Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 6:19

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը ոչնչացնում են, և որտեղ գողերը փորում են ու գողանում»։
   
   Փրկիչը, բուժելով սնապարծության հիվանդությունը, բնականորեն անցում է կատարում ագահության մասին խոսքին։ Իսկապես որ, ոչինչ այնքան չի ստիպում սիրել հարստությունը, որքան սնապարծությունը։ Եվ ծառաների ու ներքինիների բազմությունը, ոսկեզգեստ ձիերը, արծաթե սեղանները և նմանատիպ շատ ծիծաղելի երևույթները մարդիկ հորինել են ոչ թե իրենց կարիքները բավարարելու կամ հաճույք ստանալու, այլ ուրիշների առաջ իրենց ցուցադրելու համար։ Այսպիսով, վերևում Հիսուս Քրիստոս խոսում էր միայն այն մասին, որ պետք է ողորմած լինել, իսկ այստեղ՝ «ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա» խոսքերով ցույց է տալիս նաև, թե ինչ աստիճանի ողորմած պետք է լինել։ Քանի որ ագահությունը չափազանց մեծ ուժով տիրում է մարդկանց, և, հետևաբար, հարստությունն արհամարհելու մասին ուսմունքը հնարավոր չէր առաջադրել հանկարծակի` առանց նախապատրաստության, ուստի Փրկիչը հենց սկզբից քիչ-քիչ վերացնում է այդ կիրքը, մեզ աստիճանաբար ազատում է դրանից և, այդպիսով, ի վերջո, ագահությունից հեռու մնալու մասին ուսմունքը լիովին ընդունելի է դարձնում Իր ունկնդիրների սրտերի համար։ Ահա թե ինչու Հիսուս նախևառաջ ասաց. «Երանի ողորմածներին» (Մատթ. 5:7), ապա՝ «Հաշտվիր քո հակառակորդի հետ» (Մատթ. 5:25), այնուհետև՝ «Եվ եթե մեկը ցանկանա քեզ դատի տալ և քեզնից խլել շապիկդ, բաճկո՛նդ էլ տուր նրան» (Մատթ. 5:40), իսկ այստեղ էլ արդեն շատ ավելին է պահանջում։ Այնտեղ ասաց` եթե տեսնում ես, որ քեզ վիճաբանություն է սպառնում, այսպե´ս վարվիր, որովհետև ավելի լավ է ոչինչ չունենալ և հեռու մնալ ամեն տեսակի վիճաբանությունից, քան թե ինչ-որ բան ունենալ և թշնամանքի մեջ լինել: Իսկ այստեղ արդեն, առանց նկատի առնելու ո´չ հայցվորին, ո´չ պատասխանողին և ո´չ էլ որևէ այլ մեկին, պարզապես սովորեցնում է արհամարհել ունեցվածքը՝ անկախ ամեն ինչից։ Քրիստոս այդ պատվիրանը տալիս է ոչ այնքան ողորմություն ստացողի, որքան այն տվողի համար, որպեսզի նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ ոչ ոք չի վիրավորում և դատարան քարշ չի տալիս, մենք արհամարհենք հարստությունը և այն բաշխենք աղքատներին։ Այդուհանդերձ, այս դեպքում Հիսուս դեռ ամենը չէ, որ բացահայտում է։ Չնայած որ Քրիստոս անապատում ցույց տվեց ագահությունից հեռու մնալու առաքինության շնորհիվ գործված արտասովոր սխրանքները, սակայն այստեղ դրանք դեռևս չի մեջբերում որպես օրինակ, քանի որ դեռ ժամանակը չէր դա բացեիբաց հռչակելու համար։
   Փրկիչն այժմ ցանկանում է քննարկել միայն [սովորական] մարդկային մտքերն ու Իր խոսքերն արտաբերում է ավելի շուտ որպես խորհրդատու, քան թե` որպես օրենսդիր։ «Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա»,— ասում է Նա և ավելացնում. «Որտեղ ցեցն ու ժանգը ոչնչացնում են, և որտեղ գողերը փորում են ու գողանում»։ Այսպիսով, Հիսուս թե´ Իր հիշատակած վայրով, և թե´ առարկաների բնույթով ապացուցում է երկրային գանձերի վնասակարությունը և երկնային գանձերի արժանիքը։ Եվ Նա այստեղ կանգ չի առնում, այլ մեզ է ներկայացնում նաև մեկ այլ դատողություն։ Նախևառաջ, Քրիստոս Իր ունկնդիրներին խրախուսում է ընթանալ դեպի առաքինություններ հենց նրանո´վ, ինչից նրանք ամենից շատ են վախենում։ «Ինչի՞ց ես վախենում, - ասում է Նա: - Մի՞թե քո հարստությունը կսպառվի, եթե ողորմություն տաս։ Ո´չ, ողորմությո´ւն տուր, և այդժամ այն չի սպառվի, ու ինչը որ առավել զարմանալի է` այն ոչ միայն չի սպառվի, այլև մեծ աճ կգրանցի, քանի որ դրան կավելանան նաև երկնայի´ն բարիքները»։ Այստեղ Հիսուս դեռևս ուղղակիորեն չի խոսում այդ մասին, բայց Իր հետագա խոսքում հաստատում է ասվածը։
   Այժմ, խոսելով այն շեշտադրումով, ինչը հատկապես կարող էր համոզել Իր ունկնդիրներին, այսինքն՝ առաջ քաշելով այն գաղափարը, որ նրանց գանձն անսպառ կլինի, Հիսուս մյուս կողմից էլ նրանց ընթացքն ուղղում է դեպի ողորմության գործերը: Փրկիչը չի ասում, որ եթե ողորմություն տաս, ապա քո գանձերն անվնաս կպահպանվեն, այլ սպառնում է հակառակ իրողությամբ, այսինքն՝ զգուշացնում է, որ եթե ողորմություն չգործես, ապա կկորցնես քո գանձերը։ Հիացի´ր այս անսահման իմաստությամբ։ Քրիստոս չասաց, թե` քո փոխարեն հաջորդներդ կվայելեն այն, ինչը հաճախ հաճելի է թվում մարդկանց, այլ, Իր ունկնդիրներին երկյուղ ազդելու համար նշեց, որ նրանք ի վիճակի չեն լինի նույնիսկ իրենց հետնորդներին ժառանգել սեփական գանձերը, քանի որ, եթե անգամ ուրիշ մարդիկ էլ հարստությանը վնաս չպատճառեն, սակայն ցեցն ու ժանգը անդադար պիտի ապականեն այն։ Չնայած որ առաջին հայացքից գուցե թվում է, թե հեշտ է հաղթահարել այդ վնասը, բայց իրականում դժվար է այն կանխելը կամ դրանից խույս տալը։ Ինչ հնարանք էլ որ գործադրես, չես կարող կանխել այդ վնասը։ Իսկ ինչո՞ւ է այդպես։ Մի՞թե ցեցը կարող է ոչնչացնել ամբողջ ոսկին։ Եթե ցեցն էլ չոչնչացնի, ապա գողերը կգողանան այն։ Բայց մի՞թե գողերը բոլորի գանձերն են հափշտակում։ Եթե անգամ ոչ բոլորին են թալանում, ապա, համենայն դեպս, գողանում են շատ-շատերի գանձերը…
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

«Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողեր պատերն են ծակում ու գողանում,
   
   Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեցն ու ուտիճը փչացնում և ուր գողերը, [պատի] մեջ անցք բացելով   1, գողանում են:
   [Տերն] ընդելուզելու եղանակով սա էլ է հարմարեցնում նախորդներին: Որովհետև խոսեց ողորմության, պահքի և աղոթքի մասին, այժմ էլ եզրափակում է թե՝ նշված առաքինությունները, որ ճշմարիտ գանձ են, երկրում մի՛ դիզեք, այսինքն՝ երկրային փառքի՛ համար մի կատարեք. ցեցը, ուտիճն ու գողերը դրանք փչացնում են: Երբ մեկն առաքինության գործերը կատարում է մարդկանց հաճելի լինելու համար, որպեսզի գովվի, հաճախ դա չի պատահում նրան, ուստի հյուծախտից մաշվում է, քանի որ այս կյանքի ընթացքին հատուկ է կրքից տառապողներին դեմ դուրս գալ՝ ըստ այսմ. «Ձեր ցանկություններից կմաշվեք» (Հակ. 4։3), և՝ «Մեղավորների ցանկությունը կկորչի» (Սաղմ. 111։10): Որովհետև որքան մեկն ա ռաքինություններ է գործում, այնքան գովեստի փոխարեն դսրովանք է ընդունում, որից առավել է վշտանում, քանի որ «հոգսառատ սիրտը ոսկորների ցեց է» (Առակ. 14։30):

   Իսկ «գող» է կոչում [Տերը] սատանային, ով սնափառության ու ամբարտավանության անոսր կրքով, որը [Տերն] «անցք» է անվանում, քո աշխատանքը գողանում է և ի դերև հանում պահքիդ ու աղոթքիդ ջանքերը, ինչպես որ փարիսեցու նման (Ղուկ. 18։9-14) շատ պահեցողների պատահեց: Ուստի Տերը խրատում է. երկրին մի՛ նայիր՝ գանձեր հավաքելու համար, որպեսզի չմաշվես, և քո գործերի պատճառով սնափառ ու ամբարտավան մի՛ եղիր, որպեսզի [գործերիդ վարձատրությունից] չզրկվես:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

19-20․ «Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում.
   
   «Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեցն ու ժանգը ոչնչացնում են, և ուր գողերը պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցեք ձեզ համար երկնքում»:
Եվ այս ասվեց ողորմության մասին, թե ձեր ինչքերի գանձերը մի՛ դիզեք երկրի վրա, այլ բաշխեցեք կարոտյալներին, որպեսզի ձեր գանձերը լինեն երկնքում: Քանզի եթե երկրի վրա դիզեք, գողը կգողանա, և ժանգը կապականի: «Գող» և «ժանգ» [ասելով]՝ պետք է հասկանալ սատանային ու նրան նմանվողներին, իսկ գանձ՝ այն պաղատանքներին, որ պաղատում ենք երկրավոր կյանքի և մարմնական առողջության համար, ինչպես շատ դեպքերում իսկ տեսնում ենք: Եվ այսպիսի գանձեր դիզելը հրամանով արգելվում է նաև այլ տեղերում, ընդ որում հրամայում է հոգալ միայն հանդերձյալ [կյանքի համար]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

19-34․ «Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն: Մարմնի ճրագը աչքն է. եթէ քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի: Իսկ եթէ քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խաւար կը լինի: Եւ արդ, եթէ քո մէջ եղած լոյսը խաւար է, ապա խաւարը՝ որչա՜փ եւս աւելի»: «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ՚ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ՚արհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն եւ՝ մամոնային»: «Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կեանքի համար հոգ մի՛ արէք, թէ ի՛նչ պիտի ուտէք կամ ի՛նչ պիտի խմէք, եւ ոչ էլ ձեր մարմնի համար, թէ ի՛նչ պիտի հագնէք. չէ՞ որ կեանքը աւելին է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան զգեստը: Նայեցէ՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում եւ ո՛չ էլ շտեմարանների մէջ հաւաքում. եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք աւելին էք, քան նրանք: Եւ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել: Եւ հագուստի համար ինչո՞ւ էք հոգս անում. նայեցէ՛ք վայրի շուշանին, ինչպէ՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում եւ ո՛չ հիւսում: Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մէջ, չհագնուեց նրանցից մէկի նման: Իսկ եթէ դաշտի միջի խոտին, որ այսօր կայ եւ վաղը հնոց կը նետուի, այդպէ՛ս է հագցնում Աստուած, որքա՜ն եւս առաւել՝ ձե՛զ, թերահաւատնե՛ր: Այսուհետեւ հոգ մի՛ արէք ու մի՛ ասէք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, որովհետեւ հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է: Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ: Այսուհետեւ հոգ մի՛ արէք վաղուայ մասին, որովհետեւ վաղուայ օրը իր մասին կը հոգայ. օրուայ հոգսը բաւ է օրուայ համար»:
   
   Լեռան քարոզիչը ուրիշ ընթացք է ստանում չորրորդ մասի մեջ։ Նախընթաց երկու մասերի մեջ Հիսուս համեմատական ոճ է օգտագործում, և իր քարոզած Ավետարանի կատարելությունները բացատրում Հին Օրենքի կամ ավելի ճիշտ Հին Օրենքը աղավաղող դպիրների և փարիսեցիների կեղծ ու սին առաքինությունները նշավակելով, իր Ավետարանի իսկական ու բարձր կատարելությունները համեմատությամբ բացատրելով։ Այստեղ նա թողնում է համեմատական ոճը և ուղղակի ցույց է տալիս ավետարանական կատարելությանը պետք եղած պայմանները և հրահանգներ ավանդում։ Այդ հրահանգների մի մասը վերաբերում են յուրաքանչյուր անձի՝ ինքն իրեն հետ հարաբերություններին, իսկ մյուս մասը՝ յուրաքանչյուր անձի ուրիշի հետ հարաբերություններին, այսինքն՝ վերաբերում է անհատական և ընկերային կյանքին․անհատական կյանքի հրահանգները ամփոփված են այդ չորրորդ մասի մեջ, իսկ ընկերային կյանքի հրահանգները հաջորդ՝ հինգերորդ և վերջին մասում։ Հիսուսի տված խրատները խմբագրված ոճով բերված են Ավետարանից, ուստի պետք չէ փնտրել նրանց մեջ կարգավորված խոսակցություն կամ հրաշալի գրվածքի ներքին կապեր և կապակցություններ։ Երբ խոսում էր Հիսուս, կապակցվածության կետերը բնականաբար պահպանվում են, իսկ երբ Հիսուսի խոսքերին ամփոփում էր տրվում, ապա ընդհատ կտորներ իրար ետևից շարվում էին։ Այսօր էլ նույն բանն է հաստատվում, երբ որևէ հռետորի կամ փաստաբանի կարգավորված խոսքի իմաստը համառոտակի ամփոփելու առիթ է ներկայանում։ ՈՒստի բնավ պետք չէ զարմանալ կամ քննադատության առարկա դարձնել այն, թե Լեռան Քարոզի մեջ էլ տարբեր նյութեր իրար են հաջորդում և հատվածները պատշաճ անցումներով ու կապերով չեն ներկայացվում։ Առաջին խրատը մարդուն՝ ճշմարիտ հարստության վերաբերյալ է։ Ճշմարիտ հարստությունը արտաքին ստացվածքները չեն, որովհետև դրանք փչանալու և կորչելու են ենթակա․ տեսակ-տեսակ ճիճուներ, հագուստի ցեցը, ուտիճը փչացնում են դրանք, իսկ մնացածն էլ գողերն են խարդախ ճանապարհներով հափշտակում և ստացվածք ունեցողի ձեռքում հաստատուն ու անձեռնմխելի բան էի մնում։ Ճշմարիտ հարստությունը ներքին առաքինությունն է, որը ոչ ոք չի կարող մարդու ձեռքից խլել․ ճիճուները և գողերը չեն կարող նրանց վնասել։ Հիսուս ունեցվածքը «գանձ» է անվանում և երկրի գանձի համեմատությամբ երկնքի գանձն է մատնանշում, և այս երկու գանձերը մեկնիչները բացատրում են ողորմության օրինակով,ողորմություն տվողը իր ունեցվածքը Աստծո ձեռքն է հանձնում և այդպիսով ապահով տեղ դնում, Իմաստունի խոսքին համեմատ «փոխ տայ Աստուծոյ որ ողորմի տնաանկին»։ Իսկապես, այդ մեկնությունն օտար չէ Հիսուսի խոսքերից, բայց Հիսուսի խոսքն ավելի ընդարձակ առում ունի և միանգամայն ընդգրկում է բովանդակ առաքինությունները, որոնցից մեկն էլ ողորմության առաքինությունն է։
   Առաքինությունների ամփոփման կամ կատարելության համար Հիսուս ուրիշ մի կարևոր պայման էլ է հիշում․ այն մտքի ուղղությունը կամ ուղիղ միտքն է, որը բոլոր գործողությունների վարիչն է։ Մարմինը լուսավորողը, ուղղություն տվողը, դիրքն ու կացություն հայտնողը, մարմնի առաջնորդը՝ աչքն է, ուր աչք չկա շփոթություն է տիրում, ամեն գործ իր ուղղությունն է կորցնում, ամեն ինչ մատնվում է խավարի։ ՈՒրեմն, եթե այն, որ պիտի լուսավորեր ինքն խավարն է, ուրեմն որքա՞ն ավելի մեծ պիտի լինի մարդու ներքին խավարը, որ միայն այդ լույսով լուսավորվելուն էր սպասում։
Դարձյալ մի ուրիշ սկզբունք, Աստծո և Մամոնայի շահերը համեմատելու վերաբերյալ։ Մամոնա բառը ծագել է ասորական արմատից, և նշանակում է ինչք կամ ունեցվածք։ Այսինքն, այն, որ զգալի է և նյութական, ընկալվում է իբրև աշխարհ, որ հակառակ է Աստծուն, կամ որպես արարած՝ արարչին։ Ինչպես մի ծառան չի կարող երկու ներհակ տերերին միաժամանակ գոհացնել, քանի որ երբ մեկին գոհացնի, անշուշտ մյուսին չի գոհացնի, այդպես էլ մարդը չի կարող միաժամանակ գոհացնել և՛ Աստծուն, և՛աշխարհին՝ իրար ներհակ նշանակությամբ, այլ այն դեպքում միայն, երբ աշխարհի գործերը հպատակեցվեր աստվածային ուղղությանը։
Այս երեք կետերը՝ անկորուստ գանձը, հոգու լույսը և աստվածային շահը եթե լավ քննվեն, կտեսնենք որ իրար հետ ներքին կապակցություն ունեն և Հիսուս շատ լավ կարող էր այդ երեք խրատները իրար միացնել, թեպետև ավետարանչի ամփոփման մեջ իրարից անջատ են ներկայացվում։
   Սրանց հետևում է բավական ընդարձակ մի հատված (Մատթ․ 6։25-34) մարդու արտաքին պետքերի և աստվածային նախախնամության իրար հետ ունեցած կապակցության վերաբերյալ։ Մի կողմից Հիսուս ասում է՝ «Հոգ մի տարեք, թե ձեր կյանքը պահպանելու համար ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, մի մտածեք թե ձեր մարմինը պատսպարելու համար ինչ պիտի հագնեք, պետք չէ, որ իրար մեջ շարունակ խոսեք՝ ի՞նչ ուտենք, ի՞նչ խմենք, ի՞նչ հագնենք։ Նախապես հոգալու կարիք չկա, թե վաղը ինչի պետքը կունենաք, ամեն օրվա համար իր հոգսն ու իր փորձությունը բավական է․ պետք չէ վրան ավելացնել նաև վաղվանը, թող վաղվանը՝ վաղվան մնա»։ Ոմանք այս խոսքերի մեջ մի տեսակ անհոգություն և անձնապաստան ճակատագրապաշտություն են նշմարում, որը Հիսուս հիմնում է աստվածային բովանդակ նախախնամության հավատքի վրա և ասում է․ «Օդում թռչող թռչունները ո՛չ հող են վարում, ո՛չ արտ հնձում, ոչ էլ ցորենի ամբարներ ունեն, բայց ապրում են։ Աստված կերակրում է նրանց և չէ՞ որ դուք ավելի կարևոր եք թռչուններից։ Եթե հոգաք էլ՝ ի՞նչ կարող եք անել, կարո՞ղ եք արդյոք հոգածությամբ հասակներդ մեկ կանգուն ավելացնել։ Գալով հագուստին՝ դիտեցեք վայրի շուշանը, ո՛չ աշխատանքի պետք ունի և ո՛չ էլ՝ խնամքի, այլ ինքն իրեն աճում և զարդարվում է այնպես, որ Սողոմոնն էլ չկարողացավ զարդարվել իր ամբողջ փառավորությամբ։ Վերջապես շուշանը բաց դաշտում մի խոտ է, այսօր ծաղկած, վաղը չորացած, մյուս օրն էլ կրակի կմատնվի ու Աստված հոգ է տանում այդ խոտը այդպես գեղեցիկ հագցնելու, ապա թերահավատներ, ինչու՞ չեք հավատում, թե ձեզ համար ավելի է հոգում։ ՈՒրեմն այդ կողմից հեթանոսների նման մի երկմտեք, ձեր Երկնավոր Հայրը գիտի, թե դուք ուտեստի ու զգեստի պետք ունեք ու հոգում է»։ Եթե Հիսուսի խոսքերը առանձին և տառական իմաստով վերցնենք, ապա երբ մեկ կողմից թերահավատության դեմ են մաքառում, մյուս կողմից էլ կարող են հանդգնության, ճակատագրապաշտության և ծուլության հանգել, որը երբեք հնարավոր չէ Հիսուսի մաքուր և արդար վարդապետությանը վերագրել։ Հիսուսի խոսքերի գաղտնիքը երկու ծայրերի համեմատական առման մեջ է։ Հիսուս ո՛չ անաշխատ վստահություն, ո՛չ անձնապաստան թերահավատություն, ո՛չ ներքին պետքերին ամբողջովին անձնատուր լինել, և ո՛չ էլ արտաքին պետքերի հանդուգն անհոգություն է պահանջում։ Այլ միայն ցանկանում է սովորեցնել, թե ներքին պետքերը նախապատվություն պետք է ունենան և արտաքին պետքերը մարդու ամբողջ մտադրությունը չպիտի գրավեն։ Մարդը իր աշխատանքին չի կարող վստահել, առանց Աստծու՝ մարդու աշխատանքն էլ արդյունք չի բերի։ Այդ բացատրությունը պարրունակվում է Հիսուսի քարոզի այս տողերի մեջ․ «Նախապես Աստծո արքայությունը, այսինքն՝ Ավետարանի կատարելությունը փնտրեցեք, և նրա քարոզած սկզբունքներին հետևեցեք»։ Մնացած բոլոր արտաքին կարիքները դրանից հետո են գալիս, որովհետև ինչպես կյանքն է կերակուրից կարևոր, մարմինը առավել հագուստից, նույնպես և ներքին կարիքները նախադաս են արտաքին կարիքներից։