Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 6:32

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում, և որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք»։
   
    Այն բանից հետո, երբ Հիսուս «դիպավ», արթնացրեց ու խստորեն հանդիմանեց Իր ունկնդիրներին, մյուս կողմից էլ, սակայն, մխիթարում է նրանց՝ ասելով. «Ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք»: Նա չասաց՝ «Աստված գիտի», այլ՝ «Հայրը գիտի», որպեսզի այդպիսով մեծ հույս արթնացնի նրանց (ունկնդիրների) մեջ: Իսկապես, եթե Աստված Հայր է, ընդ որում՝ ամենագետ և հոգատար Հայր, ապա Նա չի կարող անտեսել նեղությունների մեջ գտնվող Իր զավակներին, մանավանդ որ նույնիսկ մարդիկ, հայր լինելով, դա չեն անում: Միաժամանակ Քրիստոս բերում է նաև մեկ այլ ապացույց: Ո՞րն է դա: Ա´յն, որ «դուք այդ ամենի կարիքն ունեք»: Փրկչի խոսքերի իմաստը սա է. արդյոք այդ ամենն ավելո՞րդ է, որ Աստված անտեսի այն: Աստված նույնիսկ ավելորդն էլ չի անտեսում, ինչպես, օրինակ՝ ծաղիկների գեղեցկությունը, իսկ այստեղ խոսքը անհրաժեշտի´ մասին է: Այսպիսով, այն, ինչը քեզնից հոգատարություն է «պահանջում», իմ կարծիքով, պետք է հեռու վանես քեզնից` նման մտատանջությունների մեջ չընկնելու համար: Եթե դու ասես. «Ես պետք է հոգ տանեմ սննդի և հագուստի մասին, քանի որ դրանք կենսական անհրաժեշտություն են», ապա ես կասեմ ընդհակառակը. հենց ա´յն պատճառով, որ դրանք կենսական անհրաժեշտություն են, դու չպետք է հոգ տանես դրանց մասին: Եթե դրանք նույնիսկ ավելորդ լինեին, ապա և այդ դեպքում կարիք չէր լինի հուսահատվել, այլ` ամրակուռ հույսով սպասել դրանց տրամադրմանը (Աստծու կողմից): Իսկ քանի որ դրանք կենսական անհրաժեշտություն են, ապա դրանց վերաբերյալ տարակուսանք ունենալն ընդհանրապես անտեղի է: Ո՞ր հայրը չի ցանկանա իր երեխաներին տալ այն, ինչ անհրաժեշտ է: Այդպես էլ Աստված կարիք ունեցողին անպայմանորեն կտա անհրաժեշտ ամեն բան: Նա Ինքն է բնության Ստեղծողը և կատարելապես գիտի բնության կարիքները: Դու չես կարող ասել, որ թեև Աստված Հայր է, իսկ այն, ինչ մենք «պահանջում» ենք, իսկապես անհրաժեշտ է մեզ, այդուհանդերձ, սակայն, Նա չգիտի, որ մենք այդ ամենի կարիքն ունենք: Նա, Ով գիտի բնությունն իր ողջ էությամբ, Նա, Ով արարել և կարգավորել է այն, ակնհայտորեն ավելի լավ գիտի բնության կարիքները, քան դու, որ կարիք ունես սննդի և հագուստի: Չէ՞ որ Աստված Ի´նքն կամեցել քո (մարդկային) բնությանն այդպիսի կարիքներ տալ: Նա չի հակասի Ինքն Իրեն՝ մեր բնությանը զրկելով իրեն անհրաժեշտ և կենսական պահանջմունքներից, քանի որ Ինքն իսկ է այն (մարդկային բնությունը) կազմավորել այդպիսի կարիքներով:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:33
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

որովհետեւ հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:31
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

որովհետեւ հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:19