Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 6:24

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային»։
   
   Տեսնո՞ւմ ես, թե Քրիստոս ինչպես է աստիճանաբար հեռացնում մեզ ներկա բարիքներին կապվածությունից և, հարստություններին արհամարհանքով վերաբերվելու մասին ընդարձակ քարոզ խոսելով, կործանում է արծաթասիրության տիրապետությունը: Հիսուս չբավարարվեց նրանով, ինչ նախկինում ասել էր այս մասին, չնայած որ նախորդիվ հնչեցված խոսքերը մեծաթիվ և խստաշունչ էին։ Այստեղ արդեն Փրկիչը հավելում է նաև այլ, առավել սարսափազդու դրդապատճառներ՝ արծաթասիրությունն արհամարհելու մասին: Ի՞նչը կարող է ավելի ապշեցուցիչ լինել այժմ արտասանված խոսքերից՝ այն դեպքում, որ հարստությունը, իսկապես, մեզ կարող է հեռացնել Քրիստոսին ծառայելուց: Եվ, միաժամանակ, ի՞նչը կարող է ավելի ցանկալի լինել, քան այն, որ մենք կարող ենք, արհամարհելով հարստությունը, ճշմարիտ տրամադրվածություն և սեր ունենալ դեպի Քրիստոս: Այն, ինչ միշտ ասել եմ, հիմա էլ կասեմ. մասնավորապես, հմուտ բժշկի նմանողությամբ, որը ցույց է տալիս, թե իր խորհուրդներն անտեսելու հետևանքով հիվանդություններ են առաջանում, իսկ խորհուրդներին հնազանդությունից՝ առողջություն է բխում՝ Քրիստոս և՛ օգուտը մեր առջև բերելով, և՛ վնասը մատնանշելով Իր ունկնդիրներին ուղղորդում է հնազանդվել Իր խոսքերին: Ուրեմն, նայի՛ր, թե Քրիստոս ինչպես է, խոչընդոտը վերացնելով, մատնացույց անում և սահմանում մեր օգուտը: «Հարստությունը ձեզ համար վնասակար է ո՛չ միայն այն պատճառով, - ասում է Նա, - որ այն ձեզ դեմ է զինում ավազակներին և ամբողջովին խավարեցնում է ձեր միտքը, այլ նաև առավելապես ա՛յն պատճառով, որ ունեցվածքի հանդեպ մոլուցքը, ձեզ անշունչ հարստության գերիները դարձնելով, հեռացնում է ձեզ Աստծու ծառայությունից։ Եվ, այդպիսով, արծաթասիրությունը երկակի է վնասում ձեզ․ նախ նրանով, որ ձեզ ստրուկն է դարձնում ա՛յն ամենի, ինչին դուք պետք է տիրեիք, ու նաև նրանո՛վ, որ չի թույլատրում ծառայել Աստծուն, Ում դուք առավելապես պետք է ծառայեիք»:
   Այդկերպ Հիսուս նախկինում էլ էր ցույց տվել երկրի վրա հարստություն դիզողների կրկնակի վնասը՝ ըստ այնմ, որ, նախ, երկրի վրա հավաքված հարստությունը ցեցը քայքայում է, և երկրորդ, որ այդ արծաթասերները մեծապես վրիպում են՝ գանձեր չհավաքելով այնտեղ, որտեղ պահպանությունն ամենաանվտանգ է։ Այս նույն կերպ նաև այժմ էլ Քրիստոս ցույց է տալիս կրկնակի վնասը՝ նախ այն, որ հարստությունը մեզ հեռացնում է Աստծուց, և երկրորդ, որ այն մեզ ստրկացնում է մամոնային: Փրկիչը, սակայն, դա մատնացույց է անում ոչ թե միանգամից, այլ նախ արտահայտելով ընդհանուր գաղափարներ ու ասելով հետևյալը. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել»: Այստեղ «երկու տերեր» ասելով՝ Հիսուս նկատի ունի երկու տերերի, որոնք մեկը մյուսից բոլորովին հակառակ հրամաններ են տալիս, այլապես այդ տերերը «երկուսը» չէին լինի: Չէ՞ որ հավատացյալների բազմությունն ուներ «մեկ սիրտ և մեկ հոգի» (Գործք 4:32): Այսինքն՝ թեև հավատացյալները մարմնով բաժանված էին, բայց մտքով մեկ էին: Այնուհետև, առավել խորացնելով ասված միտքը, Փրկիչն ասում է, որ այդ դեպքում մարդը ոչ միայն չի ծառայի, այլև կատի և կարհամարհի: «Կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, - ասում է Նա, - կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի»: Այս երկու արտահայտություններում էլ Փրկիչը, կարծես թե, արտահայտում է մեկ և նույն գաղափարը, սակայն դա ոչ թե առանց պատճառի է անում, այլ նպատակ ունենալով ցույց տալ, թե որքան դյուրին է դեպի լավը փոխվելը: Եվ որպեսզի դու չասես, թե «ես մեկ անգամ և ընդմիշտ ստրկացած եմ հարստությանն ու անդառնալիորեն ճնշված եմ դրա կողմից», Հիսուս ցույց է տալիս, որ փոխվելը միանգամայն հնարավոր է, հնարավոր է թե՛ այս, և թե՛ այն կողմ անցնելը:
   Ուրեմն, այս ընդհանուր գաղափարն արտահայտելով՝ ունկնդրին մղելու համար Իր խոսքերի անաչառ դատավորը լինել և դատաստան տեսնել հենց գործի՛ հիման վրա, Քրիստոս, երբ տեսավ, որ ունկնդիրը համաձայն է Իր խոսքերին, անմիջապես բացահայտեց Իր միտքը. «Չեք կարող, - ասում է, - ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային»։ Խորհե՛նք և սարսափե՛նք, որ մենք ինքներս ստիպել ենք Քրիստոսին հարստությունը համեմատել Աստծու հետ: Եթե նույնիսկ պատկերացնելն է սարսափելի, ապա արդյո՞ք շատ ավելի սարսափելի չէ իրականում իսկ հարստությանը ծառայելը և նրա (հարստության) ինքնակալ տիրապետությունն Աստծու հանդեպ երկյուղից առավել նախընտրելի համարելը:
«Ուրեմն, ի՞նչ, - կարող է հարցնել մեկը, - մի՞թե դա տեղի չունեցավ նաև հին ժամանակներում»: Բնավ, ոչ: «Իսկ Աբրահամը և Հոբը ինչպե՞ս հաճեցան Աստծուն», - կհարցնես դու: Ինձ մի՛ հիշատակիր հարուստների մասին, այլ նրա՛նց, ովքեր ստրկորեն ծառայում էին հարստությանը: Հոբը հարուստ էր, բայց չէր ծառայում մամոնային. նա հարստություն ուներ և տիրում էր դրան, ասել է թե՝ Հոբը հարստության տերն էր, այլ ոչ թե ստրուկը: Հոբն այն օգտագործում էր որպես մի օտար ունեցվածքի կառավարիչ, նա ոչ միայն չէր հափշտակում ուրիշի ունեցածը, այլև սեփականն էլ տալիս էր կարիքավորներին։ Եվ որ ամենից հատկանշականն էր՝ Հոբն իր այդ ունեցվածքից հաճույք չէր ստանում, ինչպես որ այդ մասին վկայեց հեցն ինքը՝ ասելով. «Մի՞թե ուրախացա անսահման հարստությանս վրա» (հմմտ․ Հոբ 31:25): Ահա թե ինչու, երբ Հոբը կորցրեց հարստությունը, բնավ չտխրեց դրա համար: Մինչդեռ ներկայումս հարուստներն այդպիսին չեն. նրանք, ցանկացած գերուց էլ առավել դժբախտ լինելով, տուրք են վճարում մամոնային, ինչպես մի դաժան բռնակալի: Հարստության հանդեպ սերը, տիրելով նրանց սրտին՝ ասես մի ամրոցի, այնտեղից անդադար հրամաններ է տալիս նրանց, հրամաննե՛ր, որոնք լեցուն են անօրինությամբ, սակայն, այդուամենայնիվ, մերիօրյա հարուստներից ոչ ոք չի ընդդիմանում այդ հրամաններին:
   Ուրեմն, անտեղի տեղը մի՛ մտատանջիր քեզ: Աստված մեկ անգամ և ընդմիշտ ասել է, որ միաժամանակ Աստծուն և մամոնային ծառայելը չի կարող համատեղվել: Ուրեմն դու հակառակը մի՛ պնդիր, թե՝ «հնարավոր է այդ մեկտեղումը»։ Երբ մամոնան հրամայում է հափշտակել օտարի ունեցածը, իսկ Աստված հրամայում է տալ մինչև իսկ սեփական ունեցվածքը, երբ Աստված հրամայում է վարել բարեպատ կյանք, իսկ մամոնան՝ ապրել պոռնկությամբ, երբ մամոնան հրամայում է հարբել և կուշտ լինել, իսկ Աստված, ընդհակառակը, զսպել որովայնի ցանկությունները, երբ Աստված հրամայում է արհամարհել ներկա աշխարհային բարիքները, իսկ մամոնան՝ կառչել դրանցից, երբ մամոնան ստիպում է հիանալ մարմարներով, պարիսպներով և տանիքներով, իսկ Աստված՝ արհամարհել այդ ամենը և գնահատել ճշմարիտ իմաստությունը, այս ամենը նկատի ունենալով՝ դու ինչպե՞ս ես ասում, որ Աստծուն և մամոնային ծառայելը կարող է համատեղվել:
   Ավելին, Քրիստոս մամոնային «տեր» (ռուսերենում՝ իգական սեռով – «տիրուհի») է անվանում ո՛չ թե այն պատճառով, որ մամոնան իր էությամբ «տեր» է, այլ որպեսզի իր այս խոսքով մատնացույց անի մամոնային ծառայողների խղճալի վիճակը: Նմանապես նաև, որովայնն «աստված» է կոչվում ոչ թե ըստ իր արժանիքի, այլ նրան (որովայնին) ծառայողների խղճալի վիճակի պատճառով, ինչն առավել վատթար է, քան ցանկացած պատիժ, և ամենատանջալի եղանակով է տանջում գերեվարվածին։ Իսկապես որ, մի՞թե ամենադժբախտ դատապարտյալները նրանք չեն, ովքեր, Աստծուն ունենալով որպես Տեր, գահընկեց են անում Նրա մեղմաբարո իշխանությունը և կամովին հնազանդվում են ամենադաժան տանջանքին՝ նույնիսկ նկատի չառնելով այն հանգամանքը, որ իրենց այդ վարմունքի հետևանքով արդեն իսկ ներկա կյանքում նրանք մեծագույն վնասի են ենթարկում իրենց: Դրանից են ծագում անասելի վնասները, վիճաբանությունները, վիրավորանքներն ու կռիվները, չարչարանքն ու հոգու կուրությունը և, որ ամենից անտանելին է, մամոնային ծառայելը մեզ լիովին զրկում է երկնայի՛ն բարիքներից:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ՚ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ՚արհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն եւ՝ մամոնային»:
   
   Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կամ մեկին կատի ու մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի ու մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել թե՛ Աստծուն, թե՛ մամոնային:

   Ճշմարտասերներին հրամայում է ոչ միայն ունեցվածքն առատորեն աղքատներին բաշխել, այլև ինչքից ընդհանրապես հրաժարվել, քանի որ դժվար է, ասում է, և խիստ ծանր՝[երկուսին էլ ծառայել՝ և՛ ունեցվածքին, և՛ Աստծուն], որովհետև ունեցվածքը ստիպում է Աստծուն ծառայելուց հրաժարվել: Այսպես Պողոսը նաև ամուրիների և կանամբիների  1 մասին է գրում. «Ով ամուրի է, հոգում է Տիրոջ մասին, իսկ կանամբին հոգում է կնոջ մասին, թե ինչպես իր կնոջը հաճելի լինի» (հմմտ. Ա Կոր. 7։32-33), և [ամուսնացածին] խրատում է իբրև ողորմության կարոտ մեկի: Այսպես էլ Տերը կամենում է, որ ունեցվածքն արհամարհենք և Աստծուն մատուցվող հավատարիմ ծառայությունը սիրենք, այլապես [ունեցվածքը] երկու վնաս կհասցնի. իրեն ծառա կդարձնի, երբ նրան տիրել էր պետք, և Աստծուն ծառայելուց կհեռացնի, երբ պետք էր Նրան ծառայել: Որովհետև սրանք երկուսն են և ոչ թե մեկը և միմյանց հույժ ներհակ, ինչպես և ասում է [Տերը], որ ով մեկին սպասավորում է, հարկ է, որ մյուսին ատի, և եթե մեկին մեծարում է, մյուսին պիտի արհամարհի: Բայց սա ասելով՝ [նաև] ցույց է տալիս, որ հեշտ է [մեկից մյուսին] անցնելն ու դեպի լավը փոխվելը, որպեսզի ոչ ոք չասի, թե մի անգամ որ ծառայեց ունեցվածքին, այլևս չի կարող [նրանից] ազատվել: Ուստի [Տերը] կնիքը հետո է դնում. «Չե՛ք կարող ծառայել թե՛ Աստծուն, թե՛ մամոնային»: Ինչո՞ւ՝ կհարցնի մեկը: Որովհետև միևնույն պահանջները չեն ներկայացնում ծառայողներին, այլ մեկը մերկանալ է հրամայում, մյուսը՝ հափշտակել, մեկը՝ պարկեշտանալ, մյուսը՝ պոռնկանալ, մեկը՝ որկորին չափ դնել, մյուսը՝ շվայտանալ: Ինչպես որ հնարավոր չէ միևնույն ժամանակ հռոմայեցիների և ասորիների լեզուներով խոսել, մեկ ականջով ներհակ ձայներ լսել և մի ձեռքով երկու արհեստով զբաղվել, այդպես էլ անհնար է մի հոգով ու կամքով ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային, և երբ կամքերն իրարից բաժանում են, բաժանում են նաև նրանց, ում ծառայում են:

   Իսկ եթե մեկը հարցնի. «Հապա ինչպե՞ս է, որ շատերը սրանով արդարացան, ինչպես Հոբը, Կոռնելիոսն (Հոբ 1։3, Գործք 10։1-2, Ծննդ. 12։16) ու Աբրահամը», նախ սա կասենք: Նրանք թեպետ ունեցվածք ունեին, սակայն ունեցվածքի ծառա չէին, այլ այն Աստծո համար էին գործածում. որովհետև ոչ թե նա է ագահ, ով ունեցվածք ունի, այլ ով փափագում է հավաքել և ո՛չ բնավ բաշխել: Երկրորդ՝ փրկվածներին հիշում ես, իսկ կախաղան ելածներին՝ ո՞չ. եթե մեկը փրկվել է, ապա շատերը նրանք են, որ կործանվել են՝ ըստ այսմ. «Ավելի դյուրին է, որ մալուխն անցնի ասեղի ծակով, քան որ հարուստն Աստծո արքայություն մտնի» (Մատթ. 19։24), «Ով չհրաժարվի իր բոլոր ինչքերից, չի կարող Իմ շակերտը լինել» (Ղուկ. 14։33), և թե՝ «Անմի՛տ, այս գիշեր հոգիդ կպահանջեն քեզնից, իսկ ինչ որ հավաքել ես, ո՞ւմն է լինելու. այսպիսին է ամեն ոք, ով իր համար գանձեր է հավաքում և Աստծով չի հարստանում» (Ղուկ. 12։20-21):

   Իսկ «մամոնա» է [Տերը] կոչում մեծ հարստությունը կամ էլ Բանսարկուին, ով «այս աշխարհի իշխան» կոչվեց  (Հովհ. 12։31, 14։30), և այդպես է նրան կոչում Ինքը Տերը՝ ո՛չ ըստ բնության, այլ նրանց պատճառով, ովքեր [սատանայի] ծառայության տակ են մտնում և իրենց ի սպաս դնում նրան՝ ըստ այսմ. «Ով մեղք է գործում, մեղքի ծառան է» (Հովհ. 8։34): Մի ուրիշ բան էլ է սովորեցնում. այն, որ հույժ ծանր է ունեցվածքին սպասավորելը, այն դժոխաբեր բեռան պես ճնշում է հոգին մարմնով հանդերձ՝ ըստ այսմ. «Այս աշխարհի հոգսերը և հարստության պատրանքները խեղդում են» (Մատթ. 13։22) միտքը և ընկղմում մեծ տրտմության կրքի պատճառով՝ կամ ունեցվածքից զրկմամբ, կամ գործերի համար տքնանքով, կամ խղճմտանքի դատաստանով, կամ հանդերձյալ տանջանքների պատճառած սոսկումով, այնքան, որ մեկը բնավ չի կարողանում իրեն հանել [այդ վիճակից]: Իսկ Աստծուն սիրով ծառայելը թեթև է, դյուրին և վեր հանող, ո՛չ միայն [հավիտենական կյանքի] հույսի պատճառով, այլ արդեն իսկ [այստեղ, բարի] գործերի պատճառով, [դրանք կատարողը] միշտ զվարթ և ուրախ է՝ ինչպես հաճելի բաներում, այնպես էլ վշտալի՝ ըստ այսմ. «Ուրախ եմ ծեծի, բանտի, չարչարանքների համար» (հմմտ. Բ Կոր. 6։5, Կող. 1։24), և դարձյալ՝ «Ուրախ եղան, երբ Տիրոջ համար արժանացան ծեծ ուտելու» (հմմտ. Գործք 5։41), և թե՝ «Ո՞վ կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, կարի՞քը, վշտե՞րը, թե սուրն ու այսպիսի այլ բաներ» (հմմտ. Հռոմ. 8։35):
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ՚ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ՚արհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն եւ՝ մամոնային»:
   
   «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային»:
Մամոնան, եբրայերենից հարստություն է թարգմանվում: Արդ, ողորմության մասին էր պատվերը, որ կատարվում է Աստծուն ծառայելով, իսկ ինչքերի դիզումը և պահպանումը՝ սատանային ծառայելով: Այդ պատճառով և սաղմոսերգուն պատվիրեց՝ ասելով. «Եթե հարստությունն առվի պես իսկ հոսի, թող մեր սրտերը չցանկանան» (Սաղմ. 61։11): Այս պատճառով էլ ասվեց՝ չեք կարող [երկու] տիրոջ ծառայել. ողորմություն անել, որ լինում է Աստծու հրամանին ծառայելով, և դիզել՝ պահելու համար, որով ծառա է դառնում բանսարկուի հրամանին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ՚ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ՚արհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն եւ՝ մամոնային»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:19