեց Մեղավորի ցանկությունը, ով փորձելով էր խնդրում, բայց մյուս անապատում շատ ավելի զարմանալի բան գործեց Իր կամքով, երբ սակավաթիվ հացերով կերակրեց հազարավորների, իսկ այլուր ջուրը գինու փոխարկեց 157՝ ցույց տալով Իրեն իբրև այս գոյությունների արարիչ: Եվ «Միայն հացով չէ՛, որ կապրի մարդ» ասելուց հետո չլռեց, որովհետև ուրիշ կերակուրներ էլ կան, որոնցով մարդիկ ապրում են, այլ ավելացրեց. «այլև Աստծո բերանից ելած ամեն խոսքով»: Որովհետև մարդը երկու բանից է [կազմված]՝ հոգուց ու մարմնից. ինչպես որ մարդիկ [մարմնով] ապրում են նյութական հացով, այդպես էլ հոգին ապրում է աննյութական խոսքով: Բայց ո՛չ մարդկանցից ծնվող դատարկ խոսքով, այլ Աստծո բերանի՛ց ելնող [խոսքերով], որոնք մարդկանց կյանք են տալիս: Իսկ որո՞նք են դրանք: Ո՛չ միայն նրանք են, որոնք Աստված ասաց Մովսեսին և մյուս մարգարեներին, կամ [որոնք ասաց] Աստծո Խոսքն աշխարհում. Աստծո խոսքեր են նաև այն բոլոր գրվածքները, որոնք սովորեցնում են Աստծո պատվիրանները մարդկանց: Իսկ եթե դրանք [Աստծո խոսքեր են], որքա՛ն առավել Ավետարանում Նրա իսկ կողմից ասված խոսքերը:
Նաև ա՛յլ իմաստով [Տերն ասաց այս խոսքը]: Ո՛չ միայն նյութական հացով կապրի Իմ այս տեսանելի մարդը, ասում է, այլև Ինձնով, որ դրան միացած Աստծո Խոսքն եմ, որ կարողություն ունեմ ոչ միայն Ինքս Ինձ կյանք տալու, այլև Ինձ հավատով ու սրբությամբ մոտեցող բոլոր մարդկանց:
Դարձյալ՝ [ասես ասում է]. «Եթե գիտես, ո՛վ փորձիչ, որ Աստծո Որդին հնարավորություն ունի քարերը հաց դարձնելու, ապա կարող է նաև առանց հացի՝ միայն խոսքով կերակրվել և Իր քաղցը հագեցածության վերածել»:
Բայց դու տե՛ս պիղծին ու գարշելուն: Երբսրանով չկարողացավ վնաս տալ և իրեն պարտված տեսավ, այլ եղանակով փորձեց, ինչի մասին էլ պատմում է ավետարանիչը:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Նա պատասխանեց եւ ասաց. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»:
«Իսկ Նա պատասխանելով ասաց. «Գրված է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»:
[Այս մասին] գրված է «Երկրորդ Օրենքի» գրքում (Բ Օր. 8։3), որը մեզ սովորեցնում է, որ ոչ միայն [զրկանքներով] և մարմնի չարչարանքներով ենք փորձվում, այլև քաղցր խոսքերով: Եթե դու սուտ ես կարծում այդպիսի խոսքերով կամ հացով հոգիների ապրելը, [ապա մենք՝ ոչ], և միայն Աստծու [խոսքը] իբրև կերակուր ունենալով՝ [սատանա՛], քո կերակուրների կարիքը չունենք: Ինչպես և պարզ է դառնում Քրիստոսի պատասխանից, եթե փորձության ենթարկվող մարդը չի կերակրվում Աստծու խոսքով, չի կարող փրկվել:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Նա պատասխանեց եւ ասաց. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: