Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 6:4

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի»։
   
   Ուշադրություն դարձրու, թե այստեղ ինչպիսի վարձատրություն է խոստացվում: Հիշատակելով կեղծավորներին սպասվող պատժի մասին՝ Փրկիչը ցույց է տալիս նաև այն փառքը, որ սպասվում է գաղտնաբար ողորմություն տվողներին, որպեսզի թե՛ մեկ և թե՛ մյուս օրինակով ոգևորի Իր ունկնդիրներին և նրանց բարձրացնի դեպի Իր ուսմունքի առավել վսեմ հորիզոնները: Հիսուս Իր ունկնդիրներին ներշնչում է, որ Աստված ներկա է ամենուր, և որ մեր գործերը չեն սահմանափակվում միայն այս կյանքով, այլ այս կյանքից հետո մենք կանգնելու ենք սարսափելի դատաստանի առջև, հաշիվ ենք տալու մեր բոլոր գործերի համար և արժանանալու ենք կա´մ պատիվների, կա´մ պատիժների, և որ այդ ժամանակ մեր ո՛չ փոքր, ո՛չ էլ մեծ գործերը չեն կարող թաքնված մնալ, նույնիսկ եթե այս կյանքում դրանք ակնհայտորեն թաքնված էին մարդկանց աչքերից: Այս ամենի մասին Փրկիչն ակնարկեց, երբ ասաց. «Քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի»: Նա քեզ կպարգևատրի, երբ քո առջև ներկայացնի մեծասքանչ ու սրբազան մի պատկեր, երբ այն, ինչ հիմա ցանկանում ես, մեծ առատությամբ պարգևի քեզ: Դու ի՞նչ ես ցանկանում, - ասում է Նա: Այն, որ ինչ-որ մեկը տեսնի քո գործե՞րը: Ահա քեզ համար կա մի Դիտորդ՝ Ինքը՝ ամենքի Աստված, և ոչ թե հրեշտակները կամ հրեշտակապետերը: Իսկ եթե դու ցանկանում ես, որ մարդիկ նույնպես լինեն քո «հանդիսատեսը», ապա Աստված ճիշտ ժամանակին կկատարի նաև այդ ցանկությունդ և նույնիսկ առավելագույն առատությամբ կբավարարի այն: Եթե հիմա ցանկանաս ցույց տալ քեզ (քո գործերը), ապա կարող ես «տեսանելի» լինել ընդամենը տասը, քսան կամ հարյուր մարդու: Իսկ եթե հիմա ջանաս «թաքցնել» քեզ (քո գործերը), ապա այս պարագայում Ինքը՝ Աստված, կհռչակի քո մասին ամբողջ տիեզերքի առջև: Ուստի, եթե դու հատկապես ցանկանում ես, որ մարդիկ տեսնեն քո առաքինությունները, ապա թաքցրո´ւ դրանք հիմա, որպեսզի դրանք բոլորի աչքին ավելի մեծասքանչ երևան այն ժամանակ, երբ Աստված դրանք բացահայտ դարձնի, բացահայտի և հռչակի բոլորի առջև: Այժմ քեզ տեսնողները, գուցե, քեզ կմեղադրեն սնափառության համար, բայց երբ տեսնեն, որ պսակվում ես փառքով, ոչ միայն չեն մեղադրի քեզ, այլև ամենքն էլ կզարմանան քեզնով:
   Այսպիսով, եթե դու կարող ես Աստծուց ստանալ ամենամեծ պարգևը և բոլորին զարմացնել` ընդամենը մի փոքր ժամանակ համբերելով, ապա մտածի´ր այն մասին, թե որքան անմիտ կլիներ զրկվել թե՛ մեկից, ու թե՛ մյուսից և, Աստծուց վարձատրություն խնդրելով քո արած բարի գործերի համար` փորձել դրանք ցույց տալ մարդկանց, և սա այն դեպքում, որ Ինքը՝ Աստված, նայում է դրանց: Եթե անգամ պետք է ցույց տաս քեզ, ապա, առաջին հերթին, պետք է քեզ ցույց տաս Հորը, հատկապես, երբ Հայրն ունի թե՛ թագադրելու, և թե՛ պատժելու իշխանությունը։ Նույնիսկ եթե Աստված չպատժեր սնափառության համար, այնուամենայնիվ, փառք փնտրողի համար անվայել կլիներ Աստծուն մարդկանցով փոխարինելը՝ ամենքին ստիպելով նայել սեփական արարքներին: Ո՞վ կարող է այնքան ողորմելի լինել, որ, անտեսելով թագավորին, որը ցանկանում է տեսնել իր փայլուն սխրանքները, ցանկանա, որ իրեն տեսնեն միայն աղքատներն ու մուրացկանները: Ուստի Փրկիչը մեզ հրամայում է ոչ միայն չցուցադրել ինքներս մեզ, այլ նաև ջանալ թաքնվել ուրիշներից, իսկ ահա ինքդ քեզ ցուցադրելու ցանկություն չունենալը և սեփական արարքները թաքցնելու ցանկություն ունենալը բնավ էլ նույն բաները չեն:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս»:
   
   Որպեսզի ողորմությունդ ծածուկ լինի: Եվ քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի:
   Սա չորս իմաստ է արտահայտում: Նախ՝ քարոզում է Աստծո ամենատես և կանխագետ զորությունը, որովհետև թեպետ դու գաղտնի ես տալիս, ասում է, սակայն դա հայտնի է ոչ միայն հրեշտակներին կամ հրեշտակապետերին, այլև Նրան, Ով նստում է երկնքում և տեսնում անդունդները:

   Երկրորդ՝ եթե անգամ քո ողորմությունն ուզում ես հանդիսավորապես անել, դա էլ է շնորհում. ոչ թե հրապարակում է տասնյակ կամ հարյուրավոր [մարդկանց] առաջ, ինչին դու ես ձգտում, այլ վարձդ հատուցելու է՝ բացահայտ ազդարարելով ամբողջ տիեզերքի առաջ, որ կա քո շուրջ: Որովհետև այժմ տեսնողներից շատերը քեզ բամբասում են իբրև թեթևամիտի, սնապարծի ու անձնագովի, բայց այն ժամանակ, երբ [քեզ] պսակված տեսնեն, ոչ միայն չեն պարսավի, այլև քո ծածուկ առաքինության վրա կզարմանան և շատ պատիվներով հարգելով կփառավորեն [քեզ]՝ ըստ այսմ. «Առանց քո լռության» (Երգ 4:1):

   Երրորդ՝ ասում է, որ ո՛չ ուրիշ մեկը, այլ Հա՛յրն է հատուցելու, Ումից են «բոլոր բարի տուրքերն ու կատարյալ պարգևներն իջնում ի վերուստ» (Հակ. 1:17): Այդպես քեզ նույնպես Նա է հատուցելու՝ ոչ թե շնորհ, այլ վարձատրության պարտքը՝ տեսանելի կերպով:

   Եվ չորրորդ՝ սրանցով [Տերը] քեզ համբերության մեջ է կրթում, որպեսզի հասկանաս, որ առաքինության բույսն իսկույն չէ, որ ընձյուղվում է, այլ ողորմության սերմը բազում ճգնություններից ու ջանքերից հետո է բազմապատիկ բերք տալիս՝ ըստ այսմ. «Առաքիր քո սերմը ջրերի վրա» (հմմտ. Ժող. 11:1), որպեսզի իր զորությունը երկար ժամանակների համար պարգևի: Միայն թե ժլատությամբ չլինի՝ ըստ առաքյալի  (Բ Կոր. 9:6), քանի որ ով հոգու համար առատապես է սերմանում, նրանից անապականություն կհնձ (Ա Կոր. 15:42-44):
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

«Եվ Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես»:

   
Երկնավոր Հայրը երբ տեսնում է, որ [ողորմությունը] սնափառության համար չես անում, այլ առաքինությամբ և աստվածային հրամանի համաձայն, քո տվածի փոխարեն քեզ հայտնապես կհատուցի հանդերձյալ հավիտյաններում կրկնապատիկ և եռապատիկ, իսկ դատաստանի ժամանակ ամենքի առջև պարծենալու [պատճառ] կունենաս. «Քանզի ողորմությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակ. 2:13), ինչպես ասում է Որոտման որդին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:3
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:1