Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 61

ԱՍՏՈՒԱԾ՝ ՄԻԱԿ ՅՈՅՍԸ
   

1․ Այսուհետեւ՝ Իդիթոմի մասին սաղմոս Դաւթի
2․ Միայն Աստծո՛ւն հնազանդ եղիր, հոգի՛ իմ, քանզի նրանից է փրկութիւնս:
3․ Նա է Աստուածն իմ ու փրկիչն իմ, ապաւէնն իմ, որ էլ չսասանուեմ:
4․ Մինչեւ ե՞րբ ամէնքդ պիտի յարձակուէք մարդու վրայ՝ կործանելու նրան թեքուած պարսպի ու խախտուած ցանկապատի պէս:
5․ Նրանք ինձ պատուից զրկելու մասին էին մտածում միայն՝ տոչորուելով նախանձից: Իրենց բերանով օրհնում էին, բայց իրենց սրտով անիծում:
6․ Սակայն իմ հոգին հնազանդ կը մնայ Աստծուն, քանզի նրանի՛ց է իմ համբերութիւնը:
7․ Նա է Աստուածն իմ ու փրկիչն իմ, ապաւէնն իմ, որ չսասանուեմ:
8․ Աստծուց է զօրութիւնն ու փառքն իմ, Աստուած է օգնականն իմ եւ Աստծու վրայ է յոյսն իմ:
9․ Ձեր յոյսը դրէ՛ք նրա վրայ, ժողովուրդների ո՛ղջ բազմութիւններ, բացէ՛ք նրա առջեւ սրտերը ձեր, քանզի Աստուած օգնականն է մեր յաւիտեանս յաւիտենից:
Հանգիստ
10․ Սակայն ունայն են մարդկանց որդիները, սուտ են որդիները մարդկանց, իրենց կշռով անարդար են եւ իրենք ամէնքն էլ ունայնութեան մէջ են:
11․ Յոյս մի՛ դրէք անիրաւութեան վրայ, յափշտակութիւն մի՛ ցանկանաք, եթէ հարստութիւնն առուի պէս իսկ հոսի, թող ձեր սրտերը չցանկանան:
12․ Մի անգամ խօսեց Աստուած, եւ [այս երկու բանը լսեցինք]:
13․ Աստծունն է զօրութիւնը,
եւ քոնն է, Տէ՛ր, ողորմութիւնը,
[և] դու ես հատուցում իւրաքանչիւրին ըստ իր գործերի։